Հարցազրույց14:45, 16 Հունվար 2025
Տնտեսագետ. «Թուրքիան սահմանի բացելը մեզ վրա չպետք է թանկ վաճառի»
Շարունակելով հայ-թուրքական սահմանի բացման թեմայով տնտեսագետների հետ անցկացվող հարցազրույցների շարքը՝ Ermenihaber.am-ն այս անգամ զրուցել է տնտեսագետ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» պատվավոր նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
- Պրն Մակարյան, պատկերացնենք հայ-թուրքական սահմանը բացվել է, Հայաստանի տնտեսության համար ավելի շատ վտանգներ թե՞ հնարավորություններ եք տեսնում։
- Միանգամից նշեմ, որ երկուսն էլ, իհարկե, կան։ 1990-ականներին, երբ Հայաստանը «Առևտրի համաշխարհային կազմակերպության» (ԱՀԿ) անդամ էր դառնում, այդ ժամանակ անդամակցելու համաձայնություն տվեցին մի շարք երկրներ, այդ թվում Թուրքիան։ Այդ ժամանակ սահմանվեցին բոլորի համար ձեռնտու տուրքեր։ Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է և տնտեսության արտահանումը սահմանափակ քանակներ ունի չի կարող վնասել այլ երկրների շուկաններին, արտահանման մաքսատուրքերը դրվեցին զրո, բայց ներմուծման մաքսատուրքը դրվեց առավելագույնը 10%, որպեսզի այլ երկրների ապրանքները հեշտ թափանցեն Հայաստան։
Օրինակ՝․ Իրանը տասնամյակներ շարունակ գտնվում է սանկցիաների տակ ու իր ներքին շուկան պաշտպանելու համար սպառում է իր արտադրանքը։ Իրանը սանկցիաների պատճառով սահմանափակ քանակով է արտահանում կատարում։ Եվ եթե իր սեփական արտադրանքները չվաճառի, տնտեսությունը կփլուզվի։ Այդ պատճառով Իրանը սահմանել է բարձր մաքսատուրքեր 26-28% և նույնիսկ ավելի։
Հայաստանի դեպքում, եթե սահմանը բացվի, առևտրային հարաբերությունները պետք է լինեն հավասար, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ԱՀԿ-ի անդամ են։ Թուրքիան ոչ թե պետք է վերևից նայի կամ սահման բացելը համարի զիջում կամ այսպես ասած մեզ վրա թանկ վաճառի, որ տեսեք ես ձեր սահմանը բացեցի, այլ ինքը պետք է լինի առևտրի մեջ հավասար։ Ընդ որում, սահմանը Թուրքիան է փակել, մեր կողմից սահմանը ոչ մի անգամ չի փակվել։
Ի դեպ, Թուրքիան տնտեսության մեջ գլոբալ ցուցանիշներ ունի։ Օրինակ՝ տարեկան արտադրում են 80 մլն տոննա ցեմենտ, հսկայական երկիր է համարվում ցեմենտի արտադրության մեջ։ Մեքենաշինության ոլորտում աշխարհում առաջին 5-յակի մեջ է, դեղորայքի արտադրությամբ ու զբոսաշրջության ոլորտում ևս առաջին 5-յակի մեջ է, իսկ տեքստիլ արդյունաբերությամբ աշխարհում առաջին եռյակի մեջ է։
- Ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որպեսզի հայկական շուկան ամբողջությամբ չողողվի թուրքական ապրանքներով։
- Ներքին շուկան պաշտպանելու մեխանիզմները տարբեր են։ Ինչպես գիտեք, 8 տարի առաջ Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հրամանով 49 ապրանքների մուտքը Թուրքիայից Հայաստան սահմանափակվեց, որովհետև դրանք մեծամասամբ գյուղատնտեսական ապրանքներ էին, որոնք առաջացնում էին խնդիրներ։ Իհարկե, պատճառաբանությունը դրվեց որակի վրա ու նշվեց, որ թունաքիմիկատներն ու պարարտանյութերը սննդի անվտանգության չափորոշիչներին չեն համապատասխանում։ Մենք Թուրքիայից ներմուծում իրականացնում ենք տարբեր ձևերով՝.Վրաստանում այդ ապրանքները վերանվանափոխվում են կամ ինչ-որ այլ ճանապարհով հասնում Հայաստան։
Սահմանը բացելու դեպքում Հայաստանը կարող է դնել որոշակի սահմանափակումներ։ Առաջին՝ այն ապրանքները, որոնք Հայաստանն արտադրում է կամ Հայաստանի համար հեռանկարային են, դրանց ներմուծումը կարող է խանգարել հեռանկարային զարգացմանը տվյալ ապրանքների կամ տվյալ ճյուղերի գծով, ուստի կարող ենք դրանք ցուցակով սահմափակել և չներմուծել, կամ էլ ներմուծման քվոտաներ ներդնել։
Օրինակ՝. դեղորայքի որոշ տեսակներ Հայաստանն արտադրում է։ Կարող ենք այդ ուղղությամբ դնել սահմանափակում, քանի որ մեր ներքին գործարարը դա արտադրում է և մեզ բավարարում է ու նաև արտահանում այլ երկրներ։ Կամ օրինակ՝ միրգ-բանջարեղենը, եթե մենք արտադրում ենք բավականին քանակով ու նաև պահածոյացնում ենք, հետևաբար դրանք Թուրքիայից ներմուծելը կարող է լինել սահմանափակված։ Այն դեպքում,երբ Հայաստանում քանակները պակասում են, ապա դրանք լրացնելու համար կարող ենք քվոտաներով ներմուծել Թուրքիայից։
Երրորդ ձևն էլ այն է, որ սահմանի բացվելուց հետո Հայաստանը պիտի կարողանա իր տրանզիտային առևտուրը կատարել, այսինքն Թուրքիայի տարածքով որպես կարճ ճանապարհ դուրս գա եվրոպական երկրներ՝ Բուլղարիա, Ռումիանիա ու մտնի Եվրամիության երկրներ։ Դա նշանակում է, որ մեր առևտրային մեքենաները, բեռնափոխադրող տրանսպորտները պետք է հանգիստ անցնեն։
- 2024-ին ի՞նչ ծավալի ապրանքաշրջանառություն է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև, ի՞նչ ենք արտահանում և ի՞նչ ենք ներմուծում։
- Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծավալները նվազել են։ Մենք Թուրքիայից 5000-ից ավել ապրանքատեսակներ ենք ներմուծում։ Այդ վերլուծությունը կատարվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ու երբ 6 ամսով արգելք դրվեց թուրքական ապրանքների վրա ու դա առաջացրեց էական խոչընդոտներ ներքին տնտեսության մեջ, որովհետև մեր տնտեսության մեջ շատ էին կիրառվում թուրքական հոսքագծեր, տեխնիկա ու սարքավորումներ, հագուստ, սնունդ և այլն։
Կես տարով արգելք դնելուց հետո մաս-մաս 1000-ից ավելի ապրանքներ թույլատրեցինք, այդ ժամանակ նվազել էր մինչև 0, հետո բարձրացավ, իսկ այժմ մոտավորապես 150 մլն դոլար է կազմում։ Նախկինում այդ ցուցանիշը կրկնակի ավել է եղել։ Վերջերս չեմ ուսումնասիրել, բայց նախկինում ևս Թուրքիան պաշտոնական առևտուրը Հայաստանի հետ ցույց էր տալիս 0։ Մենք միշտ ցույց ենք տվել 200-ից մինչև նույնսիկ 300 մլն դոլարի ներմուծում Թուրքիայից։ Չնայած ինչ-որ ապրանքներ մենք էլ ենք արտահանում Թուրքիա, մոտավորապես 2-3 մլն դոլարի, անցյալ տարի 50 մլն դոլարի ոսկի ենք արտահանել, բայց Թուրքիան պետական մակարդակով այդ ցուցանիշները թաքցնում է։ Կանոնները պետք է լինեն հավասար ու թափանցիկ և երբեք չպետք է համարվի, որ Թուրքիան սահմանը բացել է ու պիտի դա մեզ վրա թանկ վաճառի։ Այսինքն դրա դիմաց ցանկանա զիջումներ, ինչ-որ նախապայմաններ և այլն։
Այս բոլորի դեպքում մեզ համար վտանգ չի լինի, որովհետև, եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Նորից հիշատակեմ Իրանի օրինակը, որն աստիճանաբար սկսեց Հայաստանին տալ քվոտաներ և 5%–ի չափով իջեցրեց մոտ 720 ապրանքների համար մաքսատուրքերը, որոնք իր տնտեսությանը չեն վնասի իրենց քանակներով։ Հայաստանից Իրան արտահանվող ապրանքները շատ քիչ են, պատճառը մաքսատուրքերն են, որ դեռևս բաց են մնում և մենք չենք կարողանում մրցակցել իրենց շուկայում, իսկ երկրորդ պատճառն այն է, որ մենք այդպիսի քանակներ չենք կարողանում ապահովել։
Թուրքիայի դեպքում մենք կարող ենք ինչ-որ ապրանքներ վաճառել, որի կարիքն ինքն ունի հատկապես հումքային ապրանքներ, շինանյութ, նույնիսկ գյուղատնտեսական որոշ ապրանքներ։ Իսկ մենք Թուրքիայից ներկրում ենք կենցաղային տեխնիկա, կտոր, տեխնոլոգիական հոսքագծեր, վերելակներ, շինարարական նյութեր, ներկեր այլն։ Հայաստանի տնտեսությունը պիտի զարգացման ինդուստրալիզացման ճանապարհը բռնի ու այդ ուղղով արագ գնա և դրա հետ մեկտեղ էլ պետք է սահմանափակի այն ապրանքների մուտքը Հայաստան կամ չափավորել քանակները, որպեսզի իր ներքին շուկան դրանից չտուժի` այլ ընդհաառակը օգտվի։
Եթե մեզ պետք են այնպիսի ապրանքներ, որոնց հիման վրա մենք կթողարկենք կամ դա որպես կոմպլեկտացիա կօգտագործենք մեր ապրանքների մեջ, ուրեմն դա կարելի է թույլ տալ, քանի որ դրա շնորհիվ մեր ազգային արդյունաբերությունը, տնտեսությունը կզարգանա։ Բայց եթե դրանք այնպիսի պատրաստի ապրանքներ են, որոնք միայն մրցակցելու են մեր ապրանքների հետ, ապա պետք է կիրառենք սահմանափակուներ և զգուշորեն վերաբերվենք։
- Ըստ Ձեզ՝ Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է սահմանի բացմանը։
- Ես կասեի, որ առանց այդ սահմանափակումների՝ ոչ։ Մենք այնպայման, եթե հիմա էլ բացվի սահմանը պետք է այս սահմանափակումները դնենք։ Եթե ասենք, որ առանց նախապայմանների ոչ մի բան չենք սահմանափակում, ապա դա կլինի սխալ։ Մեծ աչալրջությամբ պետք է նայել հատկապես գյուղատնտեսական ապրանքներին, քանի որ մեր գյուղատնտեսությունը հազիվ աճ է ցույց տալիս, այդ աճը շատ չնչին է 1․5-2%, բայց եթե հարված հասցնենք ապա մեր գյուղատնտեսությունը կխորտակվի։
Վերջում ցանկանում եմ նշել, որ Թուրքիան գրավում է շուկաներ աշխարհում, օրինակ՝ դեպի Եվրամիություն է մեծ թվով մատակարարումներ իրականացնում, Ռուսաստանին է մատակարարում` շնորհիվ իր զարգացած ինդուստրիայի և բազմազանության։ Թուրքիան իր տնտեսությունը դիվերսիֆիկացրել է դեռևս 1960-70-ականներից սկսկած, դրա համար էլ արդեն հասել է զգալի հաջողությունների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Թուրքիայի նախագահը ԱԶԿ խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը գրեթե նույնությամբ կրկնել է Ֆիդանի ռազմական գործողություն իրականացնելու մասին սպառնալիքը:
MİT-ը Ահմեդ Սերհեդ ծածկանունով զինյալի և նրան թաքցնող անձի դեմ տեղային գործողությունն իրականացրել է Ստամբուլի Սուլեյմանիե թաղամասում:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը։
Գերմանական դատարանի վճռի մեջ նշվում է, որ այն մոլորեցնում է սպառողներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |