Հարցազրույց10:45, 23 Հուլիս 2024
Ռուբեն Սաֆրաստյան․ «ԱՄՆ-ի համար Թուրքիան շատ կարևոր երկիր է»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին և հայտնել, որ սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում է իր դաշնակից երկրի՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին և ընտրական հնարավոր արդյունքներից առաջ որոշ առումով փորձում է դիրքավորվել։ Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Թրամփի ընտրվելու դեպքում ի՞նչ է ակնկալում Թուրքիան ԱՄՆ-ից։ Դեմոկրատների նոր թեկնածուն կարդարացնի՞ Թուրքիայի հույսերը, չնայած որ Թուրքիայի նախագահն անտեսվել է Բայդենի կառավարման շրջանում։ Այս հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Էլեն Քոքչյանը զրուցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
- Պրն Սաֆրաստյան, եթե ամփոփենք Բայդենի կառավարման շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ բնորոշում կտաք այդ երկկողմ հարաբերություններին։
- Կարճ բնորոշումը հետևյալն է․ Այո, Բայդենի կառավարման օրոք Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կային խնդիրներ։ Բայց ընդհանուր առմամբ այդ խնդիրները լուծվում են և լուծվեցին։ Երկրորդ եզրակացությունն այն է, որ Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի աշխարհառազմավարական դաշնակիցը և չի շեղվում իր ընդհանուր ռազմավարությունից։
- ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձից հետո Թուրքիայի նախագահը շտապեց սոցցանցի գրառմամբ դատապարտել կատարվածը, այնուհետև օրեր անց հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Թուրքիան ինչպիսի ազդակներ է փոխանցում և հեռակա ո՞ր թեկնածուին է սատարում։
- Երբ Էրդողանը խոսեց Թրամփի հետ, այդ ժամանակ դեմոկրատական կուսակցության թեկնածուն դեռևս Բայդենն էր և պարզ չէր, որ վերջինս կհրաժարվի իր թեկնածությունից։ Թրամփի հետ խոսելով՝ Էրդողանը հույս ունի, որ նրա հավանական հաղթանակի դեպքում Թուրքիան ԱՄՆ-ից կստանա բոլոր այն արտոնությունները, որոնք նա ձգտում է ստանալ՝ մասնավորապես Մերձավոր Արևելքից։ Ինչու՞։ Սպասվում է, որ եթե Թրամփը դառնա նախագահ, ինչպես ինքն է հայտարարել, ԱՄՆ-ի ներկայությունը աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր տարածաշրջաններում, այդ թվում, գուցե և առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում պակասեցնելու է։ ԱՄՆ-ն որոշ չափով հետ է քաշվելու Մերձավոր Արևելքից։
Թուրքիան հույս ունի, որ ամերիկացիները ռազմավարական առումով իրենց հնարավորություն կտան լրացնել այն ազատ վակուումը, որը կառաջանա ամերիկացիների հետ քաշվելուց։ Ես կարծում եմ, որ հիմնական շարժառիթը Էրդողանի՝ այդքան վաղ Թրամփի հետ կապ հաստատելը, հենց դա է։
- Եթե համեմատենք Թրամփի և Բայդենի կառավարման շրջանները, Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ո՞ր գործչի պաշտոնավարման շրջանում է եղել բարենպաստ ու ավելի շահեկան թուրքական իշխանությունների համար։
- Չեմ ցանկանա ընդհանուր գնահատական տալ և համեմատություն անցկացնել Թրամփի և Բայդենի կառավարման շրջանների միջև։ Այդ երկու նախագահներն էլ վարում են ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Իսկ ամերիկյան ռազմավարության ու քաղաքականության համար թե՛ համամոլորակային առումով, և թե՛ տարածաշրջանային առումով մեծապես գնահատվում է Թուրքիայի դերը։ Դա կապված է ինչպես Թուրքիայի աշխարհագրական դիրքից, այնպես էլ Թուրքիայի հնարավորություններց, մասնավորապես՝ տարածաշրջանային և ռազմական առումով։
Երկու նախագահներն էլ, ըստ էության Թուրքիայի նկատմամբ վարել են այն քաղաքականությունը, որը բխում է Թուրքիայի նկատմամբ ամերիկյան էլիտայի ընդհանուր պատկերացումներից։ Իսկ Թուրքիան ամերիկյան էլիտայի համար անկախ նրանից նրանք դեմոկրատ են, թե հանրապետական, շատ կարևոր երկիր է թե աշխարհագրական, թե աշխարհաքաղաքական, և թե՛ քաղաքական առումով։ Դրա համար Թուրքիան պետք է շարունակի մնալ ամերիկյան ընդհանուր ռազմավարության շրջանակներում։ Այդ է պատճառը, որ ամերիկացիները թե՛ Թրամփի և թե՛ Բայդենի ժամանակ աչք են փակում Թուրքիայի կողմից հնչվող քննադատություններին, նույնիսկ կոպտություններին, որոնք թույլ է տալիս Էրդողանը ԱՄՆ-ի ղեկավարների նկատմամբ։ Որոշ բնագավառներում Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության վրա ևս աչք են փակում։ Եթե անհրաժեշտություն են զգում, ուժեղացնում են ճնշումը Թուրքիայի վրա։ Եվ Թուրքիան, որ թույլ էր տալիս առաջացնել ամերիկացիների դժգոհությունը, այդ իր քաղաքականությունն ավելի մեղմում է, թուլացնում է և սկսում է համագործակցել ամերիկացիների հետ։
Դրա օրինակը մենք տեսնում ենք։ Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ն ուժեղացրեց ճնշումը Թուրքիայի բանկային համակարգի վրա և դա հանգեցրեց նրան, որ առևտուրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև անկում ապրեց։ Թուրքիան պակասացրեց գազի գնումները ՌԴ-ից։ Իսկ Թուրքիան կարևոր դերակատարում ուներ ՌԴ-ի համար՝ մասնավորապես ուկրաինական պատերազմից հետո, որովհետև օգնում էր ՌԴ-ին շրջանցել ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Արևմուտի սահմանած պատժամիջոցները։ Հիմա, երբ ամերիկացիները ճնշումն ուժեցացրին թուրքերի, թուրքական բանկային համակարգի վրա, Թուրքիան սկսեց ավելի զուսպ պահել իրեն ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչն էլ հանգեցրեց ՌԴ-ի հետ հարաբերությունների սառեցման։
Օրինակ՝ մենք տեսնում ենք, որ ամիսներ շարունակ Պուտինի Թուրքիա այցը չի կատարվում։ Որովհետև դա ամերիկացիների ճնշման արդյունքն էր։ Հետևաբար անկախ թե որ նախագահն է ղեկավարում ԱՄՆ-ում, Միացյալ նահանգները, երբ անհրաժեշտություն է տեսնում, ճնշում է գործադրում կամ ուժեղացնում է այդ ճնշումը, և Թուրքիան ենթարկվում է ամերիկացիներին։ Սա է ընդհանուր պարադիգմը Թուրքիայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության։ Կրկնեմ, քանի որ Թուրքիան իրենց համար կարևոր է, ժամանակ առ ժամանակ վերջինիս թույլ են տալիս, որ շեղումներ թույլ տա, քննադատի ամերիկացիներին, և ամերիկացիների քթի տակ այնպիսի քայլեր ձեռնարկի, որ կարող է վերջիններիս դուրը չգալ։
Բացի ՌԴ-ի հետ հարաբերություններից, Թուրքիան Իսրայել-Գազա հակամարտության մեջ պաշտպանում է պաղեստինցիներին։
-Եթե ընտրվի Թրամփն, Անկարան ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ իր ռեգիոնալ քաղաքականության մեջ։
- ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության վերաբերյալ իմ ընդհանուր գնահատականն այն է, որ ամերիկացիներն ինչպես հիմա են վարում իրենց քաղաքականությունը Հարավային Կովկասում, այնպես էլ կշարունակեն Թրամփի ժամանակ։ Ամերիկացիները Հարավային Կովկասում առանձնապես մեծ ակտիվություն չեն ցուցաբերում, որովհետև դա նրանց համար երկրորդական է և ակնհայտ է, որ Ուկրաինան է կարևոր, կամ ընդհանուր Մերձավոր Արևելքն է կարևոր։ Ես կարծում եմ, որ նման քաղաքականություն կշարունակվի նաև Թրամփի ժամանակ և կտրուկ փոփոխություններ ամերիկյան հարավկովկասյան քաղաքականության մեջ մենք չենք տեսնի։ Ըստ իս՝ ամերիկյան քաղաքականության որոշ փոփոխություններ կլինեն Մերձավոր Արևելքում, նաև Եվրոպայում։ Օրինակ՝ ուկրաինական պատերազմի հետ կապված այդ փոփոխությունների ընդհանուր իմաստը կլինի այն, որ ամերիկացիները կփորձեն այն բեռը, որ իրենք վերցրել են՝ ավելի պակասացնեն։ Իսկ Հարավային Կովկասում ամերիկացիները, քանի որ մեծ ուշադրություն չեն դարձնում և առանձնապես մեծ հետաքրքրություն չունեն, չեմ կարծում, որ այստեղ կտրուկ փոփոխություններ լինեն։
ԱՄՆ պաշտոնատար անձինք, ինչպես հայտարարեցին, շահագրգռված են, որ այն կոմունիկացիան, որը պետք է կապի Չինաստանը Եվրոպայի հետ, անցնի Հարավային Կովկասով, այլ ոչ թե ՌԴ-ով կամ Իրանով, որպեսզի ինչ-որ հսկողություն ունենան կոմունիկացիայի վրա։
Ինչ վերաբերում է Անկարայի ակնկալիքներին, չեմ կարծում, որ ամերիկացիները շատ բան թույլ տան Թուրքիային։ Ապագայի խնդիր է, իրականությունից հեռու է։ Դա այնպիսի խնդիր չէ, որ Թուրքիան ԱՄՆ-ից մեծ բան ստանա։ Դրա գինը ԱՄՆ-ի համար այդքան մեծ չէ։ Նույնիսկ Թրամփի ընտրվելու դեպքում, չեմ կարծում, որ Թուրքիան Միացյալ Նահանգներից մեծ արտոնություններ կստանա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում անցկացված «G20»-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիս է տվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |