Հոդված09:21, 30 Հունիս 2023
Էրդողանի «գաղտնիքների պահապանը». ո՞վ է Թուրքիայի նոր արտգործնախարարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո հրապարակեց նոր կառավարության կազմը։ Բազմաթիվ նոր նշանակումների շարքում առավել ուշագրավ էր արտգործնախարարի պաշտոնում Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարի՝ Հաքան Ֆիդանի նշանակումը։ Նա, ի դեպ, հայտնի է Էրդողանի «գաղտնիքների պահապան» բնորոշմամբ:
Ո՞Վ Է ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ
Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաազդեցիկ գործիչներից է։ 2010-2023 թթ․ նա ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) և մի շարք հաջող գործողություններ համակարգել Թուրքիայի սահմաններից դուրս։ 54-ամյա Ֆիդանը, ով, ինչպես նշվում է թուրքական մամուլում, հայրական կողմից ազգությամբ քուրդ է, իսկ մայրական կողմից՝ թուրք, ծնվել է 1968թ․ հուլիսի 15-ին Անկարայի Ալթընդաղ շրջանում։ 18 տարեկանում անցել է ծառայության Թուրքիայի զինված ուժերում որպես ենթասպա։ Սովորել է Կապի էլեկտրոնային ինֆորմացիոն համակարգերի դպրոցում և Ցամաքային զորքերի լեզվի դպրոցում, որտեղ 2001թ․-ից դասավանդվում են նաև վրացերեն, իսկ 2004թ․-ից՝ հայերեն։ Այնուհետև ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան, ապա՝ վերադառնալով Թուրքիա, մագիստրոսի աստիճան՝ Անկարայի Բիլքենթի համալսարանում: Պաշտպանել է «Հետախուզությունն ու արտաքին քաղաքականությունը․ անգլիական, ամերիկյան և թուրքական համակարգերի համեմատությունը» թեմայով թեզ, որտեղ շեշտել է Թուրքիայի ուժեղ արտաքին քաղաքականության համար հետախուզության ամրապնդման անհրաժեշտությունը՝ մասնավորապես նշելով, որ ՆԱՏՕ անդամ երկրների և ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններից կախումն ապագայում կարող է խնդիրներ առաջացնել պետության համար։ Դոկտորի գիտական աստիճան է ստացել 2006թ․ «Դիվանագիտությունն ինֆորմացիոն դարաշրջանում. տեղեկատվական տեխնոլոգիաների դերը պայմանագրերի հաստատման գործում» թեմայով գրված աշխատանքի պաշտպանությամբ։ Նա շարունակել է իր ակադեմիական աշխատանքները Վիեննայի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, Ժնևի ՄԱԿ-ի զինաթափման հետազոտությունների ինստիտուտում և Լոնդոնի «Verification Technologies» հետազոտական կենտրոնում: Դասավանդել է Անկարայի Հաջեթթեփեի և Բիլքենթի համալսարաններում։
2001-2003թթ․ Ավստրալիայում Թուրքիայի դեսպանատանը ծառայել է որպես ավագ քաղաքական և տնտեսական խորհրդական։ 2003թ․ նշանակվել է Թուրքական համագործակցության և զարգացման գործակալության (TİKA) ղեկավար, որն այդ ժամանակ գործում էր փոխնախագահ և արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի (Թուրքիայի 11-րդ նախագահ) վերահսկողության ներքո։
2007թ․-ից եղել է վարչապետ Էրդողանի խորհրդականը, իսկ 2010թ․-ից նշանակվել ԱՀԾ ղեկավարի խորհրդական, ապա՝ ղեկավար, երբ 42 տարեկան էր։ Նա համարվում է ամենաերիտասարդ ԱՀԾ ղեկավարը Թուրքիայի պատմության ողջ ընթացքում։ 13 տարի ղեկավարելով այդ կառույցը՝ համակարգել է մի շարք հաջող օպերացիաներ։ Ֆիդանի ղեկավարմամբ ԱՀԾ-ն ներգրավված է եղել անդրկուլիսյան մի շարք բանակցություններում թե՛ բարեկամ, թե՛ թշնամի պետությունների հետ։
Կարևոր է նշել, որ դեռևս Էրդողանի վարչապետության տարիներին Ֆիդանը եղել է նրա հատուկ բանագնացը PKK-ի («Քրդստանի բանվորական» կուսակցություն, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) հետ տարվող բանակցություններում։ ԱՀԾ-ում իր նախորդի՝ Էմրե Թաների և հետախուզության այլ պաշտոնյաների հետ Ֆիդանը մասնակցել է 2009թ․ PKK-ի բարձր մակարդակի ղեկավարների հետ բանակցություններին: Խաղաղության բանակցությունները, որոնք տևել են 2008-2015թթ․, նպատակ ունեին բանակցային լուծում գտնել երկիրը տասնամյակներ շարունակ հյուծող քրդական խնդրի համար․ այն է՝ զինաթափել խմբավորումը։ Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ բանակցություններն ապարդյուն անցան, և «ահաբեկիչ համարվող» քրդական ուժերի դեմ տարվող պայքարը մինչ օրս շարունակվում է։
Քրդական «Fırat Haber» գործակալության լրագրողներից Ամեդ Դիջլեն Եվրոպայում իր հեղինակած «2005-2015թթ․ Թուրքիա–PKK բանակցություններ» վերնագրով գրքում մանրամասներ է պատմել PKK-ի և ԱՀԾ-ի՝ Օսլոյում տեղի ունեցած գաղտնի բանակցություններից, որոնց մասնակցել է նաև Ֆիդանը։ Գրքում առանձնազրույցներից հատվածներ են ներկայացվում, որտեղ Ֆիդանն ասում է, որ Իմրալը կղզում հանդիպել է նաև Աբդուլլահ Օջալանին (քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, PKK-ի հիմնադիր-առաջնորդ, 1999-ից ցմահ դատապարտյալ է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում, հայտնի է Ապո մականվամբ)։
Հարկ է նշել, որ 2 տարի KCK-ին (Քուրդիստանի համայնքների միություն, որի մեջ են մտնում PKK, PYD, PJAK և PÇDK կուսակցությունները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ) հետևելուց հետո՝ 2009 թ․ ապրիլ ամսից սկսվեցին մի շարք քուրդ գործիչների ձերբակալություններ։ KCK-ն Թուրքիայում համարվում է PKK-ի քաղաքացիական թևը և մեղադրվում Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլի լեռներում հաստատված Մուրադ Քարայըլանից հանձնարարություններ ստանալու և դրանք իրականացնելու փորձի մեջ։ Դիարբեքիրի գլխավոր դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ Քարայըլանը պահանջել է այնպես անել, որ քուրդ երեխաները «լցվեն փողոցներ» և պահանջեն իրենց իրավունքները։ Դրանից բացի՝ նրանք մեղադրվում են ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ։ KCK-ի դեմ տարվող պայքարի շրջանակում տարբեր մասնագիտությունների տեր հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում մինչ օրս։
2012թ․ փետրվարի 7-ին Ստամբուլի հանրապետական դատախազներից մեկը Ֆիդանին կանչում է հարցաքննության 4 այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասին՝ որպես կասկածյալ KCK-ի դեմ տարվող հետաքննության շրջանակներում: Սակայն Էրդողանը հորդորում է չգնալ, քանզի հնարավոր է համարում Ֆիդանի ձերբակալությունը։ Ի վերջո, Էրդողանը, իբրև պատասխան, ընդունել է տալիս օրենք (6278 համարի օրենքը), որը պահանջում է վարչապետի թույլտվությունն ԱՀԾ և հանրային որոշ գործիչների նկատմամբ հետաքննություն անցկացնելու համար։ Ավելի ուշ վարչապետ Էրդողանն այս կապակցությամբ հայտարարում է․ «Իմրալը ուղարկողն էլ եմ ես, Օսլո ուղարկողն էլ... Ինչո՞ւ։ Ինչ-որ խնդիր կա։ Մենք պետք է հաջողենք մեր պայքարն ահաբեկիչների դեմ․․․ Իմ գաղտնիքների պահապանն է: Թուրքիայի Հանրապետության գաղտնիքների պահապանն է։ Թուրքիայի ապագայի գաղտնիքների պահապանն է․․․»։
Ֆիդանի անձնական կյանքից ևս շատ մանրամասներ հայտնի չեն։ Ինչպես նշվում է թուրքական մամուլում, ամուսնացած է Նուրան Ֆիդանի հետ, ունի 3 երեխա։ Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ Ֆիդանի որդին խիստ սահմանափակ հյուրերի ներկայությամբ ամուսնացել է Թուրքիայում, իսկ հարսանիքին ներկա է գտնվել նաև նախագահ Էրդողանն ու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այլ մանրամասներ ո՛չ Ֆիդանի կնոջ, ո՛չ երեխաների, ո՛չ էլ ծնողների մասին հայտնի չեն։
ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ
2015թ․ փետրվարի 10-ին, երբ Թուրքիայի վարչապետն էր Ահմեդ Դավութօղլուն, Ֆիդանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ցուցակով պատգամավորի թեկնածու դառնալու համար հրաժարական է տալիս ԱՀԾ ղեկավարի պաշտոնից։ Սակայն այս հանգամանքն առաջացնում է Էրդողանի զայրույթը, քանի որ Ֆիդանը նախապես թույլտվություն չէր ստացել նրանից։ Մարտի 9-ին Ֆիդանը գրավոր հայտարարություն է տարածում, որով հայտնում է, որ հետ է վերցնում թեկնածության դիմումը։ 2015թ․ մարտի 10-ին վերադառնում է իր պաշտոնին։
2016թ․ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի հետ, ով այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետն էր, ձերբակալվել է հեղաշրջումը կազմակերպողների կողմից։ Հեղաշրջման փորձի տապալումից հետո նա ազատ է արձակվել։ Քննարկումների համաձայն՝ հեղաշրջման փորձից առաջ ստանալով հետախուզական տեղեկություն՝ նա այդ մասին խոսել է Աքարի հետ, և շտաբից նրա վերադառնալուց հետո էլ սկսվել է հեղաշրջման փորձը։
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՀԾ ՂԵԿԱՎԱՐԸ
Ֆիդանի պաշտոնավարումն ԱՀԾ-ում սկսվել Է որոշակի բարդություններով, քանի որ արևմտյան և իսրայելական լրատվամիջոցներում նյութեր և հոդվածներ էին հրապարակվում, որոնք կասկածի տակ էին դնում նրա հավատարմությունը Թուրքիայի ավանդական գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների քաղաքական ուղեգծին: Իսրայելի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն սկզբում փակ հանդիպումներին, իսկ ավելի ուշ նաև հրապարակայնորեն պնդում էր, որ Ֆիդանն իրանամետ դիրքորոշում է որդեգրել 2008-2009թթ․, երբ եղել է կառավարման խորհրդի անդամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում։
Այնուամենայնիվ, նրա պաշտոնավարման հետագա տարիներին ԱՀԾ-ն դարձավ Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանային այլ ուժերի միջև երկխոսության առանցքային հարթակը։ Ֆիդանը նաև բազմիցս հանդիպել է իր սիրիացի գործընկերներին՝ անգամ 2022թ․ պաշտոնական Անկարայի և Դամասկոսի միջև Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բարձր մակարդակով քաղաքական բանակցություններից առաջ:
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԵՑՆՈՂ ՖԻԴԱՆՆ ԱՐԴԵՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է
Թուրքական «Pencere» թերթում Նուրայ Բաբաջանը «Բաներ, որոնք չեն գրվում Հաքան Ֆիդանի CV-ում» վերնագրված հոդվածում նշել է, որ Ֆիդանն ինքն է դիմել Էրդողանին ակտիվ քաղաքականություն մտնելու համար, իսկ հակառակ դեպքում ցանկացել է թոշակի անցնել։ Ինչպես երևում է, Էրդողանը չի մերժել Ֆիդանին։
Հոդվածի հեղինակը գրում է, որ Ֆիդանն իր ամենօրյա աշխատանքներից բացի, առանձնապես 5 կարևոր ուղղություն ունի, որոնցով զբաղվելու է՝ Հայաստան, Հունաստան, Եգիպտոս, Իրաք և Սիրիա։ Ընդգծվում է այն հանգամանքը, որ, եթե նա կարողանա արդյունքներ գրանցել այս ուղղություններով, նրա դիրքը կամրանա նաև կուսակցության ներսում։ Հայաստանի առումով կարևորվել է այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի շնորհավորանքն ու այցն Էրդողանի երդմնակալության արարողությանը «հեշտացրել է աշխատանքը», և սահմանադռան բացումը ներառվելու է օրակարգային խնդիրների ցանկում։
Հունիսի 5-ին Մևլյութ Չավուշօղլուի հետ պաշտոնական հանդիպումից հետո Ֆիդանը, առաջին անգամ ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց այս պաշտոնին նշանակվելու համար։ Խոսելով իր և Չավուշօղլուի տարիների մտերմության մասին՝ նա ասաց․ «Չավուշօղլուի հետ մեր ընկերությունն սկսվել է այն ժամանակ, երբ ես դեռ Բիլքենթի համալսարանում դոկտորական էի պաշտպանում։ Տարիներ անց նա՝ ԱԳՆ ղեկավար, իսկ ես ԱՀԾ ղեկավար նշանակվեցինք։ Նա պետական ու քաղաքական գործիչ է, և ամենակարևորը՝ որպես մարդ և ընկեր միշտ դրսևորել է առաքինի վարք և եղել է գերազանց: Այս պարտականության ընթացքում մեր պետության և մեր ժողովրդի ամբողջականության, անվտանգության և բարգավաճման համար նախագահի տեսլականին համապատասխան հնարավոր ամեն ջանք գործադրելու եմ»։
Ակնհայտ է, որ թուրքական այս գործիչը ոչնչով չի զիջելու իր նախորդներին։ Անշուշտ, այս նշանակումները ևս պատահական չեն, քանի որ տարիներ շարունակ քաղաքականության նուրբ արվեստին լավագույնս տիրապետող Էրդողանը կադրեր է պատրաստում, ովքեր արժանի հետնորդի թեկնածուներ կլինեն իր համար։ Այս տեսանկյունից, ամենից հաճախ էլ հենց շրջանառվում են Ֆիդանի և Քալընի անունները։ Իրենց խիստ և պետականամետ գործունեությամբ աչքի ընկնող գործիչների՝ նման կարևոր պաշտոններին նշանակումը բավական է հասկանալու համար, որ Թուրքիան ապագա քայլերում լուրջ հաշվարկներ է կատարում, իսկ արտաքին քաղաքական ոլորտը շարունակում է գերակա ուղղություն մնալ ներկայիս կառավարության համար, և փոփոխվող աշխարհակարգի ու տևական անկայունության համատեքստում անհրաժեշտ է լավագույնս պատրաստվել գալիք մարտահրավերներին։
Հայաստանի համար ևս հեշտ չի լինելու։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր արտգործնախարարի օրոք դեռևս չի գրանցել ակնհայտ ձեռքբերումներ, սակայն փաստ է, որ Ֆիդանը շարունակելու է Չավուշօղլուի որդեգրած դիրքորոշումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |