Հասարակական12:50, 30 Դեկտեմբեր 2024
Ծերացող Թուրքիա
Վերջին տարիներին շատ ավելի հաճախ են հանդիպում այնպիսի վիճակագրական տվյալներ, որոնցում արտացոլվում է Թուրքիայում օրեցօր ավելի նվազող ծնելիության մակարդակը:
Ավելին, նման տվյալներն այնքան ազդեցիկ են, որ ստիպում են երկրի ղեկավարին անձամբ անդրադառնալ հարցին և կոչով դիմել բնակչությանը:
Թեմային առնչվող ամենատպավորիչ և գրեթե բոլորին հայտնի արտահայտությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս վաղ 2008-ին: Նա «Կանանց միջազգային օրվա» առթիվ կազմակերպված պանելային քննարկմանն ընդառաջ Թուրքիայի արևմտյան Ուշաք քաղաքում կոչով դիմել էր երիտասադրներին։
«Ես ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես ղեկավար, այլ որպես ձեր մտահոգ ընկեր: Մեր երիտասարդ բնակչությունը պետք է նույնությամբ պահենք: Տնտեսության մեջ կարևորը մարդն է:
Սրանք (նկատի ունի արևմտյան երկրներին) ցանկանում են թուրք ազգին արմատախիլ անել: Իրենց արածը հենց դա է: Մեր բնակչության երիտասարդ կազմը պահպանելու համար նվազագույնը ունեցե՛ք 3 երեխա»:
Թուրքիայի նախագահն այս արտահայտությունը հետագայում շարունակեց ծաղկեցնել և այն նույնիսկ դարձավ լոզունգ՝ երկրի իշխանական ներկայացուցիչների հանրային խոսքում:
Արդեն 2017-ի մարտին Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում հերքեց նախորդ տարիների ասվածն ու նոր «պահանջներ» դրեց հանրության առաջ՝ խոսելով եվրոպական ապագայի մասին:
«Ոչ թե 3, այլ 5 երեխա ունեցե՛ք: Դուք եք Եվրոպայի ապագան»,-պնդել էր նա:
Այսպիսով, եթե դիտարկենք այս տարիների ընթացքում Էրդողանի կողմից հնչեցված արտահայտությունների տարբերությունն ու ծնելիության մակարդակը, ամեն ինչ ավելի ցայտուն կլինի:
Ամերիկյան «Google» ընկերության կողմից ստեղծված միջազգային վիճակագրական «datacommons.org» կայքում պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2008-ին գրանցված ծնելիության գործակիցը կազմել էր 2.18, իսկ արդեն 2017-ին, պահպանելով ամենամյա կայուն նվազումը, դարձել էր 2.14:
Հատկանշական է, որ արդեն հաջորդ տարում՝ 2018-ին, նվազումը եղել է բավական կտրուկ. 0.9 գործակցով նվազելուց հետո արդեն 2020-ին հատել է 2 գործակցի շեմը՝ հասնելով 1.88-ի: Վերոնշյալ տարիների ընթացքում Թուրքիայի բնակչության աճի տեմպերը ևս նվազել է:
Արդեն 2020-ականներին Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ աճի տեմպերը հասել էին միանիշ թվերի. 2022-ին այն կազմել էր 7.1 տոկոս, մինչդեռ նախորդ տարում՝ 2022-ին, 12.7 տոկոս էր:
Պետք է ընդգծել, որ նմանատիպ իրավիճակը Թուրքիայում բացատրվում է տարբեր պատճառներով:
Թուրքական «Trthaber» պետական հեռուստաալիքի կողմից թեմայի վերաբերյալ 2022-ի սեպտեմբերին պատրաստված ռեպորտաժում որպես հիմնական պատճառ նշվում աշխատաշուկա կանանց մուտք գործելն ու զբաղվածության մակարդակի աճը:
Նմանատիպ համոզմունք հայտնել է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Ռույա Սենթյուրքը՝ պնդելով, որ համաշխարհային տարբեր զարգացումները ևս մեծապես նպաստում են այդպիսի իրողության ձևավորմանը:
Ռեպորտաժում տեղ է գտել նաև հետաքրքիր կանխատեսում. «Bezmialem» հիմնադրամի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռյումեյա Քազանջըօղլուի համոզմամբ՝ երկիրն արագորեն ծերանում է և առաջիկա 5 տարում ծեր բնակչությունը կարող է կազմել բնակչության ընդհանուր թվի 25 տոկոսը:
«Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040 թվականին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Կանխատեսումների և տվյալների նման տարափն արտացոլվում է նաև այս օրերին, որի հետևանքով ձևավորված անհանգստության ահագնացումը կրկին արտահայտվում է քաղաքական առաջին դեմքի՝ Թուրքիայի նախագահի մակարդակով:
Մինչև հիմա թուրքական մամուլում խոսվում է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ գրանցված ծնելիության ամենացածր գործակցի մասին (1.51): Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է արձագանքել դրանց.
«Սա Թուրքիայի համար գոյաբանական աղետ է, սպառնալիք»:
Նման կոչերն ու նախազգուշացումներն ակամա հիշեցնում են 2014-ին Էրդողանի մեկ այլ ելույթ, երբ նա կտրականապես դեմ էր արտահայտվել աբորտներին և նույնիսկ հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել պետական դավաճանության հետ:
Այնուամենայնիվ, չնայած Էրդողանի նմանատիպ կոչերին, նախազգուշացումներին և արևմտյան բարքերի դեմ ակնհայտ քարոզը, Թուրքիայում ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել։
Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ծնելիության միջին մակարդակը 2.32 գործակից է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |