Հարցազրույց14:30, 20 Նոյեմբեր 2024
Պոլսահայ գործիչը՝ հայ-թուրքական կարգավորման մասին․ «Թուրքիայի առաջ Ադրբեջանի խոչընդոտը կա»
Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը պոլսահայ գործարար, Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ/CHP) նախկին անդամ Նուրհան Չեթինքայան է։ Նա ծնվել է Ստամբուլում 1967թ․։ Եղել է Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի ավագանու անդամ, ինչպես նաև զբաղեցրել է այդ շրջանի փոխհամայնքապետի պաշտոնը։
— Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսվեց կարգավորման գործընթաց: Երկկողմ հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
— Գործընթացն ու աշխատանքը իրատեսական եմ համարում։ Բայց այստեղից պետք է սկսել: Թուրքիայի առջև խոչընդոտ կա. Ադրբեջանի խոչընդոտը։ Ալիևը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։ Թուրքիան էլ հայտնվել է երկու քարի արանքում, քանի որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ ունի։ «Երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգը ինձ համար հիմարություն է թվում։ Այստեղ տնտեսական հարաբերություն կա։ Կան բնական գազի և նավթի փոխադրումներ, ինչպես նաև Բաքու-Ջեյհան խողովակաշարը։ Ուստի Թուրքիան միշտ ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։
Ինչպես գիտեք, ֆուտբոլային հանդիպում անցկացվեց, և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ եկավ Հայաստան՝ Երևան։ Սա մեզ համար երկու երկրների միջև սահմանների բացման առումով շատ կարևոր էր։ Տարիներ ի վեր, հազար հինգ հարյուր տարի միասին ապրած հասարակության, ժողովուրդի մեջ վրեժխնդրություն և ատելություն սերմանելուց, իրար դեմ հրարհրելուց, աղետի, ցեղասպանության ենթարկվելու եզրին հասցնելուց հետո սա շատ լավ քայլ էր երկու կողմերի միջև առերեսվելու համար։
Շատ եմ ուզում, որ այս սահմանը բացվի, մարդիկ եղբայրաբար ապրեն, այս ոխն ու ատելությունը վերջ տա, պատմաբաններն էլ նստեն ու խոսեն։ Բայց Թուրքիայի առջև Ադրբեջանի խոչընդոտը կա։ Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Դա է պատճառը, որ այս հարցում շատ ճնշում կա։ Նրանք չեն ցանկանում, որ Թուրքիան կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ օգտագործելով դրանք Թուրքիայի դեմ որպես խաղաքարտ։
Սակայն, ըստ իս, Թուրքիան Հայաստանի դարպասն է դեպի ծով: Այսօր Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցում Փաշինյանը շատ լավ է գործընթացն առաջ տանում, և ես կարծում եմ, որ Էրդողանը նույնպես շատ է հետաքրքրված այս հարցում։ Քանի որ Էրդողանի կուսակցության հիմնադրումից ու իշխանության գալուց ի վեր միշտ հայ պատգամավոր է եղել։ Ես Էրդողանի կուսակցությանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ/CHP) ավագանու անդամ էի, եղել եմ համայնքապետի տեղակալ, սակայն կան նաև փաստեր, որ Արդարություն և զարգացում կուսակցության, Էրդողանի ժամանակաշրջանում Թուրքիայում ապրող հայերը իրենց կյանքում շատ հանգիստ կարողանում են հայերեն խոսել, ապրել՝ չթաքցնելով, որ հայ են։ Մենք ստացելլ ենք մեր հիմնադրամի ունեցվածքը, որը նախկինում բռնագրավել էին հայերից։ Այսօր Թուրքիայի (խմբ․) մի նախագահ կարողանում է ուղերձ հղել։ Երբ մահացավ Կ․ Պոլսի (խմբ․) մեր Հայոց պատրիարքը (Մեսրոպ Մութաֆյան-խմբ․), Էրդողանը X-ում հայերեն գրառում արեց։
Ես Էրդողանի քաղաքականության հակառակ ճամբարում եմ, բայց չեմ կարող անտեսել արված բարի գործերը։ Սա նշանակում է, որ կարծում եմ, որ Փաշինյանի և Էրդողանի միջև լավ հարաբերություններ կան, և շատ դրական է, որ Փաշինյանը եկել և մասնակցել է Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Եթե դուռը բացվի, իմ կարծիքով, դրանից Հայաստանն ավելի շատ կշահի, քան Թուրքիան։
Ես հիմա Երևանում եմ, տեսանյութեր եմ տարածում, մարդիկ ինձ հարցեր են տալիս։ Թուրքիան էլ ժամանակ առ ժամանակ սադրիչներ է ուղարկում, այստեղ հանձնարարել են լուրեր պատրաստել, Youtube-յան ալիքներով բազմաթիվ հաղորդումներ են տարածել, որոնք ոխ և ատելության սերմեր են ցանում։
Մարդիկ կարծում են, որ հայ ժողովուրդը թուրք ժողովրդի թշնամի է։ Իրականում այդպիսի բան չկա, բոլորը կողմ են խաղաղությանը, միասնությանը, բարեկամությանը։ Դա տեսնում ես, դրա մասին խոսում ես։ Տեսանյութ եմ տարածել, ստորև մեկնաբանություն են գրում։ Մի քանի սադրիչներ փորձել են իրենց համար ինչ-որ բան անել, բայց դա ամենևին իրական չէ։ Ես իմացա, որ մի թուրք է եկել այստեղ և հիմնել է շինարարական ընկերություն, տներ է կառուցում և վաճառում, և որ այստեղ բացվել են բազմաթիվ թուրքական ապրանքանիշեր։ Այսինքն այս մարդիկ այստեղ ապրում, աշխատում են։ Միշտ այսպիսի մի ընկալում կա․ Ինչու՞ է որ Թուրքիայում հայ կա, բայց Հայաստանում թուրք չկա։ Հայաստանում և թուրք կա, և նաև թուրքական ապրանքներ։ Դա շատ սխալ ընկալում է։ Ինչ-որ մեկը միշտ սադրում է դա: Արդեն պետք չէ կռահել, թե ովքեր են դա սադրում։
Ես այն կարծիքին եմ, որ Թուրքիան լավ հարաբերություններ կունենա Հայաստանի հետ, և սահմանը կբացվի։ Իմ կարծիքով, Էրդողանի հետ կարելի է լուծել Հայաստան-Թուրքիա խնդիրը։
— Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
— Իմ կարծիքով, ճնշում կա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Չեմ կարծում, որ Սփյուռքը ճնշում է գործադրում այս հարցում։ Սփյուռքում շատ ընկերներ ունենք։ Նրանց մեծ մասը գնացել են Թուրքիայից։ Նրանք նույնպես խաղաղության կողմնակից են։ Այո, չցանկացողներ կան, բայց ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, նրանք խաղաղության կողմնակից են։ Ամերիկայից ու Ֆրանսիայից ընկերներ ունենք, զրուցում ենք։ Նրանք բոլորը ցանկանում են, որ Թուրքիան հարաբերություններ ունենա Հայաստանի հետ։
— Թուրքիայում հայ համայնքը ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացին։
Թուրքիայում հայ համայնքից բոլորը կողմ են խաղաղությանը։ Բայց քաղաքականությունն այնպիսի վիճակում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայում ազգայնական ու ռասիստական խմբերը․․․ գիտեք, մեր պատրիարքարանի մոտ ավտոերթեր էին իրականացնում։ Հետո ինձ զանգահարեցին ԱԺ պատգամավորների հանձնաժողովից, թե ի՞նչ է կատարվում այս հարցում հայ համայնքի խնդիրների հետ։ Ինձ այնտեղ զանգահարեց իմ ընկերը, ով պատգամավոր է, և որոշ պատվիրակություններով նրանց տարա հիմնադրամներ, մեր մարզադպրոց, հանդիպում կազմակերպեցի համայնքի հետ։
Ինչպես Սփյուռքի մեջ կան թուրքատյացներ, Թուրքիայում էլ հաստատ կան հայատյաց հատված։ Նրանք, իհարկե, կապեր ունեն։ Խոշոր կապիտալ խմբերն օգտագործում են նրանց աշխատաշուկայում իրենց գործերը առաջ տանելու համար:
Օրինակ դա մեզ հետ տեղի ունեցավ Քափալըչարշըում։ Իմ ընկերներից մեկը, պալատի նախագահի համար թեկանածություն առաջադրեց։ Մրցակիցը քարոզարշավի ժամանակ հռետորական հարց էր բարձրացրել․ «Մզկիթի՞ն եք Ձեր քվեն տալու, թե՞ եկեղեցուն»։ Իրենք ոսկերիչների համայնքից են։ Բոլորը ֆինանսապես ուժեղ մարդիկ են։
Թուրքիայի հայ ժողովուրդը շատ անհանգիստ էր հատկապես Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Նախկինում շատ անհանգստություն կար, բայց մենք ընդամենը 50 հազար հոգի մնացինք։ Բոլոր հայերն ուզում են, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը բացվի և թուրքերն ու հայերը բարեկամաբար գան ու գնան։
— Ի՞նչ եք կարծում, առաջիկայում սահմանները կբացվե՞ն։
— Միշտ հույսով սպասում էի, որ կբացվեն։ Հիմա ԱՄՆ-ում կառավարություն է փոխվել։ Կարծում եմ՝ Հայաստանի և Թուրքիայի ամերիկյան քաղաքականությունը, ինչպես նաև Թրամփի քաղաքականությունն ավելի ակնհայտ կդարձնի ամեն ինչ։ Կարծում եմ, որ սահմանի բացումը հնարավոր է տեղի չունենա այս տարի, բայց այն կբացվի մեկ-երկու տարուց, քանի որ Թրամփը տարածաշրջանի հետ կապված խոստում ունի, ինչը թվում է, թե կիրականանա:
Ու Շ Ա Դ Ր Ու Թ Յ Ու Ն
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող ԱՇԿ-ի առաջնորդը կրկին անդրադարձել է ՔԲԿ-ի առաջնորդին ներում շնորհելու մասին իր հայտարարությանը։
Ակումբն առաջիկա 3 տարում զրկված կլինի նոր ֆուտբոլիստներով համալրվելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |