Հոդված14:10, 02 Հուլիս 2024
Թուրքիան դավաճանու՞մ է իր հերթական գործընկերոջը
Սիրիայի հյուսիսում քաոտիկ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով նախագահ Էրդողանի և Ասադի միջև հնարավոր է հանդիպում տեղի ունենա։ Այս պնդումներն ըմբոստանալու առիթն ավելի ուժեղացրին, երբ Իրաքը առաջարկեց միջնորդություն ստանձնել Սիրիայի և Թուրքիայի միջև, և երկու երկրների ղեկավարները հարաբերությունների կարգավորման համար ուղերձներ հնչեցրին։ Հունիսի 26-ին Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող «Եփրատի վահան» ռազմագործողության գոտու և Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև սահմանային անցակետի բացումը ևս սրեց լարվածությունը։ Սակայն սրանք միայն հիմնական պատճառներն էին, իսկ լարվածության բռնկման կայծը դարձավ ներկայիս Թուրքիայի Կեսարիա (Կայսերի) նահանգում թուրք մոլագար ամբոխի կողմից սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա հարձակումները։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամարդու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման: Թուրքիայի մի շարք նահանգներում բողոքի ակցիաներ էին սկսվել՝ դրանք զուգորդվելով ռասիստական կոչերով ու վանկարկումներով։ Մոլեռանդ խմբերը երկրի տարբեր վայրերում լինչի դատաստանի են ենթարկել սիրիացիներին։ Իհարկե, սիրիացիների նկատմամբ այսչափ ատելությունը կուտակվել է հենց այդ երկրի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) վարած քաղաքականության արդյունքում։ Էրդողանի վարչակազմը վերջին տարիներին սիրիացի փախստականներին որպես գործիք է օգտագործել Արևմուտքից գումարներ շորթելու, ֆինանսական աջակցության հապաղման արդյունքում երկրի դարպասները բացելով, եվրոպական երկրներին՝ սիրիացի փախստականներին ուղարկելով սպառնալու համար։ Հասարակության շրջանում սիրիացիներին որպես ամենացածր խավ ընդունելու պատճառն էլ նույնպես դրա հետևանքն է։ Սոցհարցումներում, սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում Թուրքիայի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում այս տնտեսական ճգնաժամի պայմաններում սիրիացիներին ապաստան տալու, վերջիններիս պետության կողմից ֆինաջակցություն հատկացվելու կապակցությամբ։ Հիշյալ քաղաքականության մաս է նաև մինչև օրս Սիրիայի հյուսիսում թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողությունները։
Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» զինյալները (նոր անվանումը՝ «Սիրիայի ազգային բանակ») ի պատասխան Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների, հարձակվեցին թուրքական «նահանգապետարանի» շենքերի վրա, որտեղ գտնվում էին թուրք զինվորները։
«Կերը պակասելու արդյունքում, շունը տիրոջը չի ճանաչում»
Ազազում և Բաբում զինված խմբերը ներխուժել են Փոստային և հեռագրային կազմակերպության գրասենյակ ու վռնդել Թուրքիայից մեկնած անձնակազմին, բղավելով՝ «Ուռա՜ թուրքերը հեռանում են» և իջեցրել թուրքական դրոշը։ Չոբանբեյում թուրքական բեռնատարների վարորդներից պահանջել են վերադառնալ Թուրքիա, այնուհետև քարերով հարվածել են բեռնատարների ուղղությամբ, իսկ դրանցից մեկը՝ հրկիզել։ Այլ վայրերում նույնպես գրանցվել են թուրքական դրոշի պատռման կամ հրկիզման դեպքեր։ Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ոտքով հարվածում զրահամեքենային և ասում․ «Թուրքիայի ԶՈՒ-ի մեքենաները մեր ոտքերի տակ են... Հեռացե՛ք, շներ»։ Թուրքիայի ռազմաբազաների մոտ հավաքված ամբոխին կանգնեցնելու համար թուրքական ԶՈՒ-ն նույնիսկ կրակ է բացել դեպի օդ:
Ջերաբլուսում զինյալներն իրենց պատկանող ռազմական կետից իջեցրել են Թուրքիայի դրոշը։ Սիրիական ընդդիմության՝ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով, ժանդարմերիան կրակ է բացել Ջերաբլուսի սահմանային անցակետի վրա գրոհող զինյալների վրա։ Իդլիբում նույնպես թուրքական դրոշի վրա հարձակում է տեղի ունեցել, իսկ Աֆրինում զինյալները մոտենալով Անկարայի կողմից նշանակված նահանգապետի թիկնապահներին, ասել են․ «Դուք՝ թուրքերդ, դավաճաններ եք, ուզում եք մեզ Ասադին վաճառե՞ք։ Կուզենա՞ք մենք էլ ձեզ PKK-ին (Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի բանվորական կուսակցություն) վաճառենք»։ Այնուհետև Աֆրինում բախումներ են տեղի ունեցել զինյալների և թուրք ուժայինների միջև, ինչի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել 7 մարդ։
Թուրք քաղաքագետ Այդըն Սեզերը կարծիք է հայտնել, որ եթե Սիրիայում տեղի ունեցող բախումները տեղափոխվեն Թուրքիա, այլ բան կարելի է սպասել։ Մասնավորապես, դա բացատրվում է նրանով, որ Սիրիայի հետ սահմանին գտնվող Թուրքիայի Քիլիս, Ռեյհանլը և Շանլըուրֆա շրջանների բնակչության մեծ մասը սիրիացի է։ Եվ եթե սիրիացիների մոտ մտավախություն ստեղծվի, որ նրանց հետ են ուղարկելու Սիրիա, ու սկսեն Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ քայլեր ձեռնարկել, ապա մեծ բախման հավանականությունը չի բացառվի։
Նշենք, որ ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության 2024թ․ մայիսի 9-ի տվյալների, այդ երկրում սիրիացիների թիվը կազմում է 3 մլն 57 հզ․ 762։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարության համաձայն, 2023թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 237 հզ․ 995 սիրիացի փախստական։
Փորձագետների շրջանում տարածված մի վարկած կա․ «Սիրիայից դուրս գալու գինն ավելի թանկ է լինելու, քան մտնելը»։ Սեզերը նկատում է, եթե Սիրիայի հյուսիսում «Սիրիայի ազատ բանակ» զինված կառույցի որևէ հրամանատար կամ բարձրաստիճան ղեկավար սպանվի, դա կլինի Էրդողանի կուսակցության վերջը։
Այդ զինված կառույցի մեջ կան տարբեր խմբավորումներ, որոշները կռվում են իրար դեմ։ Նրանց մի մասի ֆինանսավորումը Թուրքիայից է, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, վերջին 4-5 ամսվա ընթացքում Անկարան այդ վարձկանների աշխատավարձերը չի փոխանցել։ Նրանց մի մասին Թուրքիան տեղափոխել է Լիբիա, որտեղ նույնպես ֆինանսական խնդիրներ են առաջացել։
«Այն, ինչ մենք անվանում ենք «Սիրիայի ազատ բանակ», բաղկացած չէ մեկ կառույցից: Մաքսանենգությամբ զբաղվողներ կան, ձիթապտղի յուղի առևտրով զբաղվողներ կան, Թուրքիայից ուղարկված ապրանքները Ասադի վարչակարգի շրջան գումարի դիմաց վաճառողներ կան, առևանգողներ կան...Ոմանք վախենում են Ռուսաստանից, ոմանք՝ Թուրքիայից»,- նշել է Սեզերը։
Հարց է առաջանում․ Թուրքիան դավաճանու՞մ է իր հերթական գործընկերոջը։
Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված Թուրքիայի՝ Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը բավական հետաքրքիր են, իսկ Էրդողանի ձգտումները՝ թերևս «լուրջ»։ Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ մինչև հաջորդ համապետական ընտրություններ՝ քվեների կուրուստ չունենալու համար Թուրքիայի իշխանությունները կարգավորեն Սիրիայի հետ հարաբերություններն ու «ազատվեն» սիրիացի փախստականներից։ Չնայած այս կարգավորումը, ի թիվս այլ երկրների հետ Թուրքիայի կարգավորման գործընթացների, մոտ ապագայում իրատեսական համարել չենք կարող, իսկ եթե այդպիսի բան տեղի ունենա անգամ, մեծ հաշվով Անկարայի կողմից շահադիտական բնույթ է կրելու։ Վերջինս փորձելու է օգտվել կարգավորման գործընթացից՝ սեղմ ժամկետներում իր խնդիրները լուծելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիայում սիրիացիների դեմ ռասիստական և ատելության հիմքով ծավալվող արշավներին, ապա դրանք նոր երևույթ չեն, իսկ թուրքական մոլագար ամբոխի՝ լինչի դատաստանի ենթարկելու դրսևորումները այդ ժողովրդին բնորոշ յուրատեսակ միջոցառումներ, որոնց ականատեսն ենք եղել Հայոց ցեղասպանության տարիներին ու Հանրապետական Թուրքիայի պատմության տարբեր շրջափուլերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |