Հոդված17:36, 06 Դեկտեմբեր 2024
Թուրքիան ի՞նչ խնդիր է լուծում Սիրիայում
Սիրիայում իսլամիստ ընդդիմադիր Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյալները լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և արդեն մի շարք տարածքների ու բնակավայրերի, այդ թվում՝ հյուսիսում՝ Հալեպի (մեծությամբ երկրորդ քաղաքը Սիրիայում) և կենտրոնում՝ Համայի վրա սահմանել իրենց վերահսկողությունը։ Այս լայնածավալ հարձակումների արդյունքում 2011թ․ ի վեր առաջին անգամ է, որ Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողությունից դուրս եկան հիշյալ շրջանները։
Հատկանշական է, որ ջիհադիստների այս գրոհը հաջորդել է Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարին։
Նշենք, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Համա քաղաքը համարվում է մայրաքաղաք Դամասկոսի անվտանգության դարպասը։ Ուստի Համայի անկումը կնշանակի կանաչ լույս Դամասկոս գրոհելու համար։
Անվիճարկելիորեն ակնհայտ է, որ այս խմբավորումները անվերապահ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից։ Չնայած որ թուրքական իշխանությունները անընդմեջ հերքում են այդ փաստը և պնդում, թե Թուրքիան ձգտում է խուսափել տարածաշրջանում անկայունությունից, իսկ ապստամբների հարձակումները որակում դեէսկալացիայի համաձայնագիրը խաթարելու փորձ, այնուամենայնիվ թուրք բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարությունները և իշխանամերձ լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր շրջանակների հրապարակումները ապացուցում են հակառակը։ Բացի այդ, ըստ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների և փորձագիտական որոշ վերլուծությունների, Թուրքիան ոչ միայն զինել է այդ խմբավորմանը, այլև ռազմագործողությունները ղեկավարել են հենց թուրք սպաները։
Թուրքական իշխանամերձ CNN Türk-ի եթերում հայտնվել է Օսմանյան կայսրության 1899 թվականի քարտեզը՝ ցույց տալով, թե, իբր, Հալեպը հին օսմանյան վիլայեթ (նահանգ) է։
Պետք է նկատել, որ նախքան այս ռազմագործողությունների մեկնարկը Թուրքիայի և Սիրիայի կառավարության միջև կարգավորման գործընթաց սկսելու շուրջ լուրեր էին շրջանառվում։ Թուրքական կողմը նույնիսկ փորձում էր այդ գործընթացը կյանքի կոչելու համար որպես նախաձեռնող կողմ հանդես գալ, իսկ ավելի ուշ սիրիական կողմին մեղադրել նախապայմաններ առաջ քաշելու մեջ։
Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Մենք Ասադին հանդիպելու առաջարկ ենք արել, բայց դրական պատասխան չենք ստացել» հայտարությունը նույնպես կարելի է դիտարկել հարձակումների կայծը տալու և դրանք ուղղորդելու տրամաբանության շրջանակում։
Էրդողանի հիշյալ հայատարարությունից պարզ է դառնում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դրական պատասխան չի տվել վերջինիս՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպելու առաջարկին: Իհարկե, Ասադի պահանջը շատ հստակ է․ «Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից և դադարեցնի Սիրիայի տարածաշրջանի օկուպացիան»։ Չի բացառվում, որ Ասադի այս պահանջներին կավելանան նորերը։ Խոսքն արդեն Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման զինյալների գրաված բնակավայրերի և օբեկտների մասին է։
Թուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինիքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին, իր հերթին, պնդում է՝ «Ասադը չի սեղմել Թուրքիայի պարզած ձեռքը», բայց իրենց կարծիքով՝ դեռևս ուշ չէ: Գորշ գայլերի քաղաքական առաջնորդը շարունակում է սպառնալ․ «Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսությունն առաջին հերթին օգտակար կլինի Ասադին և նրա երկրին»։
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին
Հարկ է նշել, որ սույն թվականի նոյեմբերի սկզբին Թուրքիայի նախագահը, ապա նաև այդ երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը չէր բացառել Իսրայելի կողմից Թուրքիայի վրա հարձակում իրականացնելու փաստը։ Գյուլերն ասել էր․ «Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»։
Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ ասելով հիմնականում նկատի ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» և վերջինիս սիրիական թևին՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG)։
Պատահական չէ, որ Թուրքիայաի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան օրերս հայտարարել է, որ եթե Սիրիայում անվտանգ միջավայր ստեղծվի Թուրքիայում ապրող բոլոր սիրիացիները կցանկանան վերադառնալ իրենց տները։ Բացի այդ, թուրք նախարարը տվյալներ է հրապարակել Թուրքիայում սիրիացի բնակչության հետ կապված։ Նրա հաղորդմամբ՝ Թուրքիայում 2 մլն 938 հազ․ սիրիացի փախստական է բնակվում, որից միայն 1 մլն 247 հազ․ հալեպցի։ Յերլիքայայի տվյալներով՝ 2024թ․ մեկ ամսվա կտրվածքով շուրջ 11 հազ․ սիրիացի է վերադարձել իր երկիր։
Թուրքիան քաղաքական առումով մի քանի կարևոր խնդիր է իր համար լուծում․
1․ Սեփական հանրության աչքին թոզ փչել իր նեոօսմանական գաղափարախոսության շրջանակում ձեռք բերած հաջողություններով։
2․ Սիրիացի փախստականների շուրջ հանրային դժգոհությունները ու վերջիններիս նկատմամբ ձևավորված անհանդուրժողական մթնոլորտը վերացնելով՝ ապահովել նվազած վարկանիշի բարձրացումը։
3․ Փորձ է անում չեզոքացնել քրդական գործոնի ակտիվացումը և թուլացնել քրդերի դիրքերը տարածաշրջանում, որոնք լուրջ գլխացավանք են թուրքական իշխանությունների համար։ Թուրքիան լուրջ մտահոգություններ ունի, որ Իսրայելը կօգտագործի քրդական գործոնը Անկարայի վրա ճնշումներ գործադրելու համար։
4․ Վերադարձի հող նախապատրաստել շուրջ 14 տարի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների համար։
5․ Սիրիայից և Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում։
6. Ամեն գնով հասնել նրան, որ անգամ Ասադը տեղի տա և համաձայնի Սիրիայի տարածքում թուրքական զորքի ներկայությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |