16:11, 30 Նոյեմբեր 2024
Թուրքիայի ռեգիոնալ դերը և քաղաքական հավակնությունները
Թուրքիան, լինելով աշխարհագրական և պատմական կարևոր դիրք զբաղեցնող պետություն, տարիներ շարունակ ձգտում է ամրապնդել իր դերն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Այս նպատակին հասնելու համար Անկարան ակտիվորեն օգտագործում է տնտեսական, ռազմական և դիվանագիտական գործիքներ՝ ձգտելով իրեն ներկայացնել որպես ուժեղ և ինքնուրույն դերակատար։
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առանցքում տնտեսական գերակայություն հաստատելու ձգտումն է։ Էներգետիկ նախագծերի՝ հատկապես TANAP գազատարի միջոցով Թուրքիան իր համար ստեղծել է առանցքային դեր որպես տարանցիկ պետություն, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ։ Այս նախաձեռնությունները, սակայն, հաճախ ուղեկցվում են ներքին տնտեսական ճգնաժամերով, ինչպիսիք են լիրայի արժեզրկումը, ինֆլյացիայի (գնաճ) աճն ու արտաքին պարտքի ավելացումը։ Այս հանգամանքները նվազեցնում են նրա հավակնությունների արդյունավետությունն ու վստահելիությունը միջազգային գործընկերների շրջանում։
Ռազմական հզորությունը ևս Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության կարևոր բաղադրիչն է։ Անկարան ակտիվորեն օգտագործում է զինված ուժերը՝ սեփական շահերը պաշտպանելու և ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար։ Սիրիայում և Լիբիայում իրականացված գործողությունները, ինչպես նաև Արցախի 2-րդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը վկայում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ռազմական ուժի կարևոր դերի մասին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ձգտում է Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների հետ ավելի խորը համագործակցության՝ ընդգծելով թյուրքական մշակութային ու պատմական կապերը։
Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան փորձում է համադրել դիվանագիտական բազմակողմանիությունը և ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակությունը։ Այն մի կողմից փորձում է հարաբերություններ զարգացնել արաբական երկրների հետ, մյուս կողմից՝ սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ չնայած Արևմուտքի հետ շարունակվող տարաձայնություններին։ ՆԱՏՕ-ում ունեցած անդամակցությունը Թուրքիան հաճախ օգտագործում է որպես լծակ՝ իր շահերը առաջ մղելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Շվեդիայի անդամակցության հարցում, սակայն Թուրքիայի տարածաշրջանային դերն ու հավակնությունները բախվում են մի շարք մարտահրավերների։
Սիրիայի, Հունաստանի և Հայաստանի հետ լարված հարաբերությունները, ինչպես նաև ներքին տնտեսական անկայունությունը, սահմանափակում են նրա հնարավորությունները՝ հաստատվել որպես անվիճելի առաջնորդ տարածաշրջանում։ Բացի այդ, ներքին քաղաքական ճգնաժամերը վերջին շրջանում ավելի են ընդգծվել։
2024-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) մի շարք հաղթանակները մեծապես սասանել են իշխող կուսակցության դիրքերը, հատկապես խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան և Ստամբուլը։
Ընդդիմության աճող ազդեցությունը և քաղաքային կառույցներում «ԺՀԿ»-ական թեկնածուների հաղթանակները մեծ դժգոհություն են առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) շարքերում։ Իշխանության արձագանքը, ներառյալ ընդդիմադիր քաղաքապետարաններում հոգաբարձուների նշանակումը և տեղական ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման քննարկումները, միայն խթանել են ներքին լարվածությունը։
Այս իրադարձություններին զուգահեռ՝ տարբեր քաղաքներում սկսվել են ցույցեր, որոնք ուղղված են ընդդեմ պետական կառույցների կողմից իրականացվող սահմանափակումների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ աճող ճնշումների։ Այս բոլոր խնդիրները խորացնում են Թուրքիայի քաղաքական բևեռացվածությունը՝ ստիպելով իշխանությանը կենտրոնանալ ոչ թե արտաքին քաղաքական հավակնությունների վրա, այլ երկրի ներքին խնդիրների հաղթահարման։
Չնայած այս մարտահրավերներին, Թուրքիան շարունակում է ակտիվորեն առաջ մղել իր տարածաշրջանային օրակարգը՝ փորձելով պահպանել բալանսը մեծ ուժերի միջև և ուժեղացնել իր ազդեցությունը։ Նրա հաջողությունը, սակայն, կախված կլինի ոչ միայն արտաքին մարտահրավերների հաղթահարումից, այլև ներքին կայունության ապահովումից, ինչը թույլ կտա առավել հիմնավոր կերպով իրականացնել հավակնոտ ծրագրերը։
Արդյունքում, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է համարել խորը հավակնոտ, բայց միևնույն ժամանակ՝ խոցելի։ Ներքին ճգնաժամերը, տնտեսական և քաղաքական անհավասարակշռությունը երկրի «դիրքը» դարձնում են ոչ միայն ուժեղ, այլև անկայուն՝ սահմանափակելով նրա կարողությունները գլոբալ ասպարեզում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ այդ օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը:
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |