Հոդված12:51, 23 Հունվար 2025
Արդյո՞ք Օջալանը PKK-ին կոչ կանի զենքերը վայր դնել
Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Իսկ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կառույց։
Էրդողանի դաշնակից Բահչելին հայտարարել էր. «Եթե մեկուսացումը դադարեցվի, թող գա և խոսի «DEM» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում»։
Պարզաբանենք, որ «DEM»-ը Թուրքիայում գործող քրդամետ քաղաքական ուժ է՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն»։
Հատկանշական է, որ վերոհիշյալ հայտարարությունն արել է մի քաղաքական գործիչ, ով դեռևս 2012թ․ կասկածի տակ էր դրել Օջալանի՝ Իմրալը կղզում լինել-չլինելու հանգամանքը։
Բահչելիի հայտարարություններին անդրադարձել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը: Նա ասել էր, եթե Բահչելին նման բան է առաջարկել, ուրեմն ինքն էլ քրդերին պետություն է առաջարկում:
«Քրդերին դարձնենք Թուրքիայի Հանրապետության տերը: Մենք, որպես հիմնադիր կուսակցություն, այստեղ ենք: Բոլորին առաջարկում ենք ամեն բան անել միասին»:
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում օդատիեզերական թուրքական «TUSAŞ» ընկերության վրա իրականացված հարձակումից հետո թուրքական իշխանությունները դրա կազմակերպման մեջ մեղադրեցին «PKK»-ին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Օջալանի եղբորորդին սոցցանցում արած գրառմամբ փոխանցեց Օջալանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Մեկուսացումը շարունակվում է: Եթե պայմաններ ստեղծվեն, ես ունեմ այնպիսի տեսական և գործնական ուժ, որով այս գործընթացը հակամարտության և բռնության դաշտից կարող եմ տեղափոխել իրավական ու քաղաքական դաշտ»:
Դևլեթ Բահչելին նոյեմբերի 26-ին իր կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարեց. «Մենք ակնկալում ենք դեմ առ դեմ շփում Իմրալըի և «DEM»-ի խորհրդարանական խմբակցության միջև»։ Ի պատասխան Բահչելիի կոչին՝ «DEM» կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը հայտնեց․ «Որպես համանախագահներ՝ մենք ցանկանում ենք գնալ և հանդիպել պարոն Օջալանի հետ և նպաստել այս երկրի խաղաղությանը»։
Նույն օրը «DEM» կուսակցությունը դիմեց արդարադատության նախարարություն՝ Օջալանի հետ հանդիպելու համար։ Սակայն նախարարությունը միայն մեկ ամիս անց դրական արձագանքեց դիմումին։ Այդպիսով դեկտեմբերի 28-ին քրդամետ կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սըրրը Սուրեյյա Օնդերը մեկնեցին Իմրալը կղզի, որտեղ հանդիպում ունեցան Օջալանի հետ։
Հանդիպումից հետո Բուլդանը և Օնդերը ներկայացրեցին Օջալանի գնահատականները՝ կապված քրդական հարցի լուծման հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Օջալանը յոթ հոդվածից բաղկացած հռչակագիր էր ներկայացրել նրանց և գնահատականներ տվել քրդական խնդրի համար մշտական լուծում գտնելու շուրջ»։
Կուսակցության տարածած հայտարարությունում նշվում է, որ Օջալանը պատրաստ է կոչ անել քուրդ զինյալներին զենքը վայր դնել:
Հանդիպումից հետո քրդամետ կուսակցության համանախագահները և պատվիրակության կազմում ընդգրկված Ահմեդ Թյուրքը (Մարդինի նախկին քաղաքապետ) սկսել են հանդիպումներ ունենալ քաղաքական տարբեր կուսակցությունների հետ, այդ թվում՝ «MHP»-ի, իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «CHP»-ի, ընդդիմադիր «Ապագա», «Երջանկություն» և այլ կուսակցությունների հետ։ Նրանք նաև հանդիպում են ունեցել Թուրքիայի մեջլիսի ղեկավարի հետ։
Այս հայտարարությունները որոշակի դրական ֆոն ստեղծեցին Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում, սակայն մեծ վստահություն չներշնչեցին քուրդ և քրդամետ քաղաքական շրջանակների մոտ։
«PKK»-ի բարձրաստիճան ղեկավար Դուրան Քալքանը հայտարարեց, որ Թուրքիայում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած պոտենցիալ խաղաղության բանակցություն՝ կախված է բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի «ֆիզիկական ազատությունից»։
Հունվարի 22-ին կայացել է «DEM» կուսակցության պատվիրակության 2-րդ հանդիպումը Աբդուլլահ Օջալանի հետ, որը տևել է շուրջ 4 ժամ։ Սակայն հանդիպման արդյունքների վերաբերյալ դեռ մանրամասներ չեն հրապարակվել
Մինչ տեղի կունենար երկրորդ հանդիպումը թուրքական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Օջալանը շատ հավանական է, որ փետրվարի 15-ին հանդես կգա պատմական կոչով։ Ըստ շրջանառվող լուրերի, Օջալանը հնարավոր է հայտարարի կուսակցության լուծարման, PKK-ի կողմից Թուրքիայում իրականացվող ռազմագործողությունների դադարեցման և զենքերը վայր դնելու մասին։
Այդ ամսաթիվը նույնպես կապ ունի թուրքական թվերի սիմվոլիկայի հետ։ Թուրք ուժայինները 1999թ․ փետրվարի 15-ին են Աբդուլլահ Օջալանին ձերբակալել և Քենիայից բերել Թուրքիա։ Քննարկվում է նաև մեկ այլ ամսաթիվ՝ մարտի 21-ը։ Դա կապված է քրդերի Նովրուզի՝ Նոր տարվա տոնակատարությունների հետ։
Սպասվում է, որ մինչ Օջալանի հնարավոր ելույթը DEM կուսակցության պատվիրակությունը ևս մեկ հանդիպում կանցկացնի նրա հետ։
Ինչ վերաբերում է Օջալանի նմանատիպ հայտարարության տեքստով իր կուսակցությանն ու կուսակիցներին ուղղված հնարավոր կոչին, այս պարագայում այդքան էլ անհավանական չէ։ Սակայն կարելի է բացառել այն, որ թուրքական իշխանությունները թույլ կտան Օջալանին, որ այդ պատմական ելույթն ունենա հենց Թուրքիայի ազգային մեծ ժողովում, ինչպես որ ազգայնական գործիչ Դևլեթ Բահչելին էր հայտարարել։ Հնարավոր է, որ վերջինս իր աջակիցներին տեսաուղերձով կդիմի Իմրալը կղզուց։
Թուրքիայում շատ է քննարկվում այն թեման, թե այդ հայտարարությունից հետո Օջալանը կշարունակի՞ իր պատիժը կրել մեկուսարանում, թե՞ հնարավոր է տնային կալանք տրվի վերջինիս։ Թուրքական թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին իր սյունակում հրապարակած հոդվածում անդրադարձել է այս թեմային, նշելով, որ այս հարցը բարձրացվել է Էրդողանի և մի խումբ պատգամավորների միջև կայացած հանդիպմանը։ Լրագրողի փոխանցմամբ, Էրդողանը շատ սուր և կոշտ է արտահայտել իր դեմ դիրքորոշումը, ընդգծելով, որ ոչ մի համաներման խոսք լինել չի կարող։ Ըստ Էրդողանի խոսքերի, «մանկասպանին» համաներում չի կարող շնորհվել։ Թուրքիայի նախագահը հորդորել է պատգամավորներին գնալ ու այդ մասին պատմել ժողովրդին։
Չնայած Օջալանը քրդերի համար ազգային զարթոնքի խորհրդանիշ է և հեղինակություն, կարծում ենք վերջինիս հնարավոր կոչը «հալած յուղի» նման չի ընդունվի քուրդ բնակչության շրջանում, քանի որ նրա ստեղծած շարժումն ու կուսակցությունը միայն քաղաքական պայքար չէ, այլ նաև գաղափարական։ Գուցե Թուրքիայի տարածքում «դադարեն օպերացիաները», սակայն կուսակցության ռազմական թևերի հետ բախումները և վերջիններիս դեմ ռազմագործողությունները կշարունակվեն Իրաքի և Սիրիայի տարածքում։
Թուրքիայում կարծում են, որ սահմանների ներսում ժողովուրդների խաղաղ համագոյակցության ապահովումը և ներքին խնդիրների չեզոքացումը հնարավորություն կտան ողջ արսենալն ու ռեսուրսներն օգտագործել սահմաններից դուրս գործողությունների մշակման և հեղինակության ընդլայնման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում Էրդողանի դաշնակից ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն առաջարկել էր դադարեցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի մեկուսացումը։
2023-ի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ բանավոր առճակատման մեջ գտնվող Թուրքիայի առաջնորդը, թեև խոսքով սահմանափակել, բայց գործով շարունակում էր առևտուրը իսրայելական կողմի հետ:
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում Էրդողանի դաշնակից ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն առաջարկել էր դադարեցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի մեկուսացումը։
Հետազոտություն իրականացվել է թվային հարթակներում և թվարկվել են այն երկրները, որտեղ մարդիկ ամենաշատն են դավաճանում իրենց ամուսիններին կամ զուգընկերներին։
Դեկտեմբերի 28-ից մեկնարկել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդի հետ բանակցությունները:
Հունվարի 21-ին Չանաքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի ուժեղ ցնցումներն են:
«World Population Review»-ն (WPR) հրապարակել է ամենաճաղատ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |