Հարցազրույց19:16, 20 Սեպտեմբեր 2023
Թուրք վերլուծաբանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին (Մաս I)
Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ermeniahaber.am-ը զրուցել է թուրք վերլուծաբան Քերիմ Հասի հետ։
Համառոտ կենսագրական
Քերիմ Հասը Ռուսաստանի ներքին և արտաքին, Թուրքիայի և Հայաստանի արտաքին քաղաքականության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի, Եվրասիայում էներգետիկ և անվտանգության քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ-վերլուծաբան է։ Նա տիրապետում է նաև հայերենին։
- Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարող եք ասել և ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքները, միջանցքը բացելու համար Ադրբեջանի վրա ճնշումների բացակայությունն ու անգործությունը։
- Ալիևի վարչակազմը շրջափակում է իրականացրել ադրբեջանցիների կողմից Ղարաբաղ, իսկ հայերի կողմից՝ Արցախ կոչվող տարածաշրջանում, որը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին, թափ հավաքել այս տարվա ապրիլին սահմանին հսկիչ-մաքսային կետի ստեղծմամբ և հունիսից սկսած էլ այն ավելի է սրվել։ Փաստ է նաև, որ այս շրջափակման արդյունքում Ղարաբաղի հայ բնակչությունը մոտեցել է հումանիտար ճգնաժամի շեմին։ Սակայն այս հումանիտար ճգնաժամի չափերը, որքանով հասկանում եմ, դեռ պիտի որ «կառավարելի» թվա շատ կողմերի համար, սակայն դեռևս լուրջ արձագանք չի եղել ոչ տարածաշրջանային երկրների, ոչ միջազգային դերակատարների կողմից։
Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Յուրի Քիմը կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, որն ըստ ամենայնի, կարելի է կոշտ անվանել։ Սակայն պետք է մի փոքր սպասել՝ տեսնելու համար, թե կոնկրետ ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ն այս հարցում։ Նախորդ օրերին և շաբաթներին նույնպես Ռուսաստանից ու ԵՄ-ից այս ուղղությամբ բազմաթիվ կոչեր են եղել Բաքվին։ Իսկ ադրբեջանական կողմը, պնդում է ոչ թե Լաչինի միջանցքի, այլ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը կամ այս երկու ճանապարհները բացել իրար հետևից կամ միաժամանակ։
Որքանով որ ես եմ գիտեմ, Մոսկվան մարդասիրական օգնություն է ուղարկել Ղարաբաղի հայերին Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։ Սակայն ինչպես Լաչինի միջանցքը դեռ չի բացվել, այնպես էլ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ չի գործում։ Ուստի, Ղարաբաղի հայ բնակչության պարենային խնդիրն ու բժշկական պարագաների կարիքն այս պահին հասել է իր գագաթնակետին, և նրա կապն աշխարհի հետ ամիսներ շարունակ գրեթե ամբողջությամբ սահմանափակվել է։
Ալիևի վարչակազմը, որն իր ձեռնարկած քայլերով տարածաշրջանային պայմանները գնահատում է որպես շահավետ, հատկապես վերջին 1,5 տարում քաղաքական-ռազմատնտեսական ճնշումն ուժեղացնելով թե՛ Հայաստանի, և թե՛ ղարաբաղահայության վրա, վարում է այնպիսի քաղաքականություն, որը և՛ կապահովի Երևանի հետ իր պայմաններով խաղաղության համաձայնագրի ստորագրումը, և՛ կապահովի ղարաբաղցի հայերի ինտեգրումն Ադրբեջանին կամ, հակառակ դեպքում, նրանց անջատումը տարածաշրջանից։
Այս միջավայրում, կարծում եմ, մենք կարող ենք միջազգային հանրությանը կոպիտ ասած, երկու մասի բաժանել՝ Ռուսաստանի և Արևմուտքի։ Ռուսաստանն արտասովոր կերպով զբաղված է Ուկրաինայի պատերազմով և գրեթե իր ողջ ռեսուրսներն ու ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական պատերազմի վրա։ Ավելին, նա ի վիճակի չէ բացել «երկրորդ ճակատ», որն ուղղակիորեն կբախվի Ադրբեջանին (և անխուսափելիորեն Թուրքիային) Հարավային Կովկասում, որը երկար տարիներ համարել է որպես իր «հետևի պարտեզ» (ազդեցության գոտի-խմբ․): Այդքան չեմ կարծում, որ նա էլ դա կցանկանա։
Մյուս կողմից, Մոսկվայի հարաբերություններն Ադրբեջանի հետ նույնը չեն, ինչ 1990-ականների սկզբին, այս հարաբերություններն ամեն իմաստով զարգացել են վերջին 30 տարում։ Եթե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն էր, գոնե պաշտոնական մակարդակով, ապա Ադրբեջանը նրա ամենակարևոր գործընկերն է տարածաշրջանում, որի հետ ռազմավարական հարաբերություններ ունի։ Ավելին, ուկրաինական պատերազմի հետ Ռուսաստանի կարիքը ինչպես որ հարավում Թուրքիայի նկատմամբ է, այնպես էլ Ադրբեջանի, Հյուսիս-Հարավ տրանսպորտային գծում Իրանի, իսկ արևելքում Չինաստանն ու Հնդկաստանի նկատմամբ նույնպես զգալիորեն ավելացել է:
Ուստի, թեև սովորաբար, 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան եռակողմ համաձայնագրով, որով ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Լաչինի միջանցքի հսկողությունը պետք է լիներ տարածաշրջանում ռուս խաղաղապահների ձեռքում, փաստացիորեն, այդ վերահսկողությունն հունիսից սկսած հիմնականում անցել է Ադրբեջանին։ Ռուս զինվորները չկանխեցին, չկարողացան կանխել և նույնիսկ չցանկացան կանխել ադրբեջանական ուժերին, որոնք Հայաստանի հետ սահմանի զրոյական կետում հսկիչ-մաքսակետ էին հիմնել։
Իհարկե, Ռուսաստանի այս քաղաքականության պատճառներից մեկն այն էր, որ Փաշինյանի վարչակազմը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ճանաչեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի մարզը համարվում է Ադրբեջանի տարածք։
Երևանի այս քայլն անխուսափելիորեն ճանապարհ հարթեց / նպաստեց Մոսկվայի համար՝ Ղարաբաղում Ադրբեջանի դեմ կոշտ դիրքորոշման ընդունելու համար։ Այլ կերպ ասած, մինչ Ուկրաինայում բավական անախորժությունների մեջ գտնվող Ռուսաստանը խուսափում է Ադրբեջանի հետ ռազմական բախումից, Փաշինյանի վարչակազմը պաշտոնական մակարդակով իր քայլերով Մոսկվային հասցրեց այն կետին, որ «ես չեմ կարող հայից ավելի հայ լինել. չեմ կարող ավելի շատ պաշտպանել Ղարաբաղի հայերին, քան հենց Հայաստանը»։
Ինչ վերաբերում է արևմտյան աշխարհին, ապա կարելի է ասել, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ինստիտուցիոնալ առումով ԵՄ-ի քաղաքականությունը տարածաշրջանում ինչ-որ չափով, թեև ոչ ամբողջությամբ, համատեղելի են միմյանց հետ։ Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, հիմնական նպատակը Մոսկվայի ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելն ու նվազեցնելն է, հատկապես հետխորհրդային աշխարհագրությունում (տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասում)։
Այս համատեքստում, Հայաստանը, որը սահման չունի Ռուսաստանի հետ և գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, պահ առաջ դուրս է մղվում Ռուսաստանի ազդեցության գոտուց՝ թե՛ ԱՄՆ-ի և Անգլիայի հեգեմոնիայի տակ գտնվող ՆԱՏՕ-ի և թե՛ աշխարհատնտեսական և աշխարհամշակութային արժեքների տեսանկյունից ԵՄ-ի համար և վերածվում է դերակատարի, որը պետք է ինտեգրվի եվրատլանտյան ինստիտուտներին։ Նման պատկերը վերաբերում է նաև Մոլդովային, որը նախկին Խորհրդային Հանրապետություն է և որտեղ Ռուսաստանը մինչև վերջերս շատ ավելի մեծ ազդեցություն ուներ։
Անշուշտ, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վերջին տարիներին ռազմավարական գործընկերության վերածվելը, Ալիևի վարչակազմի՝ և՛ Իսրայելին, և՛ ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի տարածքում Իրանի դեմ որոշակի ռազմահետախուզական հետազոտություններ իրականացնելու համար տարբեր հնարավորությունների ստեղծումը, Ադրբեջանում Բրիտանիայի ամենամեծ ներդրող երկիր լինելը, Արևմտյան երկրներում և ինստիտուտներում վերջին տասնամյակների ընթացքում Բաքվի ազդեցության մեծացումը հատկապես նրա էներգետիկ ռեսուրսներով, նույնպես նպաստավոր են դարձնում Ադրբեջանի դիրքն արևմտյան աշխարհում:
Արևմուտքը, որը հայտնում է, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի ներխուժումից՝ միաժամանակ Կիևին սպառազինություն տրամադրելով, իր (Արևմուտք-խմբ․) համար այնքան էլ հեշտ չէ, որքան մի քանի տարի առաջ, հակառակ քաղաքականություն վարել Ղարաբաղում, որը նա գնահատում է առնվազն իրավական մակարդակով Ադրբեջանի տարածքային ամբողջականության բլոկում, հատկապես տեղեկատվական դաշտում։
Հաշվի առնելով այս ամենը, Արևմուտքի թվացյալ չարձագանքելը Ղարաբաղում տեղի ունեցածին նպատակ ունի Հայաստանին հեռացնել ռուսական ազդեցությունից և ինտեգրել նրան եվրատլանտյան կառույցներին։ Դա անելիս կարելի է դիտարկել որպես ոչ թե Ադրբեջանին հակադրվելու նպատակի հետ, այլ ընդհակառակը, այդ երկու երկրներին, հնարավորության դեպքում, Վրաստանի (սրան իհարկե պետք է առանձին անդրադարձ կատարվի) հետ միասին ներառելով ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի և ԵՄ աշխարհատնտեսական և աշխարհամշակութային ավազանի շրջանակներում, նույնիսկ եթե նրանք անմիջական անդամ չեն:
- Ադրբեջանի թիկունքին բացի Թուրքիայից, ուրիշ ի՞նչ ուժեր կան։
- Այս հարցի պատասխանը՝ կախված նրանից, թե ինչ նկատի ունեք «հետևում» ասելով: Կարծում եմ՝ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի թիկունքում՝ անկախ նրանից՝ նա սխալ է անում, թե ճիշտ։ Սա ներառում է նաև ռազմական աջակցություն: Եվ այս քաղաքականությունը տեղի է ունենում անկախ նրանից, թե ով է իշխանությունը Թուրքիայում։ Թուրքիայի քաղաքականությունը պետական քաղաքականություն է, որը որոշ չափով անկախ է իշխանություններից։ Սա, իհարկե, ունի իր պատճառները՝ երկու ժողովուրդների մտերմությունը միմյանց հետ, ռազմատնտեսական-էներգետիկ կապերը, Հայաստանի հետ ունեցած խնդիրները և այլն։
Մյուս կողմից, ներկա պայմաններում կան բազմաթիվ այլ դերակատարներ, որոնք այսպես թե այնպես կանգնած են Ադրբեջանի թիկունքում կա՛մ նրա կողքին, կա՛մ նրա դեմ կանգնած չեն կամ չեն ցանկանում դեմ կանգնել․ դրանք են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Իսրայելը, թյուրքական պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում, որի անդամ է նաև Հայաստանը, ինչպես ԵՄ-ն ինստիտուցիոնալ մակարդակում։
Պատճառները տարբեր են, թե ինչու է նրանցից յուրաքանչյուրը ներկայում Ադրբեջանի կողքին կամ թիկունքում կանգնած կամ դեմ չի կանգնել։ Այնուամենայնիվ, թեև այս դերակատարներից շատերը քաղաքական մշակույթով, արժեքներով և սփյուռքի ազդեցությամբ մոտ են Հայաստանին, աշխարհաքաղաքական շահերը խանգարում են այդ ուժերին վարել այնպիսի քաղաքականություն, որն անմիջականորեն կբախվի Ադրբեջանին ներկայիս պայմաններում։
Նույնիսկ այս աշխարհաքաղաքական շահերը ներկայումս բացահայտում են ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, որը համեմատաբար ձեռնտու է Ադրբեջանին: Մասամբ սա է պատճառը, որ Ալիևի վարչակազմը 1,5 տարի է հնարավորություն է գտել վստահորեն մեծացնել ռազմաքաղաքական-տնտեսական ճնշումը Հայաստանի և Ղարաբաղի հայերի վրա։
Սա չի նշանակում, որ այդ ուժերը ձայն չեն հանի, երբ Ադրբեջանը ներխուժի Հայաստանի տարածք կամ կոտորած իրականացնի Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Ոչ, դա այն չէ, ինչ ես նկատի ունեմ: Իմ կարծիքով՝ այս տերություններից ոչ մեկը չի ցանկանա, որ Բաքուն անի այդ քայլերը։ Նրանցից շատերը, հավանաբար, ցանկանում են, որ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ գնալով որոշակի զիջումների և մեղմացումների։
Այս հնարավոր խաղաղության համաձայնագրով, եթե Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ընթացքը դրան է տանում, ապա կոնկրետ քայլեր են ակնկալվում Բաքվի դիրքորոշման մեղմացման հետ մեկտեղ՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ որոշակի ազգային կամ միջազգային մեխանիզմների և կամ երաշխիքների տրամադրման համար։ Մյուս կողմից, իրականացվում է այն ռազմավարությունը, որ Երևանը և Ղարաբաղի հայերը մեծ դիմադրություն ցույց չեն տալու Ղարաբաղի ինտեգրմանը, որը դե ֆակտո ներառվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Սակայն այստեղ մեկ այլ կարևոր խնդիր է, թե ում միջնորդությամբ, հսկողությամբ, վերահսկողությամբ և, իհարկե, թե ում շահերն են առաջնահերթվելու տարածաշրջանային և գլոբալ դերակատարների առումով, ընթանալու է այս փոխադարձ գործընթացը, թե ոչ։
Այս տեսանկյունից Ղարաբաղի հակամարտությունն ավելին է, քան պարզապես Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրն է։
- Դուք Լաչինի միջանցքի բացման հնարավորություն տեսնու՞մ եք։
- Այո, Լաչինի միջանցքի բացման հավանականությունը քիչ չէ։ Այն կարող է վերաբացվել։ Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ինչո՞ւ ոչ։ Լաչինի միջանցքը նույնպես Աղդամ-Ստեփանակետ երթուղու հետ մեկտեղ կարող է վերագործարկվել։ Այն կարող է բացվել, եթե արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ավելի ուժեղ ճնշում գործադրեն Բաքվի վրա։ Լաչինի միջանցքը կարող է բացվել առանց Աղդամ-Ստեփանակետ ճանապարհի բացման. Կարծում եմ, որ դա չէ իրական խնդիրը: Իրական խնդիրն այն է, թե արդյոք Լաչինի միջանցքի բացումը արդյո՞ք կկարողանա կանխել Ղարաբաղի՝ վաղ թե ուշ Բաքվի վերահսկողության տակ անցնելը։ Անձամբ ես չեմ կարծում, որ Լաչինի միջանցքի բացումն ի վերջո կկանխի այս գործընթացը։
Այնուամենայնիվ, միաժամանակ կա նաև տարածաշրջանում ղարաբաղյան նոր պատերազմի և ավելի լայն հակամարտությունների հավանականությունը, ինչպես նաև կա խաղաղ բանակցությունների հավանականություն, որոնք կարող է արագանալ։ Վաշինգտոնի անկեղծությունն այս հարցում վիճելի է, սակայն ամերիկյան կողմի վերջին հայտարարություններն անխուսափելիորեն կստիպեն Բաքվին վերանայել նոր ռազմական քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Ղարաբաղում։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Արցախյան հարցի, Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտարի ճգնաժամի նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |