Հոդված13:45, 28 Հունիս 2024
Սպառնալիքներ Թուրքիայից. քրդերի ՏԻՄ ընտրությունները Սիրիայում ձախողվում են
Վերջերս թուրքական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է Սիրիայի քրդական կառույցների վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ շրջաններում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու որոշումը, որոնք նախանշված էին հունիսի 11-ին, սակայն հետագայում դրանք հետաձգվեցին մինչև օգոստոսի 8-ը։
Անշուշտ, նման որոշումը պետք է դժգոհություն առաջացներ գլխավորապես Թուրքիայում, որը «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) նույնացնում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։
Սիրիայի հյուսիս-արևելքում ՏԻՄ ընտրությունների անցկացման որոշման մասին առաջինը հայտնել էր Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը, ով Թուրքիայում ներառված է «վտանգավոր ահաբեկիչների կարմիր ցուցակում» և գտնվում է հետախուզման մեջ։
«Մեր ժողովուրդը հունիսի 11-ին կգա քվեատուփերի մոտ և կընտրի տեղական իշխանությունների իր ներկայացուցիչներին, անկախ նրանից, թե Թուրքիան ինչպես է դա փորձում կանխել»,- ընդգծել էր Մուսլիմը։
Բնականաբար, այս հայտարարությունը պետք է հանդիպեր Անկարայի կոշտ արձագանքին, ինչու ոչ նաև սպառնալիքներին՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «EFES-2024» զորավարժությունների ընթացքում սպառնալով քրդական կառույցներին, նշել էր.
«Մեր հարևան Սիրիայում դեռևս քաոս է և անկայունություն, մենք ուշադիր հետևում ենք ահաբեկչական կազմակերպության (Նկատի ունի PKK-ին) և դրա սիրիական մասնաճյուղերի ագրեսիվ գործողություններին, որոնք իրականացվում են այդ քվեարկությամբ և ուղղված են թե Թուրքիայի և թե Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Մենք երբեք թույլ չենք տա, որ անջատողական պետություն ստեղծվի Սիրիայի և Իրաքի հյուսիսում, դա կանխելու համար մենք նախկինում դիմել ենք բոլոր անհրաժեշտ միջոցներին և չենք վարանի հիմա էլ դա անել»։
Արձագանքել էին նաև ուժային կառույցներից, ինչը վկայում է, որ Էրդողանի սպառնալիքները սոսկ հայտարարություններ չէին։ Այսպես՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, անդրադառնալով հարցին, նշել էր, որ, եթե այդ ամենն իրականություն դառնա, ապա բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում «խաղաղության և կայունության ապահովման վրա»։
Այն, որ Էրդողանի հայտարարությունները լոկ հայտարարություններ չէին, վկայում են Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ Սիրիայում իրականացվածմի քանի խոշոր ռազմական գործողություններն անցյալում, որոնց հետևանքով քրդերը ծանր կորուստներ ունեցան։
Խոսքը վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից իրականացված մի քանի խոշոր ռազմական օպերացիաների մասին է («Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Եփրատի վահան»), որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ դուրս մնացին քուրդ զինյալների վերահսկողությունից և փաստացի մինչ այժմ գտնվում են թուրքական զինուժի և վերջիններիս աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումների օկուպացման տակ։ Նշյալ գործողությունների բուն նպատակը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնված այսպես կոչված կանտոնների (վարչատարածքային միավոր) միավորումը կանխելն էր։
Ուշագրավ է, որ քրդերի նախաձեռնությանն արձագանքել էին ոչ միայն Թուրքիայից; Այստեղ էական և հավանաբար որոշիչ ազդեցություն ունեցավ ԱՄՆ-ի արձագանքը, որը փաստացի չաջակցեց ընտրությունների անցկացմանը, ի տարբերություն 2017թ.-ի, երբ Վաշինգտոնը նախընտրեց պարզապես չմեկնաբանել Սիրիայի հյուսիս-արևելքում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու քրդական կառույցների որոշումը։ Դա էլ իր հերթին լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։
«Սիրիայում նշանակված ցանկացած ընտրություն պիտի լինի ազատ, արդար, թափանցիկ և ներառական, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևով։ Մենք չենք կարծում, որ այս պահին Սիրիայի հյուսիս-արևելքում նման ընտրություններ անցկացնելու համար պայմաններ կան»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
Թուրքիան բացի սպառնալիքներից կիրառեց նաև դիվանագիտական գործիքակազմ՝ Սիրիայի հյուսիսում «ընտրությունների» անցկացումը կանխելու նպատակով։ Մասնավորապես, Թուրքիայի արտգորրծնախարար Հաքան Ֆիդանը Պրահայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրեց այդ հարցում Անկարայի ունեցած մտահոգությունը։
Թուրքական մերձիշխանական լրատվամիջոցներն էլ, հղում անելով իրենց աղբյուներին, հայտնում են, որ Անկարան դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին տեղեկացրել է հնարավոր հետևանքների մասին։
Թեմայի շուրջ ուշագրավ մեկնաբանություն էր արել վերլուծաբան, Մերձավոր Արևելքի հարցերով ռուս փորձագետ Անտոն Մարդասովը։
«Լակմուսի թուղթը Միացյալ Նահանգների արձագանքն է։ 2017-ին Վաշինգտոնը նախընտրում էր լռել ընտրությունների մասին, սակայն այժմ, փաստորեն, դեմ արտահայտվեց դրանց և կոչ արեց հետաձգել: Ակնհայտ է, որ դա պատահական չէր»։
Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում, որ ռեգիոնում քրդերի քայլերը՝ միտված ինքնավարությանը (լինի դա Սիրիան, լինի Իրաքը), կամ որևէ այլ ձևաչափով անկախությանը, հանդիպում են տարածաշրջանային գերտերությունների՝ գլխավորապես Թուրքիայի կոշտ արձագանքին, ինչպես նաև ուժային համաշխարհային կենտրոնների ոչ բավականաչափ աջակցությանը։
Այնուամենայնիվ, այս ամենը չի նշանակում, որ Վաշինգտոնը խզում է քրդական ուժերի հետ համագործակցությունը, ամենևին, այն կրելու է շարունակական բնույթ, ինչն էլ լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու առանց այդ էլ թուրք-ամերիկյան բարդ հարաբերություններում։
Պարզորոշ է, որ ԱՄՆ-ն հագուրդ չի տալու Անկարայի՝ «Կամ մենք, կամ Սիրիայի քրդական ուժերը» պահանջին, բնավ ոչ։ Սակայն մյուս կողմից Վաշինգտոնը քրդական ուժերին կարծես թե ցույց է տալիս գիծ, որից այն կողմ գոնե թե այս պահի դրությամբ հնարավոր չէ անցնել։
Ի վերջո, Վաշինգտոնը մեկ անգամ չէ որ բացեիբաց հայտարարել է, որ քրդական ուժերը «կարևոր դաշնակից և գործոն» են տարածաշրջանում տարբեր ահաբեկչական խմբավորումների ու ծայրահեղական ուժերի դեմ պայքարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |