Հոդված18:45, 25 Հուլիս 2023
Թուրքիան ընդլայնում է իր ռեգիոնալ դերակատարումը դեպի միջազգայինի
Նկատելի է, որ թուրքական դիվանագիությունը վերջին տարիներին շեշտակի հաջողություններ է գրանցում։ Այդ պետությունն ունի կարողունակ դիվանագիտություն, որն ի սկզբանե կարողանում է իրեն ծառայեցնել անհրաժեշտ բոլոր լծակները բարեկամ, թեկուզև ոչ բարեկամ պետությունների հետ հարաբերություններում: Բնականաբար սա ունի իր պատճառները, որոնք էլ կփորձենք դիտարկել հոդվածում։
2022թ. փետրվարի 24-ից մինչ օրս Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող «Հատուկ օպերացիա»-ն դուրս չմնաց թուրքական իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգից և հմտորեն ծառայեցվեց միջազգային հանրության աչքերում Թուրքիայի դերի բարձրացմանը: Ռազմական գործողությունների սկսվելուն պես հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, շտապեց պայքարի մեջ մտնել Ռուսաստանի դեմ՝ կիրառելով մի շարք տնտեսական պատժամիջոցներ։ Այս ամենին զուգահեռ անկախ ամենից թե ով, կամ որ պետությունն է սահմանափակումներ կիրառում Ռուսաստանի դեմ, Թուրքիան մասամբ հրաժարվեց այն կիրառելուց։
Թուրքիայի ներկայիս նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2022-ի մարտի 1-ին, ԱՄՆ-ի կողմից ընդունելով միայն որոշ ապրանքների ցուցակ, պարտավորվել էր դրանք չարտահանել դեպի Ռուսաստան և չներկրել դրանք Ռուսաստանից։ Մինչ ողջ աշխարհը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գազի սահմանափակման և հացահատիկի ճգնաժամի մասին է մտածում և տապալում բանակցությունները՝ Ռուսաստանի հետ հացահատիկի ապահովման ու գազի շուրջ, Թուրքիան կարողանում է հասնել հաջողության:
Քանի որ «Հատուկ օպերացիայի» սկսվելուն պես Արևմուտքը պատժամիջոցներ էր կիրառել Ռուսաստանի դեմ, ռուսական իշխանությունները 2022թ. մարտին որոշում կայացրին մինչև նույն տարվա օգոստոսի 31-ը արգելել ցորենի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ՝ պատճառաբանելով, որ իրենք չեն ցանականում որպեսզի ցորենը հայտվնի այլ՝ երրորդ երկրների տարածքում (նկատի են առնվել այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել)։
Առհասարակ Ռուսաստանը և Ուկրաինան համարվում են աշխարհում հացահատիկի խոշոր արտահանողներ, ուստի ռուս-ուկրաինական պատերազմը դրա արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ առաջ բերեց: Ռուսաստանը շրջափակել էր Ուկրաինայի այն նավահանգիստները, որոնք օգտագործվում էին Սև ծովի տարածքով մատակարարումներ իրականացնելու համար և մատակարարումների վերականգնումը կապում էր Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկման հետ: Իրավիճակի օրհասական լինելու պատճառով կոչով հանդես էր եկել նույնիսկ Հռոպի Պապ Ֆրանցիսկոսը. «Հացահատիկը չօգտագործել որպես զենք պատերազմում»:
Նման բազմաթիվ այլ հայտարարություններից հետո հացահատիկի մատակարարումները վերականգնելու նպատակով Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ մտնելու փորձ արեց նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որը սակայն հաջողություն չունեցավ: Հաջող բանակցային գործընթացը վիճակվեց միայն Թուրքիային: 2022-ի հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգի միջոցով քննարկեցին իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Սև ծովի տարածքով հացահատիկի արտահանման համար «հացահատիկային միջանցք»-ի ստեղծման հետ կապված մի շարք հարցեր: «Հացահատիկային միջանցքի ստեղծման համար գործողությունների անցնելու ժամանակն է»,- ընդգծել էր Էրդողանը:
Նույն օրը Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց ունեցավ նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, Թուրքիայի միջնորդությամբ Ստամբուլի Քալեմդեր պալատում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև մարտի 29-ի վերջին հանդիպումից ի վեր առաջինն էր: Ի տարբերություն մարտի 29-ի պատերազմի դադարեցման օրակարգ ունեցող հանդիպմանը, վերջինս կայացել էր հացահատիկային միջանցքի բացման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Մինչ Ստամբուլ մեկնելը ռուսական կողմը հայտարարել էր առաջարկությունների փաթեթի մասին, որն իրենց հետ պետք է տանեին Ստամբուլ, ուկրաինական կողմը նախքան հանդիպուը խոսել էր անվտանգային երաշխիքների և Ռուսաստանի նկատմամբ վստահության բացակայության մասին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, թե «մեծ ջանքեր ենք գործադրում» անվտանգ միջանցք բացելու ուղղությամբ, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Նման հայտարարություններն արդեն իսկ խոսում էին առաջին իսկ բանակցությունների ընթացքում լուրջ առաջընթաց չգրանցելու մասին: Այդպես էլ եղավ:
Այնուամենայնիվ, Թուրքիայի միջնորդությունը 2022թ-ի հուլիսի 22-ին պսակվեց հաջողությամբ: Այդ օրը Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև «Հացահատիկային միջանցք»-ի մասին համաձայնագիր ստորագրվեց: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այսպիսով, ըստ համաձայնագրի՝ Սև ծովում պետք է ապաշրջափակվեին ուկրաինական Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստները, որոնք Ռուսաստանը շրջափակել էր դեռևս «Հատուկ օպերացիայի» սկզբում։ Մոսկվան և Կիևը պետք է երաշխավորեին ու հետամուտ լինեին բեռնատար նավերի անցման երթուղու հրադադարին՝ (բեռնվելու էր հացահատիկ, սննդամթերք և պարարտանյութ), պարտավորվելով նաև ականազերծել դրանք։
Հացահատիկի բեռնումը պետք է վերահսկվեր Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված խմբերի կողմից: Բեռնատար նավերը պետք է ուղեկցվեին բացառապես ուկրաինական նավատորմի կողմից։ Թուրքական կողմն իր հերթին պետք է ստուգեր Ուկրաինայի նավահանգիստներ ժամանող դատարկ նավերը, այդկերպ փորձելով փարատել Ռուսաստանի մտավախությունն առ այն, որ այդ նավերը կարող են օգտագործվել՝ Արևմուտքից զենք Ուկրաինա տեղափոխելու նպատակով:
Թվում էր, թե խնդիրը լուծվել էր այնպես, ինչպես Թուրքիան հավաստիացրել էր միջազգային հանրությանը, սակայն շուտով ռուսական կողմը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի մասնագետների ներգրավվածությամբ Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սևաստոպոլում անօդաչուները հարվածներ են հասցրել ռուսական Սևծովյան ռազմական նավատորմի և «Հացահատիկային միջանցք»-ի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերին։ Սրան հետևեց 2022-ի հոկտեմբերի 29-ին ՌԴ ՊՆ հայտարարությունը. «Հաշվի առնելով ս.թ. հոկտեմբերի 29-ին Կիևի ռեժիմի կողմից Մեծ Բրիտանիայի մասնագետների մասնակցությամբ իրականացված ահաբեկչական գործողությունը Սևծովյան նավատորմի նավերի և «Հացահատիկային միջանցք»-ի անվտանգության ապահովման գործում ներգրավված քաղաքացիական նավերի դեմ՝ ռուսական կողմը դադարեցնում է իր մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համաձայնագրի իրականացմանը»:
Կարևոր է նշել, որ այս հայտարարությանը 2022-ի սեպտեմբերին նախորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքը վերոհիշյալ համաձայնագրի կողմերին, ըստ որի՝ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է ոչ թե դեպի աֆրիկյան կարիքավոր երկրներ, այլ դեպի իր նախընտրած պետություններ:
Իրավիճակի նման կերպ զարգանալու պարագայում, Թուրքիան Ռուսաստանի հետ կրկին սկսեց բանակցել հացահատիկային միջանցքի վերագործարկման շուրջ: Եվ նոյեմբերի 2-ին Ռուսաստանը հայտնեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման վերսկսման մասին և չնայած ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի «Պարենային գործարքին ՌԴ-ի մասնակցության վերսկսումը չի նշանակում, որ այն երկարաձգվել է» խոսքերին, նոյեմբերի 18-ին համաձայնություն ձեռք բերվեց համաձայնագիրը ևս 120 օրով երկարացնելու շուրջ։
Ռուսաստանի նոյեմբերի 2-ի հայտարարությունից 3 օր անց Ստամբուլում կայացած քաղաքական համաժողովում Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադառնալով միջանցքի վերագործարկմանը, հայտարարել էր հետևյալը. «Մենք առանցքային դեր ենք խաղում դիվանագիտության մեջ՝ շնորհիվ մեր խաղաղ քաղաքականության։ Հացահատիկի ճգնաժամի կարգավորումը դիվանագիտական հաջողություն է»:
Նման հայտարարություններն էլ հենց բացահայտում են այն, թե ինչու է Թուրքիան միտումնավոր ներքաշվում աշխարհաքաղաքական խնդիրների մեջ և փորձում լուծել դրանք: Հատկանշական է, որ նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի ավերիչ երկրաշարժներից զոհվեց ավելի քան 50.000 մարդ, այդ երկիրը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել արտաքին աշխարհում կատարվող իրադարձություններին՝ անպայմանորեն հնարավորության դեպքում դրանցից օգտվելու համար:
Թուրքիայում ներկայիս իշխող ուժը նման առիթներն ամենօրյա կտրվածքով փորձում է օգագործել նաև երկրի ներսում հաջողություններ գրանցելու նպատակով: Մասնավորապես Թուրքիայի նախընտրական շրջանում անկացված բազմաթիվ հարցումների համաձայն՝ Էրդողանի վարկանիշն անկում էր ապրում, ինչն էլ կանխատեսելի էր դարձնում հետագա քաղաքականությունն այդ ուղղությամբ: Ըստ այդմ՝ մշտապես հարևան պետությունների հետ խնդրահարույց իրավիճակում գտնվող Թուրքիան ցույց էր տալիս թե մեղմում է իր դիրքերը և գնում այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորման: Պետք է ընդգծել, որ դրանք նաև այն երկրներն էին, որոնք օգնության ձեռք էին մեկնել Թուրքիային երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: Վառ օրինակներ կարող են համարվել Հայաստան-Թուրքիա և Թուրքիա-Հունաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները, որոնք ընթանում են մինչ օրս:
Ամփոփելով վերոնշյալ փաստերը, գործողությունները և դրանց հետևանքները՝ կարելի է ասել, որ Թուրքիան հետզհետե փորձում է կախման մեջ պահել միջազգային հանրությանը՝ ապագայում այն ևս իր օգտին ծառայեցնելու նպատակով:
Այդպիսի նպատակ հետապնդող քայլեր կարող են դրսևորվել ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական մի շարք հարցերում, ինչպես օրինակ՝ Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի և Թուրքայի կողմից պահանջվող «Զանգեզուրի միջանցք»-ի բացման հարցում, Արցախը և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված միջազգային հանրության կողմից հնչեցված կոչերն արհամարհելու հարցում, միջազգային իրավարար և պարտադիր վճիռները չկատարելու ու դրանք շրջանցելու հարցում, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների ոչնչացման պատրվակով նոր ռազմական գործողությունների սկսման հարցում (որոնք սակայն իրականում չեն ենթադրում անվտանգության ապահովմանն ուղված գործողություններ՝ այլ ունեն նոր տարածնքեր գրավելու նպատակ), Հունաստանի հետ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում, ԱՄՆ-ից նոր և լրամշակված F-16-ների ձեռքբերման, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) վետոյի իրավունքի կիրառման հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |