Հոդված14:02, 14 Սեպտեմբեր 2023
Մեղավորները մի օր անպայման վճարելու են իրենց կատարած հանցագործությունների համար. Դեմիր Սյոնմեզի հոդվածը
Ermenihaber.am-ը ներկայացնում է լրագրող, ֆոտոլուսանկարիչ և մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հոդվածը։
Միջազգային պաշարման և օկուպացիայի տակ գտնվող Արցախը
Արցախի պաշարումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմական խաղաղարար ուժերի պաշտպանության ներքո։ Այս պաշարումը լավ հասկանալու համար թեման պետք է լավ իմանալ/ճանաչել։ Այս պաշարումն ունի ռազմավարական նպատակ և սահմանում. այս պաշարումը միայն Ադրբեջանի կողմից նախաձեռնված և շարունակվող գործողություն չէ։ Մենք բոլորս կարող ենք հարցը ներկայացնել տարբեր կողմերից։ Բայց դա անելիս մենք պետք է հանրությանը ներկայացնենք բոլոր փաստերն իրենց ողջ իսկությամբ։ Ավելի հասկանալի կլինի սկսել ապրած իրողություններից՝ առանց թեման չափազանց բարդացնելու։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի 6-րդ կետը վերաբերում է Լաչինի միջանցքի խնդրին։ Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կփոխանցի Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելիք Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը, թեև չի անցնում Շուշայի տարածքով, մնալու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապելու է Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը առաջիկա երեք տարիների ընթացքում, իսկ հետագայում նախատեսվում է ռուս խաղաղապահների տեղակայում այդ տարածքում, որպեսզի պաշտպանի մուտքային և ելքային երթուղին։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով երթևեկող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն օկուպացվել և շրջափակվել է Ադրբեջանի և ռուս խաղաղապահ ուժերի կողմից։ Ադրբեջանի նպատակն է. Արցախում ապրող հայերին իրենց արմատներից պոկելով աքսորել կամ տնտեսական ու տրանսպորտային շրջափակման միջոցով շրջանի հայ ժողովրդին սովի ու ծարավի մատնել և նրանց զանգվածային մահացության պատճառ դառնալ` զրկելով նրանց առողջապահական տարրական պարագաներից և դեղամիջոցներից։ Նպատակն այս եղանակով այս հողերում ապրող հայերի գոյությանը վերջ դնելով ցեղասպանություն իրականացնելն է։
Ռուսական խաղաղապահ ուժե՞ր, թե՞ Ադրբեջանի ԶՈՒ
2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո ռուս խաղաղապահները ծառայում են ադրբեջանական շահերին և սադրանքներին, այլ ոչ թե տարածաշրջանի խաղաղությանը։ Հրադադարի համաձայնագրի համաձայն՝ Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը կապում է Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին, ապահովելու էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումներ են իրականացվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ Կրկին ռուս խաղաղապահների հսկողության տակ են Լաչինի միջանցքում Ադրբեջանի կառուցած անցակետերը։ Աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցների կողմից Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության (դեղորայք, մանկական սնունդ, առողջապահական և բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք) անցումն արգելափակված է ադրբեջանական զինուժի և պաշտոնական ուժերի կողմից ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքում։ Նույնիսկ պատերազմի ժամանակ Միջազգային Կարմիր մահիկի և Կարմիր խաչի մարդասիրական ջանքերը չեն խոչընդոտվել: ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Եվրախորհուրդին, ՄԱԿ-ին և միջազգային տարբեր կառույցներին արգելված է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տարածքում ստուգումներ անցկացնել և այցելել Արցախ։ Հիմա պետք է մտածել ու հարցնել՝ ո՞ւմ են ծառայում Պուտինի կառավարության ներքո գտնվող ռուս խաղաղապահները։ Պուտինյան վարչակազմն էր, որ վերջ դրեց պատերազմին 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Ռուսաստանն է, որ ունի ռազմական, տնտեսական և քաղաքական իշխանություն տարածաշրջանում։ Որոշիչ ուժը, որն իրականացրել է այս շրջափակումն ու օկուպացիան, Պուտինի վարչակազմն է։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական կոալիցիան տարածաշրջանը նոր աղետների մեջ ներքաշելու ծրագրեր է մշակում։ Տնտեսական, քաղաքական և էներգետիկ ճգնաժամը, որի մեջ ներքաշվում է Եվրոպան, եվրոպական երկրներին ավելի մեծ կախվածության մեջ է դնում Թուրքիայից և Ադրբեջանից։ Ուկրաինական շարունակվող պատերազմով Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների թուլացումն ամենաշատը ծառայում է Թուրքիային և Ադրբեջանին։ Եվրոպական երկրները, որոնք ունեն ադրբեջանական էներգառեսուրսների կարիք, ստիպված են եղել 50%-ով ավելացնել իրենց պատվերները։ Եվրոպական երկրների նավթի և գազի աճող պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանը խախտում է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական էմբարգոն՝ շուկայավարելով ռուսական նավթն ու գազը։ Ռուսաստանը նոր ներդրումներ է կատարում Թուրքիայում, որպեսզի ընդլայնի նավթի և գազի արտահանման ցանցը։
Զանգեզուրի միջանցքը միջազգային օկուպացիոն շարժում է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ
Զանգեզուրի միջանցքը, որը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծն է, Հայաստանի տարածքների օկուպացման նախագիծ է։ Զենգեզուրի միջանցք, կամ ինչպես թուրքերն են անվանում՝ Թուրանի ճանապարհը կամ Թուրանի միջանցքն է։ Զանգեզուրի միջանցքը պանթյուրքիզմի և թուրանիզմի նախագիծ է։ Պանթյուրքիզմը և թուրանիզմն ազգայնական գաղափարախոսություն է, որը ծնվել է 19-րդ դարում և որի նպատակն է ամրապնդել կապերը թյուրքալեզու մուսուլման երկրների միջև և նույնիսկ միավորել դրանք նույն պետության կազմում։ Այս գաղափարախոսությունը համարժեք է Ադոլֆ Հիտլերի պանգերմանիզմին։
Դա մի աշխարհաքաղաքական նախագիծ է, որի նպատակն է միավորել Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում ապրող թուրք և մուսուլման փոքրամասնություններին և Կովկասում ու Միջին Ասիայում ապրող թաթարներին մեկ պետության մեջ։ Պանթյուրքիզմի և թուրանիզմի գաղափարախոսության միակ խոչընդոտն այն է, որ Հայաստանը, որը մուսուլմանական կամ թուրքական չէ, պետք է ինչ-որ կերպ լիկվիդացվի։ Սա ճանապարհի և երկաթուղու նախագիծ է, որը կապելու է Ադրբեջանը և Նախիջևանը՝ անցնելով Հայաստանի տարածքով և Նախիջևանով կմիավորվի Թուրքիային։ Այս միջանցքով Թուրքիան ավելի հեշտությամբ է հասնելու Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ։ Զանգեզուրի միջանցքը հնարավորություն կտա թյուրքական երկրների նավթն ու բնական գազն ավելի հեշտ և ավելի քիչ ծախսատար ձևով վաճառել եվրոպական երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով, իսկ պատմական Մետաքսի ճանապարհը հնարավորություն է տալու մուտք գործել դեպի Եվրոպա այս միջանցքով: Զանգեզուրի միջանցքը կվերացնի նաև Իրանի և Հայաստանի սահմանները։ Այն, որ դա կդադարեցնի Իրանի կապը Հյուսիսային Կովկասի և Եվրոպայի հետ, կսպառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի ղեկավարությամբ ստորագրված համաձայնագրի 9-րդ կետում «միջանցք» բառը նշված չէ։ Մինչ համաձայնագրի տեքստում նշվում է «ցամաքային և երկաթուղային ուղիների բացում», որոնք կապահովեն փոխադրումներն Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար շրջանի միջև, համաձայնագրի 9-րդ կետում ներառված է նաև այն, որ «Տրանսպորտային հսկողությունն իրականացվելու է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային պաշտպանության ծառայության մարմինների կողմից»:
Թե ինչպես են ռուս խաղաղապահներն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը, մենք վերևում անդրադարձանք։ Այստեղ բառացիորեն գառները վստահված են գայլերին։ Սա պայմանագրի ամենավտանգավոր կետերից մեկն է՝ ինչո՞ւ է անկախ երկիր Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիների ու ցամաքային ուղիների անվտանգությունը փոխանցվում այլ երկրի։ Աշխարհի ո՞ր երկրում և տարածաշրջանում կա նման պրակտիկա։ Աշխարհի ո՞ր երկիրն ունի այլ երկրի տարածքում հատուկ տարանցիկ միջանցք, և նրա անվտանգությունը պատկանում է մեկ այլ երկրի: Եթե Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շարունակվեն այսպես, ապա սա կշարունակի վտանգ ներկայացնել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար։ Իհարկե, հարաբերությունները, որոնք ես փորձում եմ ամփոփել այստեղ, շատ ավելի խորն են, և պետք է հաշվի առնել նաև այլ դերակատարներին։ Այս խճճված հարաբերությունների կենտրոնական թիրախը Հայաստանի և Արցախի ժողովուրդն է։ Հայաստանն ու Արցախն թե՛ տարածաշրջանի, թե՛ եվրոպական երկրների համար ի վիճակի չեն սպասարկել իրենց շահերը՝ համեմատած այլ դերակատարների հետ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական և ո՛չ էլ մշակութային առումներով։ Ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերությունները որոշում են ռազմական, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, բնական հարստությունները և աշխարհաքաղաքական դիրքը: Այս շահախնդիր ու պատերազմական համակարգային ուժերին դիմակայելը հնարավոր է պատվախնդիր ու վճռական քաղաքականությամբ։
Մենք չպետք է մոռանանք, որ միշտ կա երկու աշխարհ՝ նրանք, ովքեր աշխարհը տանում են դեպի աղետի՝ հանուն իրենց իմպերիալիստական նպատակների և շահերի, և պատվախնդիր ժողովուրդներն ու ազգերը, որոնք դիմադրում են դրան: Ինչպես Հիտլերը, Մուսոլինին, Պինոչետը, Սադամը և այլք, ովքեր աշխարհը ներքաշեցին աղետի մեջ, նետվեցին պատմության աղբանոցը, այնպես էլ Ալիևի, Էրդողանի, Պուտինի և մյուսների վերջը նույնն է լինելու։
Արցախ․ չվերջացող պաշարում և օկուպացիա
Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանությունն ու հարձակումները շարունակվում են տարիներ շարունակ։ Այս պաշարման և օկուպացիայի գլխավոր դերակատարներն են Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, սակայն մյուս դերակատարներին ևս պետք չէ մոռանալ։ Հնարավոր չէ, որ այս պաշարումն ու օկուպացիան շարունակվեն առանց այդ դերակատարների նյութական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցության։ Հատկապես ուկրաինական պատերազմի և շարունակվող էներգետիկ և տնտեսական ճգնաժամի պատճառով եվրոպական շատ երկրներ լուռ հավանություն են տալիս Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ զարգացրած տնտեսական հարաբերությունների պատճառով։ Չպետք է մոռանալ նաև ադրբեջանական նավթագազային SOCAR ընկերության կողմից Եվրոպայում կաշառակերության և այլ անօրինական գործունեության մասին։ Բացահայտված փաստաթղթերի համաձայն՝ Ալիևի վարչակազմը միլիարդավոր դոլարների կաշառք է բաժանել տարբեր կառույցների՝ ԱՄՆ-ի և եվրոպացի պատգամավորների գլխավորությամբ։
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու Ալիևի կողմից արցախցիների դեմ իրականացված հանցագործությունները կոծկելու նպատակով այս կոռուպցիոն օպերացիայի անվանումը համաշխարհային հասարակական կարծիքում նշվում է որպես «խավիարային դիվանագիտություն»։ Այս կոռուպցիոն դիվանագիտությունն է պատճառներից մեկը, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ը լուռ են Ալիևի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ։ SOCAR նավթագազային ընկերության եվրոպական կենտրոնակայանը գործում է Շվեյցարիայում։ Ընկերությունն ունի ավելի քան 800 աշխատակից, ինչպես նաև շահագործվում է ավելի քան 200 գազալցակայան՝ Migros-ի և SOCAR-ի համագործակցությամբ։ Շվեյցարիայի և Ադրբեջանի միջև տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները շատ խորը հարթություն ունեն։ Շվեյցարիան կանգնած է պատմական պատասխանատվության առաջ։ Նա կա՛մ իր տնտեսական շահերի համար «կհաստատի» հայ ժողովրդի ցեղասպանությունը, կա՛մ քայլեր կձեռնարկի այս ցեղասպանությունը կասեցնելու համար։ Այս որոշումները գործում են նաև Թուրքիա-Շվեյցարիա հարաբերությունների համար։ Կրկին կարիք կա ասելու, որ Շվեյցարիան ունի ուժ և միջոցներ այս ցեղասպանությունը կասեցնելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմում իրավիճակն այլ չէր, իրականում ավելի երկյուղալի էր։ Ողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսների հոտի կողմից ցեղասպանություն էր իրականացվում մի ժողովրդի նկատմամբ։ Երկրների, մարդկանց, միջազգային կառույցների անգործությունը շարունակում է հավանություն տալ ջարդերին։ Հասկանալու համար եվրոպական երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, միջազգային կառույցների և աշխարհի այլ երկրների արձագանքներն ու մտադրությունները բավական է նայել նրանց հայտարարություններին։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և հայ ժողովրդին, շուրջբոլորը տիրում է կատարյալ լռություն ու անլուրջ արձագանք։ Բացի մի քանի երկրների հռետորաբանությունից՝ մենք ականատես չենք եղել ո՛չ լուրջ տնտեսական պատժամիջոցների, ո՛չ էլ լուրջ դիվանագիտական պատասխանների ագրեսոր ուժերի դեմ։ Ասես հարձակվողներին ասեին․ «Խնդրե՛մ, պարոննե՛ր, մատաղը ձեզ է պատկանում, ինչպես կուզեք, այնպես էլ մորթեք»։ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը լիակատար հուսահատության խորհրդանիշ է, նրանք ասացին՝ «թույլ տվեք մարդասիրական օգնությանը անցկացումը»։ Սրա դիվանագիտական բացատրությունը հետևյալն է՝ «պատերազմական վիճակը շարունակվում է, բայց մարդասիրական օգնությունը ևս թող շարունակվի»։ Այսինքն՝ շրջափակումն ու օկուպացումը հաստատող մի որոշում։ Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը, և այս որոշումը միջազգայնորեն պարտադիր է։ Բայց այս որոշումը կյանքի կոչելու պատժամիջոցային մեխանիզմ չկա, ճիշտ ինչպես ՄԱԿ-ի որոշումները։ Եվրամիության, Եվրախորհրդի, բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների արձագանքների ընդհանուր կետը սահմանափակվում է մարդասիրական օգնության միջանցքի բացմամբ, որն էլ արտահայտվում է շատ ցածր մակարդակի դիսկուրսով. «Թող ձեր շրջափակումն ու օկուպացիան շարունակվի, բայց թող մարդասիրական օգնություն էլ հասնի»։ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում իրականացված տնտեսական, քաղաքական և դիվանագիտական արձագանքների, էմբարգոների և բոլոր տեսակի համերաշխության ոչ մի տոկոսը չդրսևորվեց Արցախի և Հայաստանի համար։ Սա ևս մեկ անգամ բացահայտեց Եվրոպայի և ԱՄՆ-ի երկդիմի, անազնիվ քաղաքականությունը։ Մարդկությունը հերթական անգամ ականատես է լինում, թե ինչպես են այդ ուժերը մարդկանց զոհաբերելու հանուն իրենց տնտեսական շահերի։ Տարածաշրջանում բոլոր ուժերի կողմից Արցախի քաղաքական կարգավիճակի ընդունումը դրական քայլ է մարդկության համար։ Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս գա օկուպացված արցախյան հողերից և անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ քաղաքականությունը։ Ալիևը հստակ արտահայտում է իր իրական մտադրությունը. «Արցախում ապրում է 120 հազար հայ։ Նրանք կա՛մ ընդունում են մեր գոյությունն ու ինքնիշխանությունը, կա՛մ մենք ոչնչացնում ենք նրանց։ Սեփական քաղաքացիներին ենք բերելու ու այստեղ բնակեցնելու ենք»։ Այս մտքերով ու հայտարարություններով Ալիևը նույնպես խոստովանում է, որ Արցախը պատկանում է հայերին։ Որպեսզի Արցախի ժողովրդագրական կառուցվածքը փոխվի, նրանց նպատակն է Արցախյան պատերազմում Թուրքիայի հովանավորությամբ Սիրիայից ուղարկված ջիհադիստական խմբավորումների կողմից գրավված հողերը բնակեցնել, տարածաշրջանի ժողովրդագրական կառուցվածքը հօգուտ նրանց փոխել և տարածաշրջանը ծայրահեղ իսլամիստների և ջիհադիստների կենտրոն դարձնել։ Մեր նորագույն պատմության ընթացքում մենք ականատես եղանք, թե որքան վտանգավոր և սպառնալից են ջիհադիստական խմբավորումները մարդկության համար, հատկապես այն սպանություններն ու ջարդերը, որոնք նրանք իրականացնում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի շատ այլ երկրներում։ Սիրիայի վերջին նորություններն ու պատկերները ցույց են տալիս, թե ինչպես են ջիհադիստական խմբավորումները փողոցի մեջտեղում դաժանաբար սպանում քուրդ երիտասարդներին։ Այս պատկերներում աչքի ընկած ջիհադիստները միմյանց մեջ շատ վարժ թուրքերեն են խոսում՝ փաստելով, որ նրանց շարքերում կան թուրքեր։ Քանի որ շատ հետաքրքիր է ու ուշագրավ, ուզում եմ այստեղ ևս մեկ անգամ նշել, որ ամեն անգամ, երբ Էրդողանը սպառնում էր եվրոպական երկրներին, մի քանի օր և շաբաթ անց ջիհադականների կողմից արյունալի հարձակումներ էին իրականացվում եվրոպական քաղաքներում։ Արցախյան պատերազմում հայ ժողովրդի ցեղասպանության դեմ օգտագործված ջիհադիստական խմբերը հետ չեն ուղարկվել այն երկրները, որտեղից նրանց բերել է Թուրքիան, քանի որ նրանց առաքելությունը դեռ չի ավարտվել։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օկուպացված հայերի հողերում հաստատվող ջիհադիստական խմբերի նպատակն է բռնագրավել հայերի հողերն ու ունեցվածքը, համակարգված կերպով սպառնալ հայ ժողովրդին ջիհադիստական խմբերով, աքսորել նրանց հինավուրց հողերից և օգտագործել դրանք նոր ցեղասպան պատերազմներում։ Ուզում եմ նշել, որպեսզի մտածենք, թե ինչեր կարող են անել Մերձավոր Արևելքում մուսուլման ժողովրդի դեմ դաժան ջարդեր իրականացրած այս ջիհադիստական խմբավորումները ոչ մուսուլման հայ ժողովրդի դեմ։ Մտածել անգամ չենք ցանկանում։ Ջիհադիստական խմբավորումները շարունակում են սպառնալիք մնալ ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության համար, բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է քայլեր ձեռնարկեն լռելու և մարդկության դեմ իրականացվող հանցագործություններին հավանություն չտալու համար։ Մարդկության պատմությունն ու ժառանգությունը ցույց են տալիս, որ այս հողերը եղել են հայերի հայրենիքը հազարամյակներ շարունակ, և այսօր այդ հողերում ապրողները հայեր են: Այսօր Արցախը գտնվում է միջազգային շրջափակման և օկուպացիայի մեջ, և սա մեղքն է առաջին հերթին Ալիևի, Էրդողանի, Պուտինի, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, միջազգային կառույցների և հարյուր միլիոնավոր լուռ մարդկանց: Մեղավորները մի օր անպայման վճարելու են իրենց կատարած հանցագործությունների համար։
Դեմիր Սյոնմեզ
Ժնև, 2023 թ․ սեպտեմբեր
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1.Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2.Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայիում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3.Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4.Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |