Հարցազրույց15:52, 25 Հունվար 2024
Փորձագետները Ռայիսի-Էրդողան բանակցությունների մասին․ 3+3-ն Իրանը դիտարկում է «Զանգեզուրի միջանցքի» չեզոքացման միջոց
Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այց է կատարել Անկարա։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջանորդները նախագահել են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, հանդես եկել մամուլի հայտարարություններով, այնուհետև մասնակցել են Իրան-Թուրքիա գործարար ֆորումին։
Իրանի նախագահի այս այցը մինչ այս հետաձգվել էր երկու անգամ․ Այն պետք է կայանար 2023թ․ նոյեմբերի 28-ին, սակայն տեղափոխվեց Գազայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որին պետք է մասնակցեին երկու երկրների արտգործնախարարները, իսկ հունվարի 3-ին իրանական Քերմանում իրականացված ահաբեկչությունը պատճառ հանդիսացավ արդեն հունվարի 4-ին տեղափոխված այցի հետաձգման համար։
Այսպիսով Իրանի նախագահը Թուրքիա այցելեց Գազայի շուրջ շարունակվող գործողությունների, Եմենում, Պակիստանում, Սիրիայիում և Իրաքում տեղի ունեցող վերջին լարված զարգացումների ժամանակաշրջանում։
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների առաջնորդների շեշտադրումներից պարզ դարձավ, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգում առկա անվտանգային, էներգետիկ, առևտրատնտեսական, մշակութային-կրթական հարցերը։ Մտքեր են փոխանակվել Գազայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագահ Ռայիսին նիստի ժամանակ Հարավային Կովկասի մասին խոսելիս մասնավորապես նշել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրին և համոզված է, որ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգային համագործակցությունն այս տարածաշրջանի համար անվտանգություն կապահովի։
«3+3 հարթակն Իրանը դիտարկում է «Զանգեզուրի միջանցքի» չեզոքացման միջոց»
Ermenihaber.am-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը, խոսելով Ռայիսիի Անկարա այցի և Հարավային Կովկասի վերաբերյալ նրա կատարած շեշտադրումների մասին, նշեց․ «Կովկասի առնչությամբ Իրանի նախագահը վերահաստատել է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը, այն է 1. արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ, Արևմուտքի ներկայության բացառում, 2. Երկրների տարածքային ամբողջականության հարգում, 3. Տարածաշրջանային հարթակների, մասնավորապես՝ 3+3-ի ակտիվացում: Ըստ էության, խոսելով տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտության մասին, Իրանի նախագահը նկատի է ունեցել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որին ուղղված անմիջական սպառնալիք Թեհրանը համարում է Բաքվի ու Անկարայի կողմից առաջ տարվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ 3+3-ն Իրանը դիտարկում է որպես այդ սպառնալիքի չեզոքացման միջոցներից մեկը, քանի որ դա հարթակ է, որտեղ Իրանն ունի ներկայություն և կարող է սեփական դիրքորոշումն առաջ տանել ու ապահովել իր շահերը»:
Երկկողմ քննարկումների գլխավոր հարցերից է եղել նաև իրավիճակը Գազայում։ Իրանի նախագահը հերթական անգամ թուրքական կողմին ակնարկել է, որ Գազայի հարցում կոշտ հռետորաբանությունից զատ անհրաժեշտ է նաև գործնական քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ խզել Իսրայելի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները: Իրանագետ Վարդանյանի ընդգծմամբ՝ այս մասին իրանական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս բարձրաձայնել է:
«Թեհրանում Թուրքիայի դեսպանատան մոտ անգամ ցույցեր են անցկացվել՝ պահանջով, որ Թուրքիան կասեցնի իր տարածքով նավթի ու գազի մատակարարումներն Իսրայելին»,-ասաց Վարդանյանը:
«Առաջիկայում հակաիսրայելական հռետորաբանության նոր որակի ականատեսը կարող ենք լինել Թուրքիայում»
Ermenihaber.am-ի հետ զրույցում «Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Անկարա կատարած այցի ընթացքում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ևս հայտարարել էր, որ իսլամական երկրներն ակնկալում են, որ իսրայելական ապրանքների ու էներգետիկայի նկատմամբ էմբարգո կսահմանվի, այնինչ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խուսափել էր հստակ արձագանքել այդ հայտարարությանը։ Քայլերի գործնականացման անհրաժեշտության մասին Իրանի նախագահն ընդգծել էր նաև Ուզբեկստանում նոյմեբերի 8-ին Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Թուրքագետի դիտարկմամբ՝ այն, որ Թուրքիայի ղեկավարությունը խուսափում է հռետորաբանական մակարդակում հակաիսրայելական խոսույթի աճին զուգահեռ գործնական շատ կտրուկ քայլեր ձեռնարկել, բացատրվում է Թուրքիա-Իսրայել երկկողմ, Թուրքիա-Իսրայել-ԱՄՆ, Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան բազմակողմ հարաբերությունների խորքային, բազմաշերտ բնույթով և միաժամանակ նաև կողմերի միջև «միջնորդական» դեր ստանձնելու, հնարավոր պայմանավորվածության ձեռքբերման և գործադրման փուլում երաշխավոր դառնալու թուրքական կողմի ձգտմամբ։ Ընդ որում՝ դա հազիվ թե հաջողվի Անկարային, քանի որ միանշանակ հանդես է գալիս Պաղեստինի աջակցության դիրքերից և առնվազն չեզոք չէ կողմերի տեսանկյունից։ Հարությունյանի խոսքով, սակայն, չի բացառվում, որ առաջիկայում հակաիսրայելական հռետորաբանության նոր որակի ականատեսը կարող ենք լինել Թուրքիայում՝ պայմանավորված իսլամական աշխարհի առաջնորդության ձգտող այդ երկրում սպասվող ՏԻՄ ընտրություններով։ Դա կարող է մեծապես օգնել իշխող իսլամամետ ուժին հաջողություն արձանագրելու հարցում։
Ինչպես նշեցինք, երկկողմ հանդիպմանը քննարկվել են նաև Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող զարգացումները։ Հատկանշական է, որ նույն օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Սիրիայի ճգնաժամի լուծման նպատակով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությամբ ստեղծված ձևաչափի 21-րդ նիստը:
Համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել են էներգետիկայի, մեդիայի, մշակույթի ոլորտներում համագործակցության, երկաթուղային փոխադրումների, փոխադարձ կերպով վարորդական վկայականների ճանաչման և այլ հարցերի վերաբերյալ թվով 10 պայմանագրեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |