Հոդված15:56, 17 Հուլիս 2023
Նաքշբանդի շեյխի մահն ակտիվացրել է լաիցիզմի պաշտպանության շուրջ քննարկումները Թուրքիայում
Օրեր առաջ Թուրքիայում մահացել է այդ երկրում գործող ամենաազդեցիկ նաքշբանդիա [1] թարիքաթի [2] հինգ հիմնական համայնքներից մեկի՝ Մենզիլ համայնքի 74 ամյա առաջնորդ շեյխ Սեյիդ Աբդուլբաքի Էրոլը։ Նրա հուղարկավորության արարողությունը, որին մասնակցել է շուրջ 250.000 մարդ, կազմակերպվել է համայնքի «էմիրությունը» համարվող Ադըյամանի Քահթա շրջանի Մենզիլ գյուղում։
Իսլամական «Gavs-ı Sani» (մոտ․՝ իմաստուն) պատվանունով հայտնի Սեյիդ Աբդուլբաքի Էրոլի հուղարկավորության արարողությանը մասնակցել են Ադըյամանի նահանգապետ Օսման Վարոլը, քաղաքապետ Սուլեյման Քըլընչը, Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին։ Մենզիլ գյուղ է այցելել և Աբդուլբաքի Էրոլի որդիներին ցավակցել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուղարկավորության օրը դեպի Մենզիլ գնացող ճանապարհներին մեքենաների երկար խցանումներ են առաջացել։ Նրա մահից հետո միայն րոպեների ընթացքում «Թուրքական ավիաուղիները» հավելյալ թռիչք է կազմակերպել և իրականացրել դեպի Ադըյաման։
Շեյխ Աբդուլբաքի Էրոլի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներով են հանդես եկել իսլամական գաղափարներ ունեցող «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն, «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն և այլն։ Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Դավութօղլուն, որն իր հերթին հարում է նաքշբանդիա թարիքաթին, Էրոլին բնութագրել է որպես «երկրի կարծիք ստեղծող առաջնորդներից, որի տեղը դժվար է լրացնել»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում նշել է․ «Իր կյանքը կրոնական գիտելիքի և իմաստության ճանապարհին իսլամին ծառայելուն նվիրած, մեր երկրի հոգևոր առաջնորդներից Սեյիդ Աբդուլբաքի Էլհուսեյին հոջաէֆենդիին Ալլահից ողորմություն եմ խնդրում, ցավակցում եմ նրա ընտանիքին, նրան սիրողներին և բոլոր աշակերտներին։ Թող Ալլահը դրախտ դարձնի նրա գերեզմանը»։
Նաքշբանդի շեյխի նման բազմամարդ հուղարկավորությունը, պետական մակարդակով ձեռնարկված անվտանգության միջոցառումները և քաղաքական գործիչների ցուցաբերած ուշադրությունը դեպքին վերաակտիվացրել են Թուրքիայում Էրդողանի կառավարման տարիներին պետության և իսլամական միաբանությունների սերտաճման, պետական մակարդակով դրանց մեծ արտոնությունների և ազատությունների շնորհման, ինչպես նաև պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որպես սահմանադրական սկզբունք ամրագրված լաիցիզմի (աշխարհիկություն) պաշտպանության շուրջ գրեթե երբևէ չդադարող քննարկումները։
Քաղաքագետ, դոկ․դոց․ Ջանգյուլ Օրնեքը շեշտել է, որ Թուրքիայում այժմ լաիցիզմը բացի սահմանադրական նորմ լինելուց, ուժ չունի պետական կառավարման և հանրային կյանքում։
«Թարիքաթներն այս հուղարկավորությունները վերածում են ուժի ցուցադրության, որպեսզի ցույց տան, թե որքան ուժեղ են պետության ներսում և ուղերձ հղեն հանրությանը․․․ Բացահայտ մարտահրավեր են նետում լաիցիզմին, ցույց են տալիս իրենց ուժը»,-նշել է Օրնեքը՝ շեշտելով, որ Մենզիլն Ադըյամանում գրեթե առանձին պետություն է ստեղծել, ինչը նշանակում է «ռումբ դնել հանրապետության հիմքերի տակ»։
Քաղաքագետ Ֆաթիհ Յաշլըն, իր հերթին, ընդգծել է, որ այս տարիներին ընթացքում Թուրքիայում տեղի է ունեցել «ռեժիմի փոփոխություն»։
«Պետք է ընդունենք, որ Թուրքիան երկար ժամանակ է, ինչ լաիկ պետություն չէ։ Այսօր պետական ապարատը գրեթե բաժանված է թարիքաթների և համայնքների միջև։ Այս բաժանման գործընթացի ամենակարևոր դերակատարներից մեկն էլ Մենզիլ համայնքն է։ Մենզիլականները, ինչպես գրված է Ուղուր Մումջուի գրքում, «թարիքաթ-քաղաքականություն-առևտուր» եռանկյունու ճիշտ կենտրոնում են տեղ զբաղեցնում։ Նախագահ Ռ․Թ․ Էրդողանի ցավակցության գլխավորությամբ՝ քաղաքական գործիչների հայտարարությունները ցույց են տալիս, թե թարիքաթների և համայանքների գոյությունը ինչպես է նորմալացվել, օրինականացվել»,-նշել է նա։
Այս առումով հատկանշական է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո, երբ պետական ծառայությունից հեռացվեց շուրջ 125 հազար 678 մարդ, որոնք այս կամ այն կերպ կապված էին դիտարկվում հեղաշրջման փորձի կազմակերպման և Գյուլենական համայնքի հետ, առաջացած այդ բացը լրացրին մյուս կրոնական միաբանությունների ներկայացուցիչները։
Այսպես, ըստ գերմանական Deutsche Welle-ի թուրքերեն բաժնում 2022թ․-ին Ալիջան Ուլուդաղի հեղինակությամբ հրապարակված հոդվածի, հատկապես նաքշբանդիական Մենզիլ, Իսքենդերփաշա և Իսմաիլաղա համայնքների և նուրջուական Քուրդօղլու համայնքի անդամները մեծ ազդեցություն ձեռք բերեցին ոստիկանությունում, դատական համակարգում և բանակում։
Հոդվածում նշվում է, որ մասնավորապես դատական համակարգում ուժեղ են նաքշբանդիական Իսքենդերփաշա համայնքը, որի դպրոցն է անցել նաև Թուրքիայի գործող նախագահ Ռ․Թ․ Էրդողանը, և Մենզիլը, որը ավելի շատ Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցությամբ է ամուր դիրքեր գրավում։ Մենզիլի դիրքերն ուժեղ են նաև ոստիկանությունում։ Զինված ուժերում ակտիվ են նուրջուական Քուրդօղլու համայնքի անդամները, իսկ ժանդարմերիայում՝ Մենզիլի անդամները։
Սակայն Մենզիլ համայնքի «ամրոցը» երկրի առողջապահության նախարարությունն է։ Մենզիլի ներկայացուցիչները հատկապես ամրացրել են իրենց դիրքերը նախկին առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի (2002-2013) կառավարման շրջանում։ Անգամ ԱՆ-ի ինքնաթիռին TC-GVS անունն էր տրվել, որը հենց մահացած շեյխ Աբդուլբաքի Էրոլի պատվանվան հապավումն էր։ Այս առումով նշենք, որ Անկարայի կուլիսներում քննարկվող մի տեսակետ էր նաև այն, որ առողջապահության գործող նախարար Ֆահրեթթին Քոջան նշանակվել է հատկապես նախարարության մեջ մենզիլականների ցանցը ջլատելու և վերահսկողության տակ վերցնելու համար։
Ընդգծենք, որ 2019 թվականին համացանցում էր հայտնվել «Կրոնական-սոցիալական կազմակերպությունները, ավանդական կրոնական-մշակութային կազմավորումներն ու նոր կրոնական ուղղությունները» վերնագրով գաղտնի զեկույց, որը, ըստ գերակշիռ պնդումների, պատրաստել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի կրոնական գործերի վարչությունը (Diyanet)։ Այդ զեկույցում նշվում էր․ «Մենզիլը մեր երկրում նմանատիպ կառույցների մեջ ամենաշատ կողմնակիցներ ունեցողներից մեկն է»։
Նշենք, որ Մենզիլը Թուրքիայում գործող նաքշբանդիա թարիքաթի հինգ հիմնական համայնքներից (Իսքենդերփաշա, Էրենքյոյ, Սուլեյմանջըն, Իսմաիլաղա, Մենզիլ) մեկն է։
Համայնքը հիմնադրվել է Ադըյամանում Աբդուլհաքիմ Էրոլի (1902-1972թթ․) կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Մուհամմեդ Ռեշիթ Էրոլը, իսկ վերջինիս՝ 1993թ․ Աբդուլբաքի Էրոլը։ Մենզիլի կենտրոնը, ինչպես նշեցինք, Ադըյամանի Քահթա շրջանի Մենզիլ գյուղն է, սակայն այն տարածված է Թուրքիայի տարբեր նահանգներում և քաղաքներում։ Համայնքն աղոթատեղիներ՝ թեքքեներ, ունի նաև Եվրոպայի տարբեր երկրներում։
Մենզիլն ի սկզբանե աջակցել է Թուրքիայում գործող աջակողմյան գաղափարներով քաղաքական ուժերին։ Թուրք գիտնական Նիյազի Ուսթայի գրքերից մեկում նշվում է, որ մեծահասակ ուսուցիչները՝ մյուրիդները, աջակցել են 1980-90-ական թթ․ թուրքական քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալած իսլամիստական «Բարօրություն» կուսակցությանը, որը գլխավորում էր Նեջմեթթին Էրբաքանը, իսկ երիտասարդները՝ ազգայնական կուսակցություններին։
Վերջին տարիներին Մենզիլն աջակցում է Թուրքիայում այժմ իշխող «Ժողովուրդ» դաշինքին, լավ հարաբերություններ ունի Ռ․Թ․ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ։ Համայնքն իշխանությանն աջակցություն է հայտնել 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ և հետո, 2017թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, 2018թ․ հունիսի 24-ի ընտրություններում, ինչպես նաև 2023թ․ մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ։
Ծանոթագրություն
[1] Նաքշբանդիան սուննիական 12 մայր թարիքաթներից մեկն է: Ձևավորվել է 14-րդ դարի վերջերին Կենտրոնական Ասիայում՝ Թուրքեստանում, և անվանվել հիմնադրի` Բահա ադ-Դին Նաքշբանդիի անունով: Թեև 1925 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 677 օրենքով քեմալական աշխարհիկացմանև արևմտականացման բարեփոխումների շրջանակում սուֆիական միաբանությունների գործունեությունը Թուրքիայում արգելվել էր, նաքշբանդիան դարձել էր ընդհատակում գործող ամենաազդեցիկ միաբանություններից մեկը: Այն Թուրքիայի սոցիալ-քաղաքական կյանքում ազդեցիկ ուժ դարձավ 1960 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Մասնավորապես՝ 1952թ. թարիքաթի առաջնորդ Աբդուլազիզ Բեքքինեի մահից հետո նոր առաջնորդ դարձած իմամ Մեհմեթ Զահիդ Քոթքուի ջանքերով դրվեցին «Ազգային տեսակետ» իսլամական քաղաքական շարժման հիմքերը, որի գաղափարական հիմքի վրա ձևավորված «Ազգային կարգի», «Ազգային Փրկության», «Բարօրություն» կուսակցությունները պայմանավորեցին Թուրքիայի քաղաքական կյանքի ընթացքը 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում (1)։
[2] Իսլամի պատմության առաջին 300 տարիների ընթացքում ձևավորված կրոնաիրավագիտական դպրոցներից՝ սուննիական (հանաֆիականություն, մալիքիականություն, շաֆիականություն, հանբալիականություն) և շիայական (ջաֆարիականություն, իսմաիլիականություն և այլ փոքր խմբեր) մազհաբներից զատ, առանձնանում են իսլամական միստիցիզմի (սուֆիզմ) ուսուցման կանոնավոր կառույցները՝ թարիքաթները։ Թարիքա(թ) (արաբ․՝ طريقة) տերմինը նշանակում է «ճանապարհ(ներ)», կիրառվում՝ «դեպի Աստված տանող ճանապարհ» իմաստով։ Այն ենթադրում է տարբեր բարոյահոգեբանական մեթոդներ, որոնց օգնությամբ սուֆին կարող էր հասնել իր վերջնական նպատակին, այն է` անէանալ Աստծո մեջ: Ի տարբերություն մազհաբների, որոնք քննում են դավանաբանական և կրոնաիրավական հարցեր՝ հենվելով սուրբգրային աղբյուրների վրա՝ թարիքաթները զբաղվում են հոգևոր պրակտիկայով և հենվում ներըմբռնման, ոգեշնչման և շարիաթի վրա (1)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |