Հոդված16:20, 22 Հունիս 2023
Կանայք և քաղաքականությունը Թուրքիայում․ Էրդողանի «հոգևոր դուստր» Մահինուր Օզդեմիրը
Վերընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ին ներկայացրեց Թուրքիայի նոր կառավարության կազմը։ 17 նախարարներից նորանշանակ 15-ը, չնայած տարբեր պաշտոններ են զբաղեցրել Էրդողանի կառավարման տարիներին, չեն գտնվել քաղաքական գործընթացների կիզակետում, ուստի նոր կաբինետը հիմնականում բնութագրվում է որպես «տեխնոկրատ»։
Կառավարության կազմի հայտարարումից հետո տեղական, միջազգային մամուլն անմիջապես կարևորեց, առանձնացրեց մի քանի նշանակում․ գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեք, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր, արտգործնախարար Հաքան Ֆիդան։ Իր հերթին, նախագահի գլխավոր խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշանակվեց ազգային հետախուզական ծառայության պետի պաշտոնում՝ Ֆիդանի փոխարեն։ Քալընը, որ արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ փորձառություն ունեցող գործիչ է, Ֆիդանի հետ միասին վերջին տարիներին հաճախ էր շրջանառվում այն անունների շարքում, որոնք կարող են լինել արժանի քաղաքական ժառանգ Էրդողանի համար։ Հետևաբար ողջ ուշադրությունն արդարացիորեն բևեռվեց Ֆիդանի և Քալընի շուրջ։
Միաժամանակ, սակայն, ուշադրության չէր կարող չարժանանալ նոր կառավարության միակ կին անդամը՝ ընտանիքի և սոցիալական ծառայության նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։ Վերջինս մամուլում հաճախ բնորոշվում է որպես նախագահ Էրդողանի «հոգևոր դուստր», ծնվել և քաղաքականությամբ է սկսել զբաղվել Բելգիայում, այնուհետև նշանակվել է Ալժիրում Թուրքիայի դեսպան։ Գյոքթաշը հայտնի է որպես «Եվրոպայում և Բելգիայում առաջին կին գլխաշորով պատգամավոր»։ Նա մեծ ուշադրություն է իր վրա բևեռել 2015թ․, երբ հեռացվել է բելգիական «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով։
Ստանձնելով ընտանիքի և սոցիալական ծառայության նախարարի պաշտոնը՝ իսլամական, պահպանողական և անթաքույց ազգայնական հայացքներով այս կինը թվիթերում գրել է, որ աշխատելու են «ուժեղ ընտանիք, ուժեղ Թուրքիա» սկզբունքով և ծառայելու են «մեծ Թուրքիայի» նպատակի համար։ Մահինուր Օզդեմիրը հավակնում է լինել Էրդողանի հռչակած «թուրքական նոր հարյուրամյակի» ազդեցիկ կին գործիչներից մեկը։
Ո՞Վ Է ՄԱՀԻՆՈւՐ ՕԶԴԵՄԻՐ ԳՅՈՔԹԱՇԸ
Ծագումով Էմիրդաղից Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը ծնվել է 1982թ․ Բրյուսելում։ Մեծացել է Սխարբեկ թաղամասում, որտեղ մեծապես բնակվել են թուրք ներգաղթյալները։
Սովորել է Բրյուսելի ազատ համալսարանում։ Մագիստրոսական կրթություն ստացել է նույն համալսարանի հանրային կառավարման բաժնում։ Նա քաղաքական գործունեություն է սկսել ծավալել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության (CdH) շարքերում։
2006թ․ ընտրվել է Սխարբեկի համայնքային խորհրդի անդամ։ Երեք տարի անց ընտրվել է Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր։
Բելգիայի ամենաերիտասարդ քաղաքական գործիչների շարքում իր տեղը գտած Մահինուր Օզդեմիրի մասին այդ տարիներին են հենց սկսել խոսել` բնորոշելով նրան որպես «Բելգիայի և Եվրոպայի միակ գլխաշորով կին պատգամավոր»։ Այն, որ Մահինուր Օզդեմիրը գլխաշորով էր տվել իր պատգամավորական երդումը, կրոնական սիմվոլների վերաքննարկման պատճառ է դարձել Բելգիայում։
Բրյուսելի խորհրդարանում նա գործունեություն է ծավալել սոցիալական խնդիրների, շրջակա միջավայրի, էներգետիկայի ոլորտներում աշխատանք իրականացնող հանձնաժողովներում։ Հիմնականում բարձրացրել է կանանց և երիտասարդների առավել լայն ներկայացվածության անհրաժեշտության հետ կապված հարցեր։
2010թ․ նա ամուսնացել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Ռահմի Գյոքթաշի հետ։ Աֆյոնքարահիսարի Էմիրդաղի շրջանում կայացած նրանց նշանադրության արարողությանը մասնակցել են նաև ԱԶԿ-ի՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Էդիբե Սյոզենը, շրջանային կառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Արդեն Ստամբուլում կազմակերպված նրանց հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել այդ ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա կինը՝ Էմինե Էրդողանը և դուստրերը՝ Սումայե Էրդողանն ու Էսրա Ալբայրաքը, բազմաթիվ հայտնի գործիչներ ԱԶԿ-ից ու «Ազգայնական շարժում» կուսակցությունից։
Մահինուրն ունի երկու երեխա։ Թուրքերենից և ֆրանսերենից բացի շատ լավ գիտի հոլանդերեն, անգլերեն և լատիներեն (1,2,3)։
ՕԶԴԵՄԻՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երբ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ոճրագործությունը պաշտոնապես չէր ճանաչել որպես ցեղասպանություն, «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության անդամ Մաքսիմ Պրևոն ֆրանսերեն հեռարձակվող RTL հեռուստաալիքի եթերում մի օր հայտարարել է, որ կուսակցության բոլոր անդամները պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ RTL-ի թեմատիկ հարցերին Գյոքթաշը երկու անգամ հրաժարվել է պատասխան տալ։ Կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ «ցեղասպանության ճանաչումը չի հանդուրժում անորոշություն»։
«Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության այդ ժամանակվա առաջնորդ Բենուա Լութգենը, իր հերթին, հայտարարել է, որ եթե իրենց շարքերում ժխտող կա, մեկ վայրկյանում գնալու է։ Այդ հայտարարությունից հետո Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը կուսակցությունից հեռացվել է (1,2,3):
Ի նշան բողոքի՝ Ստամբուլում Բելգիայի գլխավոր հյուպատոսության դիմաց կազմակերպված ակցիային մասնակցել է նաև Էրդողանի դուստրը՝ Սումայե Էրդողանը։ Ակցիայի ժամանակ պարզվել են պաստառներ հետևյալ գրություններով․ «Բոլորս Մահինուր ենք», «Մահինուր Օզդեմիրը մեր պատիվն է»։ Ակցիայի մասնակիցները վանկարկել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են․ «Ուղի՛ղ կանգնիր, մի՛ խոնարհվիր, Թուրքիան քեզ հետ է», «Մահինուր Օզդեմի՛ր, դու մենակ չես»։
Կուսակցությունից հեռացվելուց առաջ Մահինուր Օզդեմիրը նաև բոյկոտել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հայտարարված լռության րոպեն խորհրդարանում՝ նշելով, թե իբր «հայկական պնդումները հիմնավորված չեն դատարանի որոշմամբ»։
«Իմ հեռացումը սև բիծ է դարձել «Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության և Բելգիայի ժողովրդավարության պատմության մեջ։ Ես ամուր կանգնած եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքի ազատությունից»,- նշել է նա իր հայտարարությունում։
Օզդեմիրն անմիջապես ստացել է ԱԶԿ-ի բրյուսելյան գրասենյակի աջակցությունը։ Մայիսի 30-ին գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում էր․ «Բրյուսելում ԱԶԿ-ն աջակցում է պատգամավոր Մահինուր Օզդեմիրին։ Որևէ մեկը ստիպված չպետք է լինի հատուկ տեսակետ արտահայտել պատմության որևէ իրադարձության վերաբերյալ, որպեսզի իրավունք ունենա ծառայել իր հայրենակիցներին խորհրդարանում։ ՔԺԿ-ի գործողությունները վեր են դասում մի կրոնական և էթնիկ խմբի տառապանքները մյուսների տառապանքներից և լռեցնում են նրանց, ովքեր ունեն տարբերվող տեսակետ»։
Այս դեպքից մեկ ամիս հետո՝ 2015թ․ հուլիսի 23-ին, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Հուլիսի 18-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, իր հերթին, հայտարարել էր․ «Կարծում եմ, որ 1915-1917 թթ․ ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել է Օսմանյան կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանություն»:
ԹՈւՐՔԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՍ․ ԱՖՐԻԿԱՅՈւՄ
«Քրիստոնեական ժողովրդավարական» կուսակցության շարքերից հեռացվելուց հետո որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակած Մահինուր Օզդեմիր Գյոքթաշն արդեն հաջորդ ընտրություններին թեկնածություն չի առաջադրել։ 2019թ․ Բելգիայում իր կատարած աշխատանքների համար արժանացել է պետական Լեոպոլդի շքանշանին։ Նա մինչև 2019թ․ շարունակել է իր անդամությունը համայնքային խորհրդին։
Մահինուր Գյոքթաշն այնուհետև սկսել է ակտիվանալ Թուրքիայում։
Նրան Թուրքիայի նախագահ Էրդողանը 2019թ․ սեպտեմբերին նշանակել է որպես Ալժիրում Թուրքիայի դեսպան։ Այդպիսով դարձել է Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի առաջին կին դեսպանը։ Ընտանիքի և սոցիալական ծառայության նախարար նշանակվելուց հետո Ալժիրի նախագահ Աբուլմեջիդ Թեբունի կողմից պարգևատրվել է Ալժիրի առաջին աստիճանի Ջադիր ազգային շքանշանով։
Օզդեմիրը 2019թ․-ից Իսլամական համագործակցության կազմակերպության Կանանց խորհրդատվության հանձնաժողովի անդամ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |