Հոդված12:16, 20 Հոկտեմբեր 2023
Միջազգային հանրության «մարդասիրությունը» այդպես էլ չհասավ Արցախ
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանզազերծած 44-օրյա պատերազմից հետո, հայկական 2-րդ հանրապետության` Արցախի տարածքների մեծամասնության օկուպացման և արդեն հարաբերական հայ-ադրբեջանական շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահների տեղակայմամբ Արցախի հարցը շարունակեց մնալ բարդ և չլուծված ռեգիոնալ լուրջ հիմնախնդիրներից մեկը:
Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Արցախի հարցը լուծված է, Արցախում կար իշխանություն և կար պետական համակարգ, որը պետականության շրջանակներում կազմակերպում էր այնտեղ բնակվող էթնիկ հայերի՝ արցախցիների կյանքը:
Ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան) պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախից Հայաստանի Հանրապետության զինուժի դուրսբերման շուրջ, ինչը Հայաստանի կողմից պատշաճ կերպով իրականացվեց: Սակայն դա այդպես էլ չգոհացրեց և չբավարարեց Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի՝ Իլհամ Ալիևի քմահաճույքները:
Ադրբեջանը շարունակեց մեկ այլ հռետորաբանությամբ, ըստ որի՝ Հայաստանն Արցախից դուրս չէր բերել իր զինված ուժերը, ինչպես նաև դրանից զատ պնդեց, որ Լաչինի միջանցքն իբր ՀՀ-ի կողմից ապօրինաբար օգտագործվում է Արցախում գտնվող զինվորներին զենք-զինամթերք մատակարարելու համար, ինչն էլ չի կանխվում միջանցքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից, ավելին, պնդվում էր, որ դրանք տեղ են հասցվում ռուսների ուղեկցությամբ:
Բացի այդ Ադրբեջանն Արցախում գտնվող կանոնավոր բանակը սկսել էր անվանել «ահաբեկչական և անջատողական ուժեր», նրանց գրեթե ամենօրյա պարբերականությամբ մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև ականների տեղադրման մեջ։
Չնայած հայկական կողմերի հերքումներին, միջազգային հանրության հրադադարի ռեժիմի պահպանման կոչերին՝ Ադրբեջանն այս անգամ մեկ այլ պատրվակով նախ ձեռնարկեց Լաչինի միջանցքի արգելափակումը 2022-ի դեկտեմբերին՝ այսպես կոչված բնապահպաններին այնտեղ ուղարկելով և պնդելով, թե Կաշենի հանքի օգտագործումը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ապա պահանջեց այնտեղ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչների մուտքի ապահովում։ Իսկ այդ պահանջի հնարավոր ընդունման մասին հայկական կողմում սկսված քննարկումներին զուգահեռ Ադրբեջանը կտրեց Հայաստանից Արցախ մտնող Էլեկտրաէներգիան, գազը, ամբողջապես դադարեցրեց Գորիս-Ստեփանակերտ երթուղու շահագործումը՝ զրկելով արցախցիներին սնունդից և այլ անհրաժեշտ պարագաներից։ Նշենք, որ մինչ այդ ՀՀ-ից Արցախ օրական շուրջ 500տ բեռ էր մտնում:
Արցախցիներին փաստացի շրջափակելուց և սովի մատնելուց հետո Հայաստանից ապօրինի զենք-զինամթերքի կանխման պատրվակով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման վայրի՝ Հակարիի կամրջի մոտ տեղակայվեց ապօրինի ադրբեջանական անցակետ՝ փակելով Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարը՝ «կյանքի ճանապարհը»:
Միջազգային հանրությունը շարունակեց միայն կոչերով դիմակայել Ադրբեջանին, մինչ Հայաստանը, Ֆրանսիան և աշխարհասփյուռ հայությունը հումանիտար բեռներ էին ուղարկում Հակարիի կամուրջ՝ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի պնդումներն առ այն, թե ճանապարհը բաց է, կեղծ են: Ադրբեջանը գերեվարում էր Արցախում բնակվող հայ երեխաներին և տարեցներին, ապա անհիմն պատճառներով հայտարարում քրեական հետապնդումների մասին:
Ադրբեջանը փորձում էր հասկանալ, թե որքան հեռու կարող է գնալ մարդու իրավունքների խախտման հարցում և որքան ավելի շատ հեռու էր գնում՝ այնքան ավելի ու ավելի էր անպատժելիությունը հիմք ստեղծում դրանց կրկնության համար:
Ի վերջո, Ադրբեջանն Արցախի հայաթափման և խնդրի վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ եղավ հերթական անգամ ուժի կիրառմանը: 2023-ի սեպտեմբերի 19-ին ամբողջ աշխարհի աչքի առաջ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորքերի ներկայության պայմաններում հանդգնեց Արցախի բնակչության վրա ռազմական հարձակում իրականացնել: Եվ փաստորեն Արցախը մնաց մեն-մենակ՝ պայքարելու իր գոյությունը պաշտպանելու և ապրելու իրավունքի համար:
Մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադբեջանի և Արցախի ղեկավարության միջև հրադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերվեց:
Այդ օրերին Ադրբեջանը թիրախավորում էր ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերն ու տները, այլև դաժանորեն սպանում հայերին և ավերում այն սահմանամերձ գյուղերն ու գյուղաքաղաքները, որտեղ հաջողել էր մուտք գործել: Արցախում բնակվող հայերը, ովքեր մատնվել էին սովի և չունեին ազատ տեղաշարժվելու իրավունք, այժմ էլ կանգնած էին ցեղասպանության վտանգի առաջ:
Սեպտեմբերի 20-ին և հաջորդող օրերին արցախցիները կարողացան ապաստան գտնել Ստեփանակերտի օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերից մեկում, Ստեփանակերտի այլ հատվածներում, տների նկուղներում և այլ հարաբերականորեն ապահով վայրերում: Արցախցիները ստիպված եղան ուժի կիրառման և դրա անհամեմատելի գերազանցության պարագայում լքել իրենց տները՝ կյանքի նկատմամբ ուղիղ սպառնալիքի ներքո:
Սեպտեմբերի 20-ի հրադադարի պայմանավորվածությանը հաջորդած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական և ադրբեջանական օգնություն մտավ Արցախ, մարդկանց տրամադրվեցին վառելիքի և սննդի սուղ պաշարներ: Չնայած այդ փոքրածավալ օգնությանը՝ 9 ամիս հյուծված Արցախում հումանիտար վիճակը շարունակում էր այդ օրերին մնալ ծայրահեղ ծանր:
Երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին Լաչինի միջանցքով ապահովելու արցախցիների անխափան երթևեկը Հայաստան մեկնելու համար, տասնյակ հազարավոր հայեր շտապեցին օգտագործել հնարավորությունը փրկվելու վերահաս վտանգից:
Մինչ արցախցիներից որոշները լքում էին իրենց տները և շարժվում դեպի Հայաստան, տեղի ունեցավ հերթական աղետը. սեպտեմբերի 25-ին մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ շատ հեռու գտնվող վառելիքի պահեստում ուժգին պայթյուն եղավ, որին զոհ գնաց ավելի քան 200 մարդ, իսկ 10-նյակ մարդկանց ճակատագրեր այդպես էլ մնացին անհայտ՝ դասվելով անհետ կորածների շարքին:
Այս բոլոր աղետալի իրադարձությունների բովում ՀՀ տեղափոխնման ընթացքում Ադրբեջանը շարունակեց հայերի ձերբակալման անօրինական գործընթացը:
Նախապես Ադրբեջանի կողմից Արցախի իշխանություններին տրամադրված ապօրինի հիմունքներով կազմված անվանացանկի համաձայն՝ ձերբակալվեցին մի շարք պաշտոնատար անձինք, զինվորականներ, այդ թվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Նրանք մինչ օրս շարունակում են մնալ Ադրբեջանական բանտերում, նրանց առաջադրվել են ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու, դրանց զինելու, առաջնորդելու և նմանատիպ մի շարք այլ շինծու մեղադրանքներ:
Եվ ահա տեղահանման գործընթացի սկսվելուց հետո արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ Հայաստան էր մուտք գործել 100.483 անձ, ում թիվը գալիք մի քանի օրվա ընթացքում պետք է հասներ շուրջ 100.600-ի:
Այսպիսով միջազգային հանրության սին հայտարարությունները չօգնեցին Արցախին և ամբողջ հայությանը դիմակայելու Ադրբեջանի ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականությանը: Ադրբեջանի անպատժելիությունը բերեց Արցախի էթնիկ հայերի՝ իրենց սեփական տներում ապրելու իրավունքի ոտնահարմանը և Արցախի ամբողջական հայաթափմանը:
Թուրքիան՝ Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցը, չնայած աշխարհում ստանձնած իր «խաղաղարարի» դերին (Ուկրաինա-Ռուսաստան, Պաղեստին-Իսրայել հակամարտություններում), շտապել էր իր լիակատար աջակցությունը հայտնել Ադրբեջանին և աչք փակել հերթական ցեղասպանական գործողությունների վրա՝ որի առաջին հեղինակը եղել էր հենց ինքը (1915թ. Հայոց Մեծ եղեռն):
Այս ամենն ապացուցում է միայն հետևյալը. հումանիզմը վաղուց է լքել աշխարհը՝ որի շահառուն դարձավ նաև Արցախը:
Պատահական չէ, որ ադրբեջանաթուրքական տանդեմն այժմ էլ սպառնում է Հայաստանից պոկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը մի կողմից Ադրբեջանը ցամաքային կապով միացնելու է Նախիջևանին, իսկ Թուրքիան՝ ամբողջ թյուրքական աշխարհին:
Աշխարահաքաղաքական շահերն այդպես էլ չեն ստորադասվում և չեն ստորադասվելու մարդկային կյանքի բացարձակ արժեքին, իսկ Հարավային Կովկասում խաղաղությունը կարող է հաստատվել միայն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա։ Դրանց կեղծ լինելն էլ ենթադրում է, որ ՀՀ-ն պետք է սեփական միջոցներով հանձն առնի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն արտաքին սպառնալքիներից։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբերյան սրացումից հետո էլ Իրանը, որը Հայաստանի օգտին ուղերձներ էր հղում, այժմ արդեն զբաղված է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործով։ Եվ եթե Հայաստանի դեպքում իրանական երաշխիքներ որոշակիորեն կային, ապա նույնը չենք կարող ասել Արցախի դեպքում։
Իսկ ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը հիմա. աշխարհն Ուկրաինայում և Իսրայելում է, իսկ Հայաստանում, հիմա արդեն նաև բռնի տեղահանված արցախցիների կողքին միայն կոչերով է: Կարծում ենք այն առաջդեմ աշխարհի «մարդասիրությունը», որը երբևիցէ գոյություն է ունեցել, իր վախճանը գտավ Արցախում:
Ահա բարձր արժեքներ և համերաշխություն քարոզող աշխարհը, որ միայն դրանց մասին ազդարարող թղթեր է ստորագրում, իսկ դրանց իրագործման անհրաժեշտ պահին՝ հապաղում գործել: Այնպես, ինչպես ավելի քան մեկ հարյուրամակ առաջ Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 21-րդ դարում Ադրբեջանն իրականացրեց արցախայահերի էթնիկ զտում՝ փաստացի օգտագործելով ցեղասպանական մեթոդներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |