Հոդված13:57, 18 Հոկտեմբեր 2024
Էրդողանը շարունակելու՞ է գործել Ալիևի թելադրանքով
Region Monitor-ը գրում է․
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։ Իհարկե շատերը բնականորեն չեն համաձայնում այդ մտքին, շատերի մոտ դա առաջացնում է ժպիտ և հարց՝ կարելի՞ է այդօրինակ նաիվ մոտեցում ունենալ մի պետության նկատմամբ, որը «Մեծ քսանյակի» անդամ է, առնվազն 8-9 անգամ տարածքով և բնակչությամբ մեծ Ադրբեջանից։ Սակայն արդյո՞ք պետք է բացառել այդ հավանականությունը, երբ նույնն են խոսում և դժգոհում անգամ հենց Թուրքիայի ներսում։
Օրերս թուրքական լրատվամիջոցներից մեկում ուշագրավ հոդված է հրապարակվել, որում Ադրբեջանի և այդ երկրի առաջնորդի վերաբերյալ օգտագործված է «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ» բնորոշումը։ Հոդվածում ասվում է, որ Երևանը ցուցաբերում է կամք և վճռական է Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ըստ էության, նույնն բանն են ցանկանում հենց Անկարայում բայց․․․ «Բայց ընկերնե՛ր, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների անարդյունք մնալու պատճառն Ադրբեջանի նախագահ Ալիևն է»,-բացահայտ շեշտում է թուրք սյունակագիր Հյուրրեմ Էլմասչըն։
Ըստ Էլմասչըի՝ Անկարայում այդ առնչությամբ գնալով շատանում են դժգոհություններն ու քննադատությունները․ «Բավականին շատ են մարդիկ, ովքեր ասում են՝ այդ երբվանի՞ց է կրտսեր գործընկերն այդքան վճռորոշ դարձել մեր արտաքին քաղաքականության մեջ»։
Վերջերս Նյու Յորքում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո թուրք ընդդիմադիր գործիչներից մեկը ևս հորդորում էր Էրդողանին որպես առանձին պետություն տարանջատել Հայաստանի հետ հարաբերությունները մյուս պետությունների քաղաքականությունից։ Այդ գործչին իհարկե զայրացրել էր նաև Ադրբեջանի «երախտամոռությունը» և «հանդգնությունը»՝ հակադրվել Էրդողանին, որը հայտարարել էր, որ «իրենք կմտնեն Իսրայել այնպես, ինչպես մտան Ղարաբաղ»՝ փաստացի թուրքական կողմին վերագրելով ղարաբաղյան հաղթանակը։
Այդուհանդերձ, անգամ Բաքվի կողմից «երախտամոռության», նաև Ռուսաստանի հետ մերձենալու միջոցով Թուրքիայից հնարավորինս «անկախանալու» ռազմավարության գործադրման պայմաններում Էրդողանը շարունակում է կապակցել Հայաստանի հետ հարաբերություններն Ադրբեջանին և տուրք տալ նրա շահերին։ Այդ մասին չեն խորշում բարձրաձայնել հենց թուրք պաշտոնյաները, որոնք անընդհատ հայտարարում են, որ գործում են Բաքվի հետ համակարգմամբ, սակայն, ըստ էության, Բաքվի ցանկությամբ։ Վերջերս Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, օրինակ, հստակ հայտարարել է, որ Բաքուն է վարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման բանակցությունները և իրենք ուղղակի ներգրավված չեն դրանցում։ Դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նաև Հայաստան-Թուրքիա հաղորդակցությանը։
Ըստ Հյուրրեմ Էլմասչըի՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ապահոված զգայականությունից վեր Էրդողանի այդ քաղաքականությունը մեծապես պայմանավորված է տնտեսական գործոնով։ Հոդվածագիրը հիշեցնում է, որ միայն 2024 թվականի հունվար ամսին Ադրբեջանից Թուրքիա 477 մլն դոլարի, փետրվար ամսին՝ 343 մլն դոլարի ներկրում է կատարվել, ինչը եթե մոտարկենք տարվա կտրվածքով, ահռելի թվերի հետ ենք գործ ունենալու։ Այսինքն՝ Էրդողանն ստիպված է լինում Թուրքիայի տնտեսական վատթար պայմաններում ընտրել Բաքվից ստացվող գումարները՝ բնականորեն դրանց ստորադասելով Երևանի հետ կարգավորումը։ Կարևոր է, սակայն, որ այդպիսով Էրդողանն ստորադասում և անտեսում է նաև Թուրքիայի արևելյան շրջանների բնակչության ցանկությունը և բազմիցս նաև թուրքական ԶԼՄ-ներում տեղ գտած հորդորները՝ բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը որոշակի առումով կմեղմի նրանց ոչ այդքան բարվոք կենսապայմանները։
Իսկ արդյո՞ք Թուրքիա-Ադրբեջան տնտեսական շահերը, որոնց հարցում ևս, ի դեպ, Բաքուն ուշագրավ «էգոիստական» գործելակերպ է վերջերս սկսում ցուցաբերել, միակն են պատճառներից և այստեղ գործոն չեն նաև Էրդողան-Ալիև անձնական շահերը։ Շատ ժամանակ չի անցել Թուրքիայում վերջին նախագահական ընտրարշավից, երբ երկրաշարժից հետո ամիսներ անց Էրդողանն ու Իլհամ Ալիևը ելույթ էին ունենում թուրքական «Տեխնոֆեստի» ժամանակ և հայտարարում, որ Քահրամանմարաշում ադրբեջանական գումարներով (ավելի քան 100 միլիոն դոլար) 1000 բնակարան է կառուցվելու՝ ընդհանուր փառատոնը վերածելով Էրդողանի և նրա քաղաքական ուժի փիառ արշավին, երբ ադրբեջանցի պատգամավորները Թուրքիայում քարոզչություն էին անում՝ հօգուտ Էրդողանի և այլն։
Վերջին շաբաթներին ակտիվացել են շփումները Երևանի և Անկարայում։ Արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, ինչպես նշվեց, երկու երկրների առաջնորդների, դրանից հետո նաև տրանսպորտի նախարարների միջև, այսօր Ստամբուլում «3+3» հարթակի շրջանակում հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, հարթակին ներգրավված երկրների արտգործնախարարներին ընդունելու է նաև Թայիփ Էրդողանը։ Առաջիկա գործընթացը գալու է բացահայտելու, թե արդյո՞ք Անկարան շարունակելու է իր այդ «Բաքվից կախյալ» գործելակերպը՝ ցույց տալով, որ չունի սեփական քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանում և մասնավորապես հարևան Հայաստանի հարցում, արդյո՞ք Թուրքիան շարունակելու է «Բաքվից կախյալ» քաղաքականությունը՝ հաշվի չառնելով անգամ Անկարայում մեծացող դժգոհությունը, արդյո՞ք Թուրքիան ևս մեկ անգամ ընդգծելու է և հավատալու հերթական հիմքը տալու այն պնդմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |