Հարցազրույց14:00, 13 Դեկտեմբեր 2024
Արաբագետ. «Իրականում ունենալու ենք լրիվ այլ Սիրիա՝ թուրքամետ կողմնորոշմամբ»

Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այդ հարցում թուրքական գործոնի առկայությունը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող
Գրիգոր Վարդանյանի հետ։
- Պրն Վարդանյան ինչպե՞ս կգնահատեք Սիրիայում ստեղծված իրավիճակը:
- Ինչպես հայտնի է, շուրջ երեք շաբաթ առաջ սկսված հակակառավարական զինված ապստամբությունը սրընթաց հաջողության հասավ ու Բաշար ալ-Ասադի վարչակարգը կայծակնային արագությամբ տապալվեց։ Դա որոշակի հարցեր է առաջացնում, թե ինչ խնդիրներ կային, որ այդ արագությամբ վարչակարգը զիջեց իր դիրքերը և նույնիսկ նախագահ Ասադը լքեց երկիրը ու քաղաքական ապաստան գտավ Ռուսաստանի Դաշնությունում։
Այդ հարցերը, որոնք, որ առաջ են գալիս, ենթադրում են մի շարք պատասխաններ, որոնց մեջ կա դավադրության տեսություն (կոնսպիրոլոգիա), բայց կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հարցին կամ ենթադրությանը. միջազգային համաձայնություն կար Ասադի հեռացման մասով։ Ինչպես ավանդական պրոասադական գլոբալ խաղացողների՝ ի դեմս Ռուսաստանի ու Իրանի, այնպես էլ արևմտյան ուժերի ու տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի ու Իսրայելի կողմից կար համաձայնություն։ Այսինքն պետք է նշել, որ և՛ տարածաշրջանի խաղացողները, և՛ գլոբալ խաղացողները հանգեցին այն կետին, որ այս վարչակարգը պիտի հեռանա և Սիրիայում պիտի լինի նոր իշխանություն։ Եվ ըստ էության Մերձավոր Արևելքը հիմա կանգնած է մեծ փոփոխությունների առաջ։
- Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում ակնառու է Թուրքիայի գործոնը։ Որքանո՞վ եք հաջողված համարում Թուրքիայի գործողությունները։
- Եթե ռեալ գնահատենք, կարելի է պնդել, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի ուղղությամբ հաջողված է, քանի որ «Հայաթ Թահրիր աշ Շամ» զինված խմբավորումը, որը ի դեպ Թուրքիայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց (պետք է վերստուգել այս օրերի ընթացքում ցուցակից դուրս է բերվել թե ոչ) պաշտպանություն ստացավ Թուրքիայի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից, ի դեմս Էրդողանի բացահայտ հայտարարությունների այն մասին, որ աջակցում է Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի գործողություններին և Ջոլանիի մարշը դեպի Դամասկոս։
Թուրքերը բացահայտ ցույց են տալիս, որ Սիրիայում իշխանության են եկել այնպիսիք, որոնք Սիրիան դարձնելու են պրոթուրքական պետություն։ Իրականում ունենալու ենք լրիվ այլ Սիրիա՝ թուրքամետ կողմնորոշմամբ։ Այն բալանսավորված քաղաքականություն է վարելու Իսրայելի հետ հարաբերություններում։ Ծայրահեղ սուննիական գաղափարախոսությամբ տոգորված սիրիական նոր իշխանությունները վարելու են հակաիրանական քաղաքականություն։ Բացահայտորեն պարզ է դառնում, թե ովքեր շահեցին և ովքեր պարտվեցին։
Ըստ էության, եթե ռուսական ռազմաբազաների հարցը դրվում է և ռուսները լքում են Սիրիայի տարածքը նաև ռազմական առումով, քանի որ Տարտուսի ռազմակայանը Սիրիայում տեղակայվել է դեռևս 1970-ականներին Հաֆեզ ալ-Ասադի օրոք, ապա կարելի է փաստել, որ շուրջ կես դար անց Ռուսաստանն Արևելյան Միջերկրածովում այլևս ռազմական ներկայություն չի ունենալու։ Բացի դրանից Իրանն իր բոլոր ռազմակայանները հանեց, իրանցի ռազմական խորհրդատուները դուրս են գալիս երկրից, այդ գործընթացը շարունակվում է, թե որտեղ կտեղակայվեն, դա այլ հարց է։ Ենթադրաբար Իրաքի տարածքում, բայց շիական առանցքը, որը աջակցություն էր ստանում Իրանի կողմից և Իրանի արտաքին քաղաքականության ամենամեծ գործիքներից մեկն էր, ըստ էության ջարդվեց։
- Ըստ Ձեզ որո՞նք էին այն հիմնական պատճառները, որոնք հնարավորություն տվեցին մի քանի օրում տապալելու Ասադի իշխանությանը։
- Տապալումը, ճիշտ է, շատ արագ տեղի ունեցավ, բայց Սիրիան ճգնաժամի մեջ էր գտնվում շուրջ 13 տարի և իշխանական բուրգը քանդվեց, որովհետև տարբեր գնահատականներով անվտանգային ծառայությունները, որոնք ապահովում էին Սիրիայի քաղաքական իշխանության՝ Ասադների իշխանությունը երկրում, անվտանգային ծառայությունները, բանակը և հատուկ ծառայությունը վերջին 5 տարիների ընթացքում չեն ֆինանսավորվել պետական գանձարանից, այսինքն աշխատավարձ չեն ստացել։ Պետությունը նշում էր, որ լծակներ է տվել ու նրանք կարող են ինքնաֆինանսավորվել։ Եվ ի՞նչ էր տեղի ունենում. քաղաքական տեռորի էին ենթարկվում անվտանգային կառույցները, իսկ իրենք իրենց հերթին կարելի է ասել տնտեսական տարբեր ուժերի ենթարկում էին տնտեսական տեռորի և բնականաբար ինքնաֆինանսավորվում էին։ Այսինքն պետությունը, ըստ էության, չէր ապահովում իր կարևոր գործառույթներից մեկը՝ հարկահավաքությունը։
Երկրում դադարել էր հարկահավաքությունը, պետությունը չէր կարողանում ապահովել իր սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը։ Սուվերեն Սիրիայի մասին խոսելը 2016-ից հետո ավելորդ է և, ըստ էության, ինքը ձախողված պետություն էր և մի օր գալու էր, որ այդ ձախողված պետության քաղաքական ղեկավարությունը պետք է ուղղակի լքեր իշխանությունը, ինչը որ տեղի ունեցավ։ Կային բազմաթիվ պատճառներ, որոնց թվում ես նշեցի սոցիալական խնդիրները, պետական կարևորագույն ինստիտուտների դեգրադացիան և այդ ամեն ինչի երկար տարիներ տևելը։
-Արդյոք սա էր սիրիական հարցի միակ լուծումը, որին գնացին Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։
- Չեմ կարծում, որ սիրիական հարցը լուծված է։ Իշխանությունից Ասադների հեռանալով՝ հարցը չի լուծվում։ Ավելին՝ կարծում եմ, որ Սիրիան անկայունությունների նոր փուլ է մտնում, որովհետև սիրիական հասարակությունը միատարր չէ և դա պատմության ընթացքում բազմիցս ապացուցվել է։ Մինչև «Բաաս» կուսակցության իշխանության գալը, 1963-ի հեղափոխությունը Սիրիայի անկախությունից հետո մինչև 1963 թվականը Սիրիայում տեղի է ունեցել շուրջ 12 ռազմական հեղաշրջում։ Այսինքն 14 տարիների ընթացքում տարի վեց ամիսը մեկ տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։ Այսինքն կառավարման շարունակականությունը (Continuity of government) չի ապահովվել երկրում և կարծում եմ, որ նման մի փուլ է մտնում Սիրիան ու այնպես չէ, որ Ջոլանին եկավ, տիրեց ու հաղթելու է։ Ոչ, Ջոլանին եկավ, տիրեց, բայց, թե ինչ կլինի երրորդը, այսինքն Veni, vidi, vici-ն, դեռ չգիտենք։
Ինքը կարողանալու՞ է կոնսոլիդացնել սիրիական հասարակությանը, կարողանալո՞ւ է քաղաքական այնպիսի նպատակներ սահմանել, որպեսզի հասարակությունը միավորվի այդ ուժի շուրջ և օրինակ կարողանա տնտեսությունը այս բարդ իրավիճակից դուրս բերել։ Արդյո՞ք այդ խնդիրները Ջոլանիի և նրա հետևում կանգնած ուժերի համար լուծելի են ես չեմ կարող ասել, բայց դա բարդագույն խնդիր է առավել ևս Սիրիայի նման պետության համար։ Այնտեղ քրդական, հրեաների, դրուզների խնդիրներ կան, շիա- սունի հակասություններն են շատ-շատ խորը քան երևի թե Իրաքում և այլն։ Տիրապետելով այդ պետության 20-րդ դարի պատմությանը՝ կարող եմ ասել, որ ավելի բարդ փուլ է մտնում և ունենալու է արևմտամետ կողմնորոշում։
Սիրիան, որպես պետություն, մնացել էր արաբական պայքարող ճակատի միակ հենարանը, բայց Սիրիան որպես այդպիսի հենարան արդեն դուրս եկավ, այսինքն բուրգի վերջին քարը կարողացան տեղաշարժել ու արաբական ճակատը՝ հակաիսրայելական ճակատը, որ ձևավորվել էր 1970-ականներին, ըստ էության, փլուզվեց։ Սկզբից դուրս եկավ Եգիպտոսը, Հորդանանը, հետո աբրահամյան ակորդներով Ծոցի երկրները սկսեցին գնալ խաղաղության, Սիրիան ու Իրանը միակ պետություններն էին, մի փոքր էլ Իրաքի տարածքում գործող ոչ պետական կազմավորումները, որոնք հակաիսրայելական հիմնական գործող ուժերն էին տարածաշրջանում, որոնց որ պետք էր ուղղակի չեզոքացնել, որը, որ տեղի ունեցավ։
Այս ամեն ինչը կարելի է դիտարկել Գազա և Իսրայել պատերազմի առանցքում, որի շարունակությունն է նաև իսրայելական զորքերի մուտքը Սիրիայի տարածք։ Իսրայելը դա հիմնավորում է ռազմավարական խորության ապահովմամբ, որ ես դեռ չգիտեմ ինչ իշխանություն է գալու, բայց այնուամենայնիվ պետության անվտանգությունը ապահովելու համար ես կանխարգելիչ ներխուժում (preventive invasion) եմ իրականացնում, որպեսզի կանխարգելեմ ապագա թշնամական գործողությունները։
- Անուղղակի ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ հարավկովկասյան ռեգիոնի ու մասնավորապես ՀՀ-ի վրա և ինչպե՞ս եք տեսնում հայ-սիրիական հարաբերությունների ապագան, իշխանության եկած ուժերը ովքեր են, հայերի նկատմամբ ի՞նչ դիրքավորում ունեն։
- Քանի դեռ քաղաքական ղեկավարություն չի ձևավորվել և հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, մենք չենք կարող ասել, թե ինչպիսի դիրքորոշում կունենան նրանք, նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ Հայաստանի Հանրապետության հետ։ Սակայն պետք է նշեմ, որ ՀՀ իշխանությունները պետք է ակտիվ լինեն և տարբեր խողովակներով կարողանան հարաբերություններ ձևավորեն թեկուզ երրորդ պետությունների միջոցով, որպեսզի հնարավոր լինի ինչ-ինչ վտանգներ կանխարգելել։ Այդ վտանգները առաջին հերթին վերաբերվում են Հալեպի, Քեսաբի, Դամասկոսի հայկական համայնքներին։
Առաջին հերթին դիտարկենք այդ հարցը հայության անվտանգության ապահովման տեսնակյունից, հետո հայ-սիրիական հարաբերությունների տեսանկյունից։ Հայ-սիրական հարաբերությունների նոր փուլի մասին կարծում եմ դեռևս վաղ է խոսել, որովհետև մենք չգիտենք թե իշխանության եկած ուժի արտաքին քաղականության հիմնական ուղենիշները որոնք են լինելու։ Երբ կհայտարարեն, որ մենք այսպիսի պետություն ենք ուզում, այսպիսի արտաքին քաղաքականություն ենք ուզում վարել, ըստ այդմ կարելի է գնահատել։
Ամփոփելով նշեմ, որ խաղաղություն եմ ցանկանում մեր բարեկամ երկիր Սիրիային, երկար տարիներ մենք բարեկամական հարաբերություններ ենք ունեցել, մեծ համայնք ենք ունեցել, որը իրականում մեծ նպաստ է բերել հայ-սիրիական հարաբերությունների զարգացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |