Հոդված18:57, 10 Մարտ 2025
Սիրիայում առկա անկայունությունն ինչու՞ է անհանգստացնում Թուրքիային

Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հարող զինյալների և նոր կառավարության ուժայինների միջև մարտի 6-ից բախումներ են սկսվել արևմուտքում՝ Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցել է 1500-ը, որից 830-ն ազգությամբ ալավի (կրոնական փոքրամասնություն - նուսայրի/ շիաականության ուղղություն) են։ Զոհերի թվում կան նաև քրիստոնյաներ և դրուզներ։ Բախումների հետևանքով վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել մահապատիժների իրականացման մասին։
Սիրիայում առկա ներքաղաքական իրավիճակն ինչու՞ է անհանգստացնում Թուրքիային
Նախ և առաջ Սիրիայում առկա անկայունությունն իր ազդեցությունն է ունենում և առաջիկա ժամանակահատվածում նույնպես կունենա միգրացիոն հոսքերի վրա։ Ի՞նչու։ Որովհետև Սիրիայում նոր իշխանությունների հաստատումից հետո, Թուրքիան հստակ ազդակներ էր ուղղում այդ երկրում ապրող սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադառնալու համար։ Վերջին երեք ամիսների ընթացքում արդեն 133 հազար սիրիացի է վերադարձել իր երկիր։ Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն այս թիվը, բնականաբար, այդքան էլ գոհացուցիչ չէ Թուրքիայի համար, իսկ բախումների շարունակությունը և անկայունության պահպանումն ի վնաս Անկարայի են աշխատում։ Իրավիճակով պայմանավորված այն սիրիացի ներգաղթյալները, որոնք ծրագրում էին լքել Թուրքիան և վերադառնալ իրենց երկիր, բնականաբար, ստիպված են սպասել և որոշ ժամանակ ևս հետաձգել իրենց ծրագրերը։
Խնդրի երկրորդ բաղադրիչը․ Հնարավոր է, որ Սիրիայում նախկին իշխանական մեծամասնություն և կրոնական փոքրամասնություն համարվող ալավիներն էսկալացիայի ֆոնին ցանկանան լքել երկիրը և չի բացառվում, որ գաղթի ուղղությունը կլինի հենց Թուրքիան։
Քաղաքական և տնտեսական առումով իրավիճակը նույնպես անբարենպաստ է Թուրքիայի համար։ Անկարան խոշոր ներդրումներ է կատարել և պատրաստվում է կատարել Սիրիայում։
Ըստ էության, թուրքական իշխանությունների հաշվարկով, իրենց աջակցությունը վայելող սիրիական նոր իշխանությունների կառավարման շրջանում իրենք ոչ միայն լուծելու են սիրիացի գաղթականների հարցը, այլև նրանց համոզմամբ, մասնավոր սեկտորի, խոշոր գործարարների համար տնտեսական նոր գոտի և շուկա է բացվելու ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքների վերականգնման, սիրիական բանակի վերակառուցման և սահմանի անվտանգության պահպանման համար (մասնավորապես՝ Իսրայելի հետ սահմանը)։
Պատճառն ակնհայտ է․ երբ իշխանության եկան Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ուժերը, տարածաշրջանում առավելապես շահեց Թուրքիան։ Տարածված տեսակետ կա, որ այս ուժերը իշխանության են եկել հենց Թուրքիայի և Արևմուտքի գործուն աջակցությամբ։ Այս պահին, երբ Սիրիայում էսկալացիա է, իսկ Թուրքիայի աջակցությունը վայելող ներկայիս իշխանությունները ծանր իրադրության առջև են կանգնած, խոշոր հաշվով հարցականի տակ է դնում նաև Անկարայի՝ վերջին երեք ամսում քաղաքական առումով ձեռք բերած դիրքը։
Թուրքիայում նաև փորձագիտական շրջանակներում մտավախության կա, որ Սիրիայում ալավիների և սուննի մուսուլմանների (Թուրքիայի բնակչության մեծամասնությունը ևս սուննի մուսուլման է) միջև շարունակվող բախումները որոշակիորեն կարող են իրենց արտացոլումն ունենալ իրենց երկրում։ Չեն բացառվում, որ որոշ շրջանակներ հնարավոր է հակաալավիական տրամադրություններ առաջացնեն։ Հարկ է նշել, որ Թուրքիայում ալավիներ են բնակվում Հաթայի, Մերսինի, Ադանայի, Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի նահանգներում։
Նշենք, որ չպետք է խառնել ալևիներին ալավիների հետ։ Ալևիզմը, ըստ որոշ գիտնականների աշխարհիկ դավանանք է։ Ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ:
Թուրք փորձագետների կարծիքով՝ էսկալացիան հրահրվել է Իրանի կամ Իսրայելի կողմից, քանի որ այդ երկրների նպատակն է ապակայունացնել Սիրիան և սահմանափակել Թուրքիայի՝ տարածաշրջանում վերջինիս դերակատարությունը։
Ընդծենք, որ եթե Թուրքիան մասնակից է էսկալացիայի հրահրման գործում, ապա հետևանքները հաշվարկված չեն եղել։ Մի առումով կարելի է այս լարվածության սրումը թուրքական ձեռագիր որակել․ այն է, որ Թուրքիան է էթնիկ զտման քաղաքականության ջատագովը։ Դա, իհարկե, փաստում է թե՛ Օսմանյան կայրության, և թե՛ Թուրքիայի Հանրապետության պատմությունը։
Սիրիայի ներկայիս իշխանությունները երկրի կառավարման ղեկը ստանձնելուց հետո, ըստ էության, հստակ արձանագրել էին, որ իրենց նպատակն է ձևավորել այնպիսի պետություն, որտեղ գերակա կլինի սուննի իսլամը։ Այսինքն այստեղ ևս ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումն է և հնարավոր էթնիկ զտումների իրականացումը։
Բացի այդ, թուրքական իշխանությունների էսկալացիայի վերաբերյալ արձագանքը ևս ցույց է տալիս, որ լեգիտիմացնում է ջիհադիստների հարձակումներն ալավիների վրա, քանի ոչ միայն կոչ, այլև քննադատություն չի հնչում այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սիրիական էսկալացիայի հետևում ո՞վ է թաքնված։ Թուրքիային որքա՞ն է ձեռնտու ստեղծված վիճակը։

Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։

Սեյսմոլոգների կարծքով՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների գազային կուտակումները կարող են ավելի քան 7 բալ ուժգնությամբ ցնցումների պատճառ դառնալ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սիրիական էսկալացիայի հետևում ո՞վ է թաքնված։ Թուրքիային որքա՞ն է ձեռնտու ստեղծված վիճակը։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Նիստը կկայանա մարտի 10-ին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պահանջով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |