Հոդված16:45, 24 Ապրիլ 2024
Այսպես մինչև ե՞րբ, այսպես մինչև ո՞ւր

Մենք սիրում ենք խոսել ցավից ու ցավոտ թեմաներից, եթե այդ ցավի մեղավորները ուրիշներն են: Դիցուք` Հայոց ցեղասպանությունը, որի գլխավոր մեղավորները, գլխավոր պատասխանատուները Օսմանյան կայսրության ոճրագործ ղեկավարներն էին: Բայց չենք սիրում խոսել այն տեսակ ցավերի մասին, որոնց մեղավորները մենք ինքներս ենք: Գերադասում ենք լռել, շրջանցել, չտեսնելու տալ, կամ որ ամենից ահավորն է` հասկանալով սխալը, շարունակել նույնը:
Բոլորս էլ գիտենք ինչպես է դրսևորվում թշնամու հանդեպ ատելությունը թեկուզ ամենապարզ մակարդակներում. կանայք անիծում են, տղամարդիկ վրեժով ծարավանում, սերունդները «արնահոսող վերքով» մեծանում: Աղետյալ ժողովրդի դեպքում, իհարկե, դա ունի բնական և բանական պատճառներ: Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն, կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
«Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փո՛ւշ ունի»,- գրում է Հրանտ Մաթևոսյանը։ Իսկ նկատե՞լ եք, որ մեր դառնությունն ու փուշը կարծես թե ավելի շատ իրար դեմ ենք ուղղել, քան արտաքին թշնամու։ Սա է ավելի մտահոգիչ: Սա է մեր սուգը դարձնում երկարաժամկետ: Մենք, որպես տառապյալ ժողովրդի զավակներ, այս էլ քանի սերունդ չհաջողեցինք թև ու թիկունք լինել իրար՝ հավաքական իմաստով: Պետություն ուժեղացնելու մեր ջիղը այդպես էլ մնաց պասիվ։
Իրար ձեռք մեկնելու գաղափարի շուրջ չհաջողեցինք համախմբվել։ Իրար չմղեցինք առաջ, իրար համար չեղանք հենարան: «Ես»-ը ուժեղ չեղավ, որ «մենք»-ն էլ ուժեղ լինի։ Արդյունքում մեզ մնաց իրար դեմ հանող ոխը, իրար տակ փորած փոսը, իրար մեջ խորտակած հույսը։ Ինչպես կասեր Սահյանը, մենք մեր խորքի մեջ սևացել ենք։
Կենաց ու մահու կռիվների ժամանակ նախանձելի եռանդով համախմբվում ենք ու միաբան լինում։ Դառնում մեկ բռունցք և նահատակվում հանուն իրար: Բայց արի ու տես, որ խաղաղ պայմաններում միմյանց համար դառնում ենք անտանելի ու ատելի։ Թուրքին ատեցինք երգերում ու գրականության մեջ, իսկ իրար ատեցինք իրական կյանքում: Ինչպե՞ս: Պետությունից գողանալու պես, հարկերը թաքցնելու պես, իրար խաբելու պես, երկրից արտագաղթելու պես: Շարքը կարող է շարունակվել...
Ամեն անգամ քաղաքական իշխանության փոփոխությունից հետո բաժանվում ենք ատելությամբ զինված թշնամական ճամբարների։ Դրանից իմ փոքրաթիվ ժողովուրդը ծվեն-ծվեն է լինում ու փոքրանում ավելի: Ամեն հաջորդ իշխանություն ատում է նախորդներին, բոլոր նախորդները պարտադիր ատում են հաջորդ իշխանություններին: Իսկ բոլոր հաջորդները անպայման ատելու են նախորդներին:
Միմյանց նկատմամբ գեներացվում է ատելության խոսույթ, որը ներխուժում է ընտանիքներ ու թշնամի սարքում մարդուկնիկ։ Ներխուժում է բակեր, դպրոցներ ու համալսարաններ ու բաժան-բաժան անում բոլորին մերոնքականների և ձերոնքականների: Կարծում եք սա աղետ չէ՞։ Վախենամ ասել՝ սա ինքնաոչնչացման անիծյալ կոդ է:
Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդը Վարշավայում հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առաջ ծնկի էր գալիս ու ներողություն խնդրում հրեաների ցեղասպանության համար: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հեռուստաեթերով ասում էր. «Ծնկաչոք խնդրում եմ ներել Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունների համար»:
Իսկ Էրդողանը եթերից ներողություն էր խնդրում «հայ» բառն օգտագործելու համար՝ համարելով դա անպարկեշտ խոսք: Քաղաքակրթական մակարդակների անբուժելի տարբերություն կա, ինչ խոսք։ Առնվազն մոտ ապագայում այդ տարբերությունը չի էլ վերանալու։
Բայց ավելի կարևոր է գոնե մի անգամ վճռական ու լրջորեն քննության առնենք մեր վերաբերմունքը ինքներս մեր հանդեպ։ Միգուցե մե՞նք էլ հենց մեր մեջ վերանայելու ու վերագնահատելու շատ բաներ ունենք, որոնք իսկապես դարձել են անհետաձգելի անհրաժեշտություն։
Թուրքին թուքումուր անելուց առաջ նախ պետք էր չթողնել, որ թշվառ հայ լինի, առավել ևս՝ թշվառ երկիր։ Սա պատվի հարց է, անգամ՝ ազգային արժանապատվության։ Անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը հրաշալի բանաձև էր առաջարկել. «Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ կառուցիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր»։
Կառուցեցի՞ նք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |