Հոդված14:12, 27 Օգոստոս 2024
Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, բայց Էրդողանը հայտարարում է՝ «աղքատություն չկա»
Մինչ Թուրքիայում ազգային արժույթը՝ թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները, իսկ տնտեսության վիճակը դեռևս պահպանում է «կայուն ծանր» վիճակը, երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն թույլ է տալիս հայտարարելու․ «Չքավորությունն ու աղքատությունը վերջացել են»։
Վերջին շրջանում Թուրքիայում անցկացված սոցհարցումներն անգամ ցույց են տալիս լիովին այլ պատկեր, որ երկրի օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում թանկությունն ու ֆինանսական դժվարությունները։ Սակայն Էրդողանն այդ հայտարարությամբ չի սահմանափակվում և հավելում է․ «Արգելքների, կեղեքումների, աղքատության ու չքավորության այդ հին օրերն այժմ ամբողջովին անցյալում են ու այլևս երբեք չեն վերադառնալու»:
Հարկ է նշել, որ Էրդողանը «Նոր Թուրքիայի» մեկնարկի մասին հայտնել է 2023թ․ ընտրություններում իր հաղթանակից հետո՝ ազդարարելով «Հին Թուրքիայի»ավարտը։
Արտաքուստ թվում է, թե այս հայտարարությունն անում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող մի երկրի ղեկավար, սակայն հայտարարությունը հակասում է Թուրքիայում տիրող իրավիճակին և իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Դա փաստում են անգամ Թուրքիայի շարքային քաղաքացիներն ու ընդդիմադիր շրջանակները, որոնք սոցցանցերի տարբեր հարթակների միջոցով և ոչ իշխանամերձ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում արտահայտում են իրենց դժգոհությունն առկա սոցիալական անհավասարության, իրավունքների ոտնահարման, ազատության սահմանափակման և իհարկե, տնտեսական ճգնաժամի հետ կապված։ Էրդողանի այս հայտարարությունը նույնպես անարձագանք չի մնացել և քննադատությունների առիթ է հանդիսացել։
Թուրքիայի տարեց մի քաղաքացի, որի անունը թուրքական «Anka Haber» լրատվակայքում չի նշվում, այդ կապակցությամբ ասել է․ «Ի՞նչ ասենք։ Եթե խոսենք՝ կձերբակալվենք։ Արդեն հոգնել ենք։ Թոռնիկիս հետ եմ եկել (շուկա), իր ուզածը չեմ կարողանում գնել։ Լոբի ենք գնել, գնում ենք։ Թոռնիկս սա է ուզում, նա է ուզում, չենք կարողանում գնել։ Չե՞ն տեսնում, թե ժողովուրդն ինչերի միջով է անցնում, իրենք շատ բարձր են։ Ամբողջովին կտրվել են ժողովրդից»։
Թոշակառու մի կին ևս դժգոհում է գնաճից, ֆինանսական սղությունից։ «Գալիս ենք շուկա, պտտվում, գնում ենք։ Միս չենք կարողանում գնել։ Ո՞րտեղից գնենք։ 700-800 լիրա (7980–9130 դրամ) է։ 12․500 լիրա (142.650 դրամ) թոշակով ինչպե՞ս գնենք։ Նույնիսկ հավ չենք կարողանում գնել»։
Մայրաքաղաք Անկարայից մի այլ քաղաքացի կարծում է, որ աղքատությունը դեռ առջևում է, և խուսափում է տեսախցիկի առջև խոսելուց, պնդելով, որ այժմ իրեն էլ կբանտարկեն ազատ կամարտահայտության համար։
Ֆաթմա Բաղըշլայըջը անունով մի քաղաքացի էլ հակադրվում է Էրդողանին․ «Եթե այդքան էժան է, դուրս արի տեսնենք։ Ամեն ինչ կրակի գին է։ Էլ ի՞նչ էժանություն։ Միրգ-բանջարեղենը թանկ։ Եթե ամսվա մեջ մեկ կիլոգրամ աղացած միս գնենք, պետք է համբուրենք, դնենք գլխներիս։ Ունևորը աղքատի վիճակը կհասկանա՞։ Նրանց համար ոչինչ չի փոխվում։ Մենք ենք խեղդվում։ Իշխանությունը ի՞նչ է՝ չգիտի՞, չի՞ տեսնում, ընդհանրապես շուկա չի՞ այցելում։ Ամեն ինչից էլ տեղյակ է, բայց ոչինչ չի անում։ Կյանքը մեզ համար վերջացել է»։
Մեկ էլ այլ քաղաքացի էլ Էրդողանին ստախոս է անվանում ու ընդգծում․ «Հինգ աշխատավարձ ստացողների համար աղքատություն չկա»։
Ստացվում է այնպես, որ Թուրքիայի իշխանությունները թմբկահարում են, որ իրենց երկրում սոցիալական վիճակը կայուն է, և նույնիսկ ավելի բարվոք, ինչի համար տարբեր երկրներում իրենց ազդեցությունը մեծացնելու համար օգնություն են ուղարկում։
«Թուրքիան վառել են, Թուրքիան էլ չկա»,-բողոքն է արտահայտել մեկ ուրիշ քաղաքացի։
Անկարայից մի բնակիչ լրագրողի հետ զրույցում հարց է բարձրացրել․«Կյանքի երաշխիք կա՞, որ խոսեմ»։
Հիշեցնենք, որ Թուրքիան գրեթե միշտ եղել է Եվրախորհրդի՝ մամուլի և խոսքի ազատության առումով ամենաշատ սահմանափակումներ ունեցող երկրներից մեկը։ Պատահական չէ, որ ամենից շատ ձերբակալված լրագրողներ ունեցող երկրների ցանկի առաջին հորիզոնականներում է զբաղեցնում հենց Թուրքիան։
Էրդողանին հակադարձել է նաև Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մահիր Փոլաթը։ Ընդդիմադիր գործիչը տվյալներ է ներկայացրել Թուրքիայում աղքատության մակարդակի վերաբերյալ։ «Նոր Թուրքիայում 17 միլիոնն աղքատ են, իսկ 3 մլն 500 հազ․ ընտանիք՝ ծայրահեղ աղքատ»։ Նա 2024թ․ Թուրքիայի համար աղքատության տարի է որակել։ «4 մլն ընտանիք չի կարողանում վճարել էլեկտրաէներգիայի գումարը, իսկ 1․5 մլն ընտանիք վառելիք չունի»։
Եթե իրականությանը համապատասխանում են թուրք ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած, ինչպես նաև ավելի վաղ հրապարակված բազմաթիվ զեկույցների տվյալները, ապա դրանք ցույց են տալիս, որ 85 մլն․ 372 հազ․ 377 (2024թ․) բնակչություն ունեցող Թուրքիայում աղքատության շեմից ցածր է ապրում բնակչության ավելի քան 37 տոկոսը (մոտ 32 միլիոն 150 հազար մարդ)։
Նշենք, որ ԺՀԿ-ի Աղքատության գրասենյակի 2023թ․ զեկույցի համաձայն՝ բնակչության 98 տոկոսը կամ 83 միլիոն մարդ ապրում է աղքատության շեմից ցածր, մինչդեռ 51,6 միլիոնը (60,4 տոկոս)՝ սովի շեմից ցածր:
Էրդողանի աղքատության վերացման վերաբերյալ հիշյալ հայտարարությունը թույլ է տալիս կարծելու, որ կամ հենց ինքը՝ Էրդողանը իրականությունից կտրված է, շատ է խզել կապը հասարակության հետ և իրականում չի տիրապետում իր երկրի սոցիալ-տնտեսական իրական վիճակին, կամ էլ այդ ամենը լիովին պատկերացնելով, փորձում է «թոզ փչել ժողովրդի աչքերին՝ քաղաքական իմիջը բարձր պահելու և դիվիդենտներ շահելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |