Հարցազրույց11:45, 27 Հունվար 2025
Պոլսահայ լրագրող․ «Եթե քրդերը համագործակցեն հակաթուրքական ուժերի հետ, կոչնչացվեն հայերի պես»
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անցյալ տարվա հոկտեմբերին հանդես էր եկել այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով: Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության գործընթացի մեկնարկ է դարձել։
Պոլսահայ մտավորական, գրող, լրագրող Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Դևլեթ Բահչելիի՝ Օջալանին ուղղված վերջին հայտարարություններին, Օջալանի՝ PKK-ի զենքերը վայր դնելու հնարավոր կոչին, ինչպես նաև դիտարկումներ արել տարածաշրջանի քրդերի հնարավոր արձագանքի մասին։
Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպել են լքել իր ծննդավայր Թուրքիան ու բնակություն հաստատել Գերմանիայում։ Նրա նկատմամբ հետապնդումներն ու նրա դեմ հնչեցվող սպառնալիքներն արդեն 2016-ին Թուրքիայում չափազանց վտանգավոր բնույթ էին ստացել։
Հայկո Բաղդատը, որպես մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։
- Թուրքիայի աջ ծայրահեղական ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին հանդես եկավ հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով՝ նշելով «Թող գա և խոսի խորհրդարանում»։ Ինչո՞ւ նա հանկարծ որոշեց այդպիսի կոչ անել։ Ո՞րն է նպատակը։
- Սա միայն չպետք է ընդունել որպես Դևլեթ Բահչելիի կոչ։ Կարելի է ասել, որ նա ստանձնել է այն քաղաքականության նոր խոսնակի դերը, որն արդեն որոշ ժամանակ է, ինչ իրականացնում է թուրքական պետությունը։
Թուրքիան իրականում երկար ժամանակ է, ինչ էքսպանսիոնիստական քաղաքականություն է իրականացնում և ցանկանում է կրկին դեր ստանձնել ամբողջ Հինթերլենդի (երկրի խորքը) պատմական շրջանի նկատմամբ, որը կարող է հասնել Ղարաբաղից մինչև Իրաք, Սիրիայից մինչև Լիբիա, և այդ առումով մեծ հնարավորություն է գտել, թե՛ Կովկասում, թե համաշխարհային քաղաքականության զարգացումներում, և թե՛ Մերձավոր Արևելքում։ Թուրքիան իրականում փոխել է իր սահմաններում մնալու դարավոր հարացույցը, որը մենք ծածկագրել ենք որպես Ազգային ուխտ: Ուստի այսօր նա շատ է մեծացրել իր ազդեցության գոտին ողջ Մերձավոր Արևելքում՝ Ադրբեջանից մինչև Սիրիա, Իրանից մինչև Իրաք։
Այսօր-վաղը Ülker ապրանքանիշի (թուրքական-խմբ․) շոկոլադը կվաճառվի Ռոժավայում, ինչպես որ Իրաքյան Քուրդիստանում է վաճառվում։ Թուրք կապալառուները կկառուցեն ամբողջ տարածաշրջանը, իսկ Թուրքիան կընդլայնի իր ազդեցության գոտին իր սահմաններից դուրս՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով։ Դա է ծրագիրը: Այս առումով քրդերը նույնպես լուրջ բանավեճի մեջ են, ինչպես հայերի հետ մեկ դար առաջ։
Կամ նրանք կընդունեն թուրքական ինքնիշխանությունը և կմնան Թուրքիայի սահմանների ներսում, կհրաժարվեն սեփական ինքնությունից և իրենց առանձնահատկություններից, կդառնան «թուրքական դարի» մի մասը և կհայտնվեն թուրքական ինքնիշխանության ներքո կամ էլ եթե նրանք համագործակցեն տարածաշրջանի այլ ուժերի հետ, որոնք ընդդիմանում են Թուրքիային, ապա նրանք կոչնչացվեն այնպես, ինչպես հայերը։ Այսինքն քրդերին ուղղված այսօրվա առաջարկը դա է։ Դևլեթ Բահչելիի ասածն էլ է դա։
- Մինչ օրս Թուրքիայի քրդամետ քաղաքական ուժի՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը 2 անգամ հանդիպել է Օջալանի հետ։ Թուրքական մամուլի համաձայն՝ սպասվում է, որ Օջալանը կոչով հանդես կգա։ Ի՞նչ եք կարծում, նա կոչ կանի՞ PKK-ին վայր դնել զենքերը: Ըստ ձեզ՝ PKK-ն ինչպե՞ս կարձագանքի այդ կոչին։
- PKK-ի զենքերը վայր դնելու խնդիրը 40 տարի քննարկվող հարց է։ Դեռևս խաղաղության նախորդ գործընթացում Աբդուլլահ Օջալանն առաջարկել էր կոնֆերանս անցկացնել PKK-ին զենքերը վայր դնելու համար։ Թուրքիայում գտնվող զինյալները Թուրքիայից դուրս էին եկել։ Նրանք որոշել էին հրաժարվել Թուրքիայի դեմ զինված սպառնալիք ներկայացնելուց և սկսել բանակցությունները։ Սա նոր իրավիճակ չէ։
Աբդուլլահ Օջալանը նախկինում ցույց է տվել, որ վերահսկում է իր կազմակերպությունը, սակայն այսօրվա ուժերի հարաբերակցությամբ մենք խոսում ենք Ռոժավայի մասին (Սիրիայի քրդերով բնակեցված հյուսիսային և հյուսիս–արևելյան շրջանների ընդհանուր անվանում - խմբ․)։ Այնտեղ կա ավելի քան 100 հազարանոց զինուժ՝ միջին դասի զենքերով։ Այսինքն այսօր սեղանին դրված է ոչ միայն PKK-ի կողմից Քանդիլի (լեռներ՝ իրան-իրաքյան սահմանին-խմբ․) զինաթափումը, այլև Ռոժավայում նրա կարգավիճակի փոփոխությունը։ Թուրքիան չի հանդուրժում քրդական զինված ուժերի ներկայությունը տարածաշրջանում, հատկապես քրդերին։
Այսօրվա խաղաղության գործընթացը շատ ավելի բարդ է, քան նախորդը, քանի որ սա նույնիսկ գործընթաց չէ։ Նախորդ գործընթացում մենք՝ մտավորականներս, գիտնականներս, հասարակական կազմակերպությունները, բուհերը, լրատվամիջոցները բոլորս ներգրավված էինք։ Բայց այսօր Դևլեթ Բահչելին հրաման է տալիս, և ավելին, աջակողմյան թևից՝ ԱԶԿ-ի և MHP-ի շարքերից սրան դեմ արտահայտվողներին մաֆիան սպառնում է։ Ալաաթթին Չաքըջըն սպառնում է։ Այսպիսով, այսօր նրանք սպառնում են բոլորին, ովքեր դեմ են Օջալանի ելույթին խորհրդարանում։ Իհարկե, նման խաղաղ գործընթաց չի լինի։
Այս իշխանությունը ոճրագործ իշխանություն է. Բռնապետական ռեժիմ։ Թուրքիայի Հանրապետությունում երբևէ հանդիպած ամենաաջ կառավարություններից մեկը։ Թուրքիայում կա մի կառույց, որը պետական մակարդակով կառավարում է բոլոր հանցավոր գործողությունները,
Այսինքն սա մեզանից ոչ մեկին չի բերում այն զգացումը, որ սրանից ինչ-որ լավ բան դուրս կգա ժողովրդի, քրդերի, հայերի, փոքրամասնությունների համար, ինչը մեզ այնքան շատ է հուզում։ Յուրաքանչյուր սպառնալիք, որին մենք բախվում ենք այս պահին, հայերի հետ կատարվածին է նման, եթե մենք չընդունենք Թուրքիայի ինքնիշխանությունը․․․
Բահչելին դրա մասին է խոսել։ Մենք՝ հայերս, շատ լավ գիտենք, թե նա ինչ նկատի ունի նախկինում չտեսնված մեթոդների կիրառման հարցում։ Հետևաբար, մենք այսօրվա գործընթացով ոգևորված չենք, ունենք մեծ մտահոգություններ։ Երբ նախորդ գործընթացը ի չիք դարձավ, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին։ Մարդիկ 10 տարի բանտում են։ Սելահաթթին Դեմիրթաշը, բոլոր քաղաքական գործիչները բանտում են, դա շատ ծանր հետևանքներ ունեցավ։ Անգամ անձնական կյանքիս վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Այս հարցի պատճառով ստիպված եղա դուրս գալ Թուրքիայից։
- Եթե գործընթացը զարգանա այնպես, ինչպես թուրքական պետությունն է ցանկանում, ի՞նչ կսպասվի Օջալանին։
- Իսկապես, թուրքական պետությունն այսօր կարող է օգտվել այն առավելությունից և օգտվել Աբդուլլահ Օջալանի իրավիճակից, քանի դեռ նա ողջ է (75 տարեկան է) և կարող է խոսել։ Թուրքական պետությունը մեծ պետություն է։ Քարոզչության միջոցները շատ մեծ են։ Նախկինում ԱԶԿ-ի մամուլում Օջալանի մասին բազմաթիվ գովեստներ էին գրվել՝ նրան որպես կարևոր անձնավորություն բնութագրելով։ MHP-ի ներկայությամբ Օջալանի պատժի պայմանների ցանկացած բարելավում մեծ արձագանքի չի հանդիպի: Թուրքիան հետաքրքիր երկիր է։ Պետությունն ինչ ասում է՝ դա է լինում։
- Իսկ Սիրիայի և Իրաքի քուրդ զինյալներն ինչպե՞ս կարձագանքեն հնարավոր հայտարարությանը։ Արդյո՞ք զենքերը վայր կդնեն։
- Իհարկե, հնարավոր չէ, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) զենքերը վայր դնեն։ Մերձավոր Արևելքում զենքերը վայր չեն դնում։ PKK-ն կարող է դադարեցնել իր զինված գործունեությունը Թուրքիայում և ինքնալուծարվել։ Փաստորեն, PKK-ի պարտիզանների և Թուրքիայի միջև վաղուց բախումներ գրեթե չեն եղել։ YPG-ն երբեք չի կրակել Թուրքիայի վրա, երբեք չի հարձակվել Թուրքիայի վրա, բացի ինքնապաշտպանությունից, երբեք նրա սահմանների դեմ ոտնձգություն չի իրականացրել և երբեք Թուրքիային չի վերաբերվել որպես ռազմական սպառնալիքի։
YPG-ի առջև ծառացած իրավիճակը ավելի պարզ կդառնա՝ կախված այն հարաբերություններից, որոնք նա կստեղծի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (ՀԹՇ) հետ։ Թիշրին ամբարտակում և այլ վայրերում բախումները դեռևս շարունակվում են այն ավազակախմբերի հետ, որոնց մենք անվանում ենք «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ): Այսինքն այժմ Թուրքիան պատերազմի մեջ է։
YPG-ին պատկանող վայրերը գրոհային ԱԹՍ-ներով (հարձակվել է-խմբ․): Նա դեռ նոր սպանել է մեր երկու լրագրող գործընկերներին և թատրոնի դերասանին։ Նա սպանել է որպես թիրախ։ Այժմ արդեն պատերազմ է ընթանում, որին աջակցում է Թուրքիան։ Սակայն YPG-ն մտադիր չէ նոր պատերազմի մեջ մտնել ՀԹՇ-ի, ՍԱԲ-ի կամ թուրքական բանակի հետ:
Դժվարանում է հասնել լուծման այնպիսի համաձայնության, որը հնարավորություն կտա հնարավորության դեպքում հաստատել իր սեփական ներկայությունը Սիրիայում ամենաբարձր մակարդակով: Դրա համար տարածաշրջանում այլ դերակատարներ կան: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան շատ հետաքրքրված են։ Գերմանիայի արտաքին գործերի պատվիրակությունը նոր է մեկնել տարածաշրջան: Միաժամանակ եկավ նաև Թրամփը (իշխանության -խմբ․)։
Դա ցույց է տալիս, որ արտաքին ուժերը մի օր հետ կգնան, ժողովուրդը կմնա այնտեղ մենակ, դե իսկ ժողովրդի կոտորածը ժամանակի հարց է։ Դա առանց այդ էլ տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմի ժամանակ և հավանական է՝ տեղի կունենա նաև վաղը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին և Սիրիայի քրդերի ճակատագրին։
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Ըստ ամերիկագետի՝ ԱՄՆ-ի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին և Սիրիայի քրդերի ճակատագրին։
Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով։
Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին փնտրել գազի նոր աղբյուրներ։
Օրակարգում են եղել Մերձավոր արևելքում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |