Հարցազրույց13:43, 09 Հոկտեմբեր 2024
Սուրեն Պարսյան․ «Այնպես չէ, որ սահմանի բաց լինելու դեպքում Թուրքիան կբացի իր շուկան»
Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք հայ և թուրք տնտեսագետների հետ։
Ավելի շատ ռիսկեր-վնասնե՞ր, թե՞ օգուտներ՝ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում, կա՞ն տեղեկություններ, թե այս պահի դրությամբ ի՞նչ ծավալների ապրանք է ներկրվում Թուրքիայից Հայաստան։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանի հետ։
- Պրն․ Պարսյան, պատկերացնենք՝ բացվել է հայ-թուրքական սահմանը ու Հայաստանն ունի Միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն։ Ի՞նչ կտա դա ՀՀ-ին, ի՞նչ դռներ կբացի Հայաստանի տնտեսության համար և ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը։
- Նախ պետք է առանձնացնենք սահմանի և շուկայի բաց լինելու գաղափարները։ Մենք 1993-ից սկսած Թուրքիայի հետ ունեցել ենք փակ սահման, բայց մեր շուկան բաց է եղել։ Թուրքական ապրանքները շատ հեշտությամբ ներթափանցել են և եղել է ժամանակ, երբ բավականին լուրջ դերակատար են եղել։ Մենք տարիներ շարունակ թուրքական տնտեսությունից օգտվել ենք, դարձել ենք իրենց ապրանքների գնորդը և դա էլ այն պարզ պատճառով, որ մենք չենք ունեցել այլընտրանք այդ պահին, ու հետո թուրքական ապարքները եղել են էժան ու որակյալ։ Հետագայում իրավիճակը փոխվեց, հատկապես 2020 թ․-ից հետո, երբ որ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց 6 ամսով արգելել թուրքական ապրանքների ներկրումը, այնուհետև ևս 6 ամսով արգելեց։
Իրավական տեսանկյունից արգելք եղել է, բայց փաստացի այդ արգելքը շրջանցվել է երրորդ երկրների միջոցով, մասնավորապես թուրքական ապրանքների պիտակները Վրաստանում փոխվում էին ու ներկրվում Հայաստան։ Նույնիսկ արգելքի պայմաններում մեր շուկան լի էր թուրքական ապրանքներով, կարող է ինչ-որ չափով նվազեց հոսքը, այնուամենայնիվ այն ակնկալիքը չեղավ, որը նախատեսվում էր։ Նաև այդ ժամանակ կառավարությունը հայտարարում էր, որ սա երկարաժամկետ բնույթի միջոցառում է և կոչ էր անում թուրքական ապրանքների ներկրման փոխարինման քաղաքականություն իրականացնել ու խրախուսում էր, որ բիզնեսմենները ներդրումներ կատարեն թուրքական ապրանքների փոխարինման համար։ Իրոք, այդ ժամանակ բավականին բուռն աճ գրանցեց օրինակ՝ տեքստիլը ու թղթից պատրաստվող ապրանքները․ անձեռոցիկներ, տարբեր իրեր, որոնք գալիս էին Թուրքիայից, սկսեցին տեղում արտադրվել։ Ցավոք, այդ արգելքը երկար չտևեց և ներկայումս շարունակվում է թուրքական ապրանքների հոսքը Հայաստան, որոնց գինը անհամեմատ էժան է՝ պայմանավորված էներգակիրների գների էժանությամբ, գազի գնի մատչելի լինելով, ինչպես նաև թուրքական լիրայի՝ վերջին տարիների աննախադեպ արժեզրկմամբ։ Այսինքն, մեր տեղական ապրանքները չեն կարողանում մրցակցել։
Իսկ ինչ վերաբերում է սահմանի բաց լինելուն, ապա սահմանի բաց լինելը, ըստ էության, Հայաստանի տնտեսության համար չի կարող մեծ ու էական ազդեցություն թողնել, հաշվի առնելով այն, որ մենք Թուրքիա արտահանվող ապրանքներ չունենք։ Այս ընթացքում մենք հիմնականում արտահանել ենք զարդեր, չնայաց անցած տարի՝ 2023 թ․-ին աննախադեպ իրավիճակ ունեցանք․ մոտ 60 մլն դոլարի ոսկու արտահանում իրականացվեց։ Նման արտահանում երբեք չենք ունեցել, ռուսական ոսկին եկավ Հայաստան ու գնաց Թուրքիա։ Մի պահ մի քանի ամիս աշխատեց այդ հոսքը ու դադարեցվեց։
Մենք պետք է հասկանանք՝ թուրքական շուկա, թե ինչ կարող ենք արտահանել։ Երբ որ խոսում ենք փոխադարձ առևտրի մասին, ոչ միայն էական նշանակություն ունի սահմանի բաց և փակ լինելը, այլ նաև այն մաքսային քաղաքականությունը, որը վարում են երկրները։ Հայաստանի պարագայում մաքսային քաղաքականությունը հստակ է՝ ԵԱՏՄ շրջանակներով արձանագրված։ Հայաստանը չի կարող երրորդ երկրների նկատմամբ խտրական մաքսատուրքեր կիրառել, նույնիսկ Թուրքիայի նկատմամբ, իսկ Թուրքիան կարող է մինչև իր ապրանքների 50%-ի նկատմամբ մինչև 40% մաքսատուրք կիրառել։
Չնայած Թուրքիան հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, բայց այդ անդամակցության ժամանակ հստակ արձանագրել է, որ ապրանքների 50%-ի համար մաքսատուրքերը կֆիքսի ու 50%-ի նկատմամբ կարող է տարբերակված, ճկուն մաքսատուրքեր որոշի։ Սա թույլ է տալիս պաշտպանել իր շուկան արտաքին ազդեցություններից և Հայաստանի պարագայում պետք է արձանագրել, որ մենք որպես հնարավորություն թուրքական ապրանքները արտահանելու էական ներուժ չունենք։
Տրանսպորտային ծախսերի կրճատման տեսանկյունից դա կարող է հայկական կողմի համար որոշակի ազդեցություն ունենալ, ոչ թե դեպի Թուրքիա ապրանքներ արտահանելու, այլ դեպի Եվրամիություն (ԵՄ)։ Բայց այս պարագայում ևս մենք գործ ենք ունենում դարձյալ ապրանքների հետ, այսինքն՝ ինչ ապրանքներ ենք մենք հիմա արտահանում ԵՄ։
Հատկանշական է, որ անցալ տարի մեր ընդհանուր առևտրաշրջանառության մոտ 12-%-ն էր բաժին ընկնում ԵՄ երկրներին, իսկ այս տարի նրանց տեսակարար կշիռը նվազել է՝ հասնելով 3-4%-ի։ Հայաստանը ԵՄ երկրներ հիմնականում արտահանում է պղինձ և մոլիբդեն՝ այսինքն ոչ պատրաստի արտադրանք, իսկ այդ արտահանումը իրականացվում է Փոթի (Վրաստան-խմբ․) նավահանգտի միջոցով՝ գնացքով։ Այսինքն ամենակարճ նավահանգիստը գնացքով Հայաստանի պարագայում Փոթի նավահանգիստն է։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմը իր նավահանգստային ծառայությունների համար ինչպիսի սակագնային քաղաքականություն կարող է վարել, բայց նույնիսկ այդ պարագայում պետք է հասկանանք, որ երկաթուղով թուրքական նավահանգիստ հասնելը ավելի երկար է լինելու, քան Երևանից երկաթուղով բեռը Փոթի հասցնելը։ Միևնույն է մեր ամենակարճ երկաթուղով նավահանգիստը Փոթին է։ Խնդիրը կայանում է նրանում, թե թուրքական նավահանգիստը սակագնային ինչ քաղաքականություն կվարի, դրա մասին որևէ տեղեկատվություն չկա, որովհետև այստեղ էլ կան տարբեր խտրական մոտեցումներ՝ կապված երկրից։
Օրինակ՝ Թուրքիան ու Ադրեբեջանն ունեն առանձին համաձայնագիր՝ արտոնյալ ռեժիմով են աշխատում։ Նույն Վրաստանն էլ ունի արտոնյալ ռեժիմ Ադրբեջանի համար, պայմանավորելով նրանով, որ Ադրբեջանն ավելի շատ բեռներ է տեղափոխում ու նրանց համար զեղչեր է անում։ Սա էլ այսպես ընդհանուր տնտեսական քաղաքականության բաղադիչներից մեկն է հանդիսանում։
Հետևաբար այս պահին այսպես գնահատել այդ ազդեցությունը, որ մենք կտրուկ ունենալու ենք արտահանման աճ այս ուղղությունով, պետք է հասկանանք՝ ինչ ապրանքներ ենք արտահանում, իսկ այդ մրցունակ ապրանքներն այս պահին չունենք։ Տրանսպորտային ծախսերը, այո, Հայաստանի պարագայում բավականին մեծ են, որը կարող է իր ազդեցությունը թողնել այս կամ այն ապրանքի մրցունակության վրա, բայց թե այդ ազդեցությունը այնքան մեծ չէ, որ կարող է, օրինակ՝ պայմանական մեր գինին, որը չենք կարողանում Եվրոպա արտահանել, դրա միջոցով կարողանալու ենք։ Մենք պետք է մտածենք արտահանման տեսանկյունից այնպիսի ապրանքներ, որոնք ունեն փոքր ծավալ ու մեծ արժեք, որը ՀՀ-ի պարագայում ձեռնտու կլինի։
Օրինակ՝ ծխախոտի պարագայում․ մոտավորապես 200 մլն դոլարի ծխախոտ ենք արտահանում Մերձավոր Արևելքի երկրներ։ Տրանսպորտային ծախսերը բավականին մեծ են, բայց այս պարագայում, քանի որ փոքր ծավալ ունի ու մեծ արժեք, այդքան էլ չի երևում։ Մենք պետք է սա գիտակցենք։
Այսպես ասեմ․ Հայաստանի պարագայում շատ կարևոր է նաև հայ-թուրքական սահմանի բաց լինելը որպես այլընտրանքային ճանապարհ, բայց ոչ հիմնական։ Մենք պետք է ունենանք այլընտրանքներ, որովհետև դրանք թույլ են տալիս բանակցել, բանավիճել նաև վրացական կողմի հետ, որովհետև վրացական կողմը օգտվելով իր դիրքերից, իր սակագնային քաղաքականությունն է պարտադրում ու մենք չենք կարող ասել՝ ո՛չ, չենք ցանկանում օգտվել, քանի որ դա մեր միակ ելքն է արտաքին աշխարհ։
Մեզ համար դա կարող է որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործվել բանակցությունների համար։ Ի դեպ, այս նույն խնդիրն ունի նաև Ադրբեջանը՝ դեպի Թուրքիա, դեպի Եվրոպա ապրանք տեղափոխելիս ստիպված է վրացական սակագնային քաղաքականությանը ենթարկվել ու այս առումով, երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են Հայաստանով ունենալ ճանապարհ, նաև այդ տրամաբանությամբ ուզում են Վրաստանի հետ փորձել ուժեղ դիրքերից բանակցել։ Երբ որ ունեն Հայաստանով ճանապարհ, բնականաբար վրացական կողմին կարող են իրենց պահանջներն ու պայմանները ներկայացնել;
- Ըստ ձեզ՝ ավելի շատ ռիսկեր-վնասնե՞ր, թե՞ օգուտներ՝ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում։
- Հայ-թուրքական սահմանի բացումը մեզ համար չի կարող էական օգուտներ ունենալ ու չի կարող էական վնասներ ունենալ։ Այն մարդիկ ովքեր ուռճացված սպասումներ են առաջացնում կամ ուռճացված վախեր են մեջբերում՝ երկուսն էլ սխալվում են այս պարագայում։ Շատ պարզ պատճառով, որովհետև մեր շուկաները արդեն իսկ բաց են, այսինքն թուրքական ապրանքները գալիս են Հայաստան, իսկ հայկական ապրանքները չեն գնում Թուրքիա, որովհետև մրցունակ չեն և Թուրքիան պաշտպանում է իր ներքին շուկան։ Այնպես չէ, որ սահմանի բաց լինելու դեպքում Թուրքիան շուկան բացելու է։ Սրանք մեկը մյուսի հետ կապված երևույթներ չեն։ Մենք պետք է խոսենք ոչ թե սահմանի բացման, այլ թուրքական շուկայի բացման մասին, եթե ուզում ենք մուտք գործել։ Իսկ թուրքական շուկա քիչ հավանական է, որ Հայաստանի համար կբացվի՝ հաշվի առնելով իր արտաքին տնտեսական քաղաքականությունը։ Նորից կրկնեմ Թուրքիան ԱՀԿ-ին անդամակցել է իր պայմաններով և իր պայմաններով է գործում ու որևէ տնտեսական միավորման անդամ չէ այս պահին։ Թուրքիան տնտեսական քաղաքականությունը վարում է ինքնուրույն՝ ի տարբերություն Հայաստանի, որը Եվրասիական տնտեսական միության տրամաբանությամբ է շարժվում։ Այս պայմաններում խոսել թռիչքաձև աճի, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մի քանի տոկոս աճի մասին ուղղակի հիմք չունեցող հաշվարկներ են։
Նույնիսկ այդ հաշվարկներ անողները չեն կարողանում իրենց թվերը ապացուցել։ Թվերը ուղղակի իներցիոն որոշակի մոդելների մեջ են տեղադրում, տրնասպորտային ծախսերը նվազեցնելով, բայց տրանսպորտային ծախսերի նվազեցումը պետք է նաև գնահատել այլ գործոնների ազդեցության ներքո։ Օրինակ՝ թուրքական լիրայի ազդեցությունը, թուրքական մաքսային քաղաքականության ազդեցությունը և այլն։ Հայաստանի պարագայում մտահոգիչ կարող է լինել թուրքական գյուղատնտեսական մթերքների ներկրման աճը, դա կարող է ավելանալ բաց սահմանի հետևանքով։ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում գյուղմթերքի արտադրության մեծ ներուժ կա, բայց դրա մեծածավալ հոսքը քիչ հավանական է։
Մենք Վրաստանի հետ ունենք բաց սահման, բայց այնպես չէ, որ Վրաստանից մեծ քանակությամբ գյուղմթերք է գալիս, բացառությամբ՝ ցիտրուսների, որոնք չունենք։ Գալիս են այն ապրանքները, որոնք Հայաստանը չունի։ Մենք Թուրքիայից էլի կբերենք նարինջ, որովհետև չունենք, միգուցե կարող է նարինջի տրանսպորտի ծախսերը մի քիչ նվազեն ու էժան նարինջ գա Հայաստան, բայց դարձյալ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը զգալի օգուտ չի ստանում։ Այսինքն, երբ որ էժան ապրանք է գալիս, դրա օգուտը ո՞րն է Հայաստանի տնտեսությանը։ Միգուցե հայ սպառողը ավելի քիչ է նարինջի համար վճարում, բայց մենք խոսում ենք այնպիսի ապրանքների մասին, որոնք կարող են Հայաստանի մեջ ստեղծել լրացուցիչ հավելյալ արդյունք, նոր աշխատատեղեր և մենք կարողանանք դա արտահանել այլ երկրներ։
- Սահմանի բացման պարագայում հատկապես ո՞ր ոլորտների վրա կլինի թուրքական ազդեցություն։
- Սահմանի բացումը կարծում եմ՝ ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտի վրա, ինչպես նաև ծառայությունների որոշ ոլորտներ կարող են աշխուժանալ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է հանգստի և զվարճանքի ծառայություններին։ Ես հեռու եմ այն մտքից, որ թուրքերը ու հատկապես այդ շրջաններում բավականին խիտ բնակեցված քրդերն ու ադրբեջանցիները կգան Հայաստան, կսովորեն, կօգտվեն առողջապահական ծառայություններից։ Բայց, միգուցե գան զբոսաշրջության, զվարճանքի ու ժամանցի համար։ Զբոսաշրջության ոլորտը կարող է աշխուժանալ Հայաստանում ու ոչ միայն, ինձ թվում է, որ ավելի շատ կաշխուժանա Հայաստանի արտագնա զբոսաշրջությունը, քան ներգնա, որովհետև ավելի կհեշտացվի դեպի Թուրքիա այցերը, հետո Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններ։ Սրանով մենք դարձյալ թուրքական տնտեսությանը կօգնենք, որ զբոսաշրջության ոլորտը էլ ավելի զարգանա։ Եթե հաշվենք, իմ կարծիքով, մի քանի անգամ ավելի շատ մենք կգնանք, քան իրենք կգան ու էլի օգուտ կլինի Թուրքիայի տնտեսությանը։
- Տարածաշրջանում գործող երկաթուղիները շրջանցում են Հայաստանի Հանրապետությունը, ներկայիս իրավիճակում ինչպե՞ս պետք է գործի Հայաստանը, ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում և որո՞նք են այն ուղիները, որոնց մաս կարող է կազմել ՀՀ-ը։
- Կարող են ակտիվանալ նաև տրանսպորտային որոշակի ծառայություններ, ՀԱԲ կարող է գործել Հայաստանում, այսինքն, կարողանա հյուսիս-հարավ բեռների փոխադրում կատարել դեպի արևմուտք։ Ենթադրենք իրանական բեռները և ռուսական բեռները Հայաստանում հավաքվեն և ուղարկվեն Թուրքիա։ Դա ուղղակի տեսական դատողություն է, որովհետև նման ծրագրեր էլ կային, որ ստեղծվեր Գյումրիում տրանսպորտային ՀԱԲ, «Չոր նավահանգիստ» և այլն ու դրանք տեսական մակարդակում։ Իսկ գործնական մակարդակում Հայաստանի տրանսպորտի ակտիվացումը կարող է լինել Գյումրու երկաթգծի բացման պարագայում, բուն երկաթգծի բացումը թույլ կտա Հայաստանից բեռներ տեղափոխել երկաթգծով Թուրքիա, Թուրքիայից-Հայաստան, բայց, ըստ էության, մենք ոչինչ չենք տեղափոխում այնտեղ, իսկ եթե Նախիջևանի հատվածը բացվի, այդ դեպքում իրանական բեռները կարող են Հայաստանի միջոցով հասնել Թուրքիա։ Եթե մենք խոսում ենք օգուտների մասին, կամ ոլորտների մասին, ապա, տրանսպորտային կամ տարանցիկ օգուտի մասին խոսել առանց Նախիջևանի երկաթգծի բաց լինելու՝ այդ օգուտը չի լինի։ Վրաստանը իր բեռները կտեղափոխի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, ինքը խնդիր չունի բեռները բերի Հայաստան, նույնն էլ Ադրբեջանը։ Ուղղակի Ադրբեջանի պարագայում որպես այլըտնրանք կարող է լինել։ Ենթադրենք՝ վրացական կողմին ներկայացնի, դուք ինձ լավ, արտոնյալ պայամաններով տվեք երկաթգիծը, հակառակ դեպքում ենթադրենք՝ Ղազախով իմ բեռները Հայաստանով կտեղափոխեմ Գյումրիով Թուրքիա։ Բայց դա էլ քիչ հավանական է, հաշվի առնելով, որ նույն Ադրբեջանն է ֆինանսավորել Կարս-Թբիլիսի երկաթգծի կառուցումն ու կստացվի, որ ինքը ֆինանսավորել է մի նախագիծ և չի օգտվում ու դա էլ այս պարագայում անտրամաբանական կլինի։
Իսկ հյուսիսից ռուսական բեռների փոխադրումը ևս անհնար է՝ Աբխազիայով պայմանավորված։ Բացի այդ, հյուսիսից եկող բեռները կարծում եմ ավելի հարմար, հեշտ տարբերակով՝ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծով կգնան, քան կմտնեն Երևան ու կգնան Գյումրի։ Այսինքն, Հայաստանի պարագայում տարանցիկ երկաթուղային բեռնափոխադրումը կարող է ապահովել, երբ որ Նախիջևանի տրանսպորտային հանգույցը ևս բացվի զուգահեռ։ Թե չէ միայն Գյումրու երկաթգծի բացմամբ չի կարող դրական ազդեցություն թողնել փոխադրումների վրա կամ երկաթուղային բեռնափոխադրումների վրա։
- Կա՞ն տեղեկություններ, թե այս պահի դրությամբ ի՞նչ ծավալների ապրանք է ներկրվում Թուրքիայից Հայաստան։
- Մինչ պատերազմը՝ 2019 թ․-ին, Թուրքիայից ներկրվում էր շուրջ 260 մլն դոլարի ապրանք։ 2020-ից հետո սկսեց նվազել։ Արգելքի տարում այն հասել էր մոտավորապես 60-70 միլիոն դոլարի, բայց էլի ներկրվում էր։ Վերջին տարիներին այն հասել է մինչև 150-170մլն դոլարի։ Մենք այնպիսի ապրանքներ ենք ներկրում Թուրքիայից, որ դրանց այլընտրանքը չունենք, բայց նաև այնպիսի ապրանքներ ենք ներկրում, որոնց արտադրությունը մենք տեղում ունենք։ Բացի այդ, նշեմ, որ վերջին տարիներին զարգացած օնլայն առևտուրը էապես նվազեցրեց թուրքական ապրանքների ներկրումը։ Թուրքական ապրանքների վերավաճառողները, ըստ էության, մանրածախ շուկայի մի մասը զիջեցին օնլայն խանութներին։ Հիմա շատերը նախընտրում են օնլայն պատվիրել ռուսական, չինական ապրանքներ, քան գնալ տոնավաճառից թուրքական ապրանքներ ձեռք բերել։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները զուտ տնտեսական խնդիրների անդրադարձով հնարավոր չէ լուծել։ Այն բավականին բարդ է, ունի քաղաքական, մշակութային, պատմական տարբեր շերտեր։ Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ բաց ու խաղաղ սահմաններ հարևանների հետ։ Սակայն այս դեպքում պիտի հասկանանք, որ այս տարածաշրջանում գերտերություններն ունեն իրենց ինքնուրույն խաղը, դերը և մենք շատ հաճախ դառնում ենք այդ խաղերի զոհը։ Դա հաշվի առնելով՝ մենք պետք է փորձենք ուղղակի աշխատել բոլոր կողմերի հետ և այստեղ շատ կարևոր է, որ այդ գործընթացի մասնակից դարձնենք նաև մեր Սփյուռքին։
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի վրա ազդեցություն ունի ԱՄՆ-ը և պետք է փորձենք մեր այնտեղի ռեսուրսները ներգրարվել այս գործընթացի մեջ։ Պետք է հասկանանք ու դասեր քաղենք պատմությունից, որ հնարավոր է մի իրավիճակ, որ ռուսական ազդեցութունը մեր տարածաշրջանում կտրուկ թուլանա, հետևաբար մենք պետք է առնչվենք ուղիղ Թուրքիայի հետ, թուրքական բանակի հետ ու մենք պետք է, ցավոք, պատրաստ լինենք հնարավոր բոլոր սցենարներին և ամենակարևորն այն է, որ մենք պետք է այդ բանակցային ուղին բաց պահենք, շփվենք։ Բայց այդ, շփումը չպետք է լինի միամիտ, անիմաստ սպասումներ առաջացնելով հասարակության մոտ, զուտ չոր հաշվարկով, հասկանալով, որ մենք ունենք բավականին էքզիստենիցալ սպառնալիք Թուրքիայից, դա հաշվի առնելով մենք պետք է աշխատենք։
Նորից եմ կրկնում ոչ թե այդ մարդկանց խոստանանք Թուրքիայից հոսող մանանա սահմաների բաց լինելու պարագայում։ Ես հեռու եմ այն մտքից, որ Թուրքիայում քնում, ելնում ու տեսնում են Հայաստանը տնտեսապես զարգացած։ Թուրքիայի նպատակը այդպիսին չէ, որքան Հայաստանում քիչ մարդ, թույլ տնտեսություն լինի, իրենից կախված պետություն լինի այդքան իր օգուտն է։ Երբ որ համեմատություններ են անում Բաթումիի շրջանի հետ, որ թուրքերը ներդրումներ են արել և այլն․ թուրքերը աջարներին համարում են իրենց արիալի մի մասը և նրանց դիտարկում են որպես եղբայրներ և իրենց ազդեցության գոտու տարածումը։ Իսկ Հայաստանի պարագայում նրանց նպատակները լրիվ այլ են, հիմնական նպատակը անշուշտ այդ միջանցքի, ճանապարհների բացումն է, որպես այլընտրանք ունենալ Վրաստանին, Թուրքիայի կախվածությունը Վրաստանից ու Իրանից կտրուկ նվազեցվի, որ կարողանան իրենց խնդիրները լուծել ավելի ուժեղ դիրքերից։ Անշուշտ, այս ամենը նաև բավականին լուրջ սպառնալիք կարող է ունենալ Իրանի նկատմամբ, պանթյուրքական ծրագրերը ոչ միայն Հայաստանի, այլ նաև իրանական պետության համար են ռիսկեր պարունակում։ Հայաստանը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել՝ առանց հաշվի առնելու իրանական գործոնը։
Բլից հարցում
- Կո՞ղմ եք հայ-թուրքական սահմանի բացմանը։
- Այո, բայց մինչ այդ պետք է պատրաստվել, պատրաստել մաքսային համակարգը, տնտեսությունը։ Ոչ թե բացել սահմանը հետո պատրաստվել, այլ պատրաստվել հետո նոր սահմանը բացել։
- Սահմանի փակ լինելը իրապե՞ս մեծ վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը։
- Սահմանի փակ լինելը Հայաստանի տնտեսական զարգացման և տնտեսական հեռանկարին էական վնասներ հասցրել է։ Հայաստանը նաև օտարերկրյա ներդրումների համար դարձել է քիչ գրավիչ երկիր, բայց դրա տնտեսական էֆեկտը ավելի քիչ է, քան դրա քաղաքական ազդեցությունը։ Ունենք քաղաքական ու տնտեսական ազդեցություն ու բավականին շատ է քաղաքական ազդեցությունը, քան տնտեսականը։ Ցավոք, ադրբեջանաթուրքական և մեր երկրի իշխանությունների անհեռատես քաղաքականությունների արդյունքում Հայաստանը գրեթե դուրս է մնացել տարածաշրջանային մեգա նախագծերից։ Լավագույն դեպքում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է այլընտրանքային ճանապարհ։
- Տնտեսական էքսպանսիայի վտանգ սպառնում է ՀՀ-ին, թե՞ ոչ։
- Տնտեսական էքսպանսիայի վտանգ կարող է սպառնալ այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսությունը և պետական համակարգը մինչև սահմանի բացումը չպատրաստվի և իր բիզնեսի համար համապատասխան ծրագրեր չիրականացնի, որովհետև թուրքական տնտեսությունը, թուրքական պետությունը բավականին լուրջ սուբիսդիաներ ունի իր արտադրողների համար, մասնավորապես՝ հոսանքի ու արտահանման մասով։ Անհավասար մրցակցություն է, չեն կարող մեր տեղացիները մրցել թուրքական արտադրողների հետ՝ թե՛ մասշտաբի էֆեկտից ելնելով, թե՛ պետական ծրագրերից ելնելով։ Պետք է պատրաստվել ու նոր հետո սահման բացել։
- Ներկա իրավիճակում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը դրական, թե՞ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
- Բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակումն անշուշտ Հայաստանի վրա դրական ազդեցություն կունենա։ Հայաստանը կունենա այլընտրանքային ճանապարհներ, հնարավորություններ, որոնք թույլ կտան բանակցել ավելի լավ պայմաններ ունենալով տարանցիկ և այլ ուղղություններով։ Սակայն, դա իրականացնելը հատվածական հղի է նոր սպառնալիքներով ու նոր վտանգներով։ Եթե չես կարողանում Նախիջևանի հատվածը ապաշրջափակել, բայց բացում ես Մեղրիի հատվածը դա լրացուցիչ վտանգ է ստեղծելու Հայաստանի տնտեսության համար։ Կստացվի, որ ադրբեջանցիները, թուրքերը կշահեն, կունենան այլընտրանքային ճանապարհ, բայց դա մեր ու իրանական կողմի շահերին վնաս կհասցնի։ Հետևաբար պետք է դիտարկեն կոմպլեքս վիճակում, ինչը ցավոք չի հետաքրքրում ադրբեջանական կողմին։ Նրանց չի հետաքրքրում այս պահին առհասարակ Ղազախի հատվածի ապաշրջափակումը, կամ Երասխի հատվածը, նրանց այս պահի թիվ մեկ խնդիրը Մեղրիի հատվածով Հայաստանի կողմից չվերահսկվող միջանցք ունենալն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |