Հոդված16:19, 24 Մարտ 2025
Հետազոտություն. Հայաստան այցելած թուրք լրագրողների մեդիատուրի արդյունքները

Ermenihaber.am կայքն իրականացրել է փոքրիկ հետազոտություն՝ ուսումնասիրելով մարտի 10-ից 13-ին Հայաստան այցելած թուրք լրագրողների պատրաստած նյութերի ազդեցությունը և տարածումը թուրքական մեդիա դաշտում։ Արդյունքները ցույց են տալիս, որ կազմակերպված մեդիատուրը, որը Հայաստանում քննարկումների առիթ է դարձել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մեդիահարթակներում՝ ստեղծելով հիմքեր հանրային կարծիքի մեղմացման, Հայաստանի՝ որպես ապակառուցողական գործոնի վերաբերյալ ձևավորված տեսակետը փոխելու համար։
Այցի լուսաբանում
Երևան այցելած թուրք լրագրողների խումբը, որոնք ներկայացնում էին Թուրքիայի առավել ազդեցիկ լրատվամիջոցները՝ NTV, TRT World, Sözcü TV, T24, CNNTürk, Anadolu, IHA, Hürriyet Daily, Medyascope, Agos, Հայաստան կատարած այցի ընթացքում պատրաստել և հրապարակել են ավելի քան 2 տասնյակ նյութեր։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը, որը հեռարձակվել է գրեթե բոլոր մեդիահարթակներով՝ ինչպես թուրքալեզու, այնպես էլ անգլալեզու (TRT World, Hürriyet Daily News)։
Կարևոր է նշել, որ մեդիատուրի մասնակիցների կազմում ներգրավված են եղել և՛ մերձիշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ անկախ համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը թույլ է տվել հայկական թեզերը հասցնել Թուրքիայի հանրության տարբեր շերտերին։
Հայկական թեզերի առաջմղում
Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ թուրքական լրատվամիջոցների կողմից պատրաստված նյութերի գերակշռող մասում շրջանառվել են հայկական հիմնական թեզերը։ Առավել հաճախ շեշտադրվել են հետևյալ դիրքորոշումները․
1. «Զանգեզուրի միջանցքի» մերժումը։ Գրեթե բոլոր նյութերում շեշտվել է, որ այս հասկացությունն անընդունելի է Հայաստանի համար և դիտարկվում է որպես ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք։ Փոխարենը՝ Հայաստանը առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» (ԽԽ) նախագիծը, որը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների համապարփակ բացում։
2. Կարգավորման պատրաստակամություն։ Թուրքական մեդիան ակտիվորեն լուսաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։ Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ այս ուղերձը տարածել են «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ կարևոր հայտարարություն․ կարգավորմանը պատրաստ ենք» վերնագրով։
3. Ադրբեջանը որպես հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտող գործոն։ Բազմաթիվ նյութերում, հատկապես նրանցում, որոնք հրապարակվել են անկախ մեդիայի կողմից, տեղ է գտել այն թեզը, որ Ադրբեջանի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ T24-ի լրագրող Բարչըն Յինանչը նշել է, որ հայ պաշտոնյաները համարում են, որ «Ադրբեջանի պատճառով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արգելափակումն իրականում բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»։ Hurriyet Daily-ի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը գրել է, որ Մարգարա-Ալիջան սահմանի բացումը շրջադարձային կլինի տարածաշրջանային խաղաղության համար, սակայն Թուրքիան դեռ սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին:
4. Մարգարայի անցակետի գործարկման պատրաստություն։ Լրագրողները շեշտել են, որ Հայաստանի կողմից Մարգարայի սահմանային անցակետը վերականգնվել է և պատրաստ է գործարկման, սակայն 2022թ. պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար սահմանը բացելու մասին, դեռ չի իրականացվել։
5. Թուրքիայից ակնկալվող քայլեր։ Թուրքական մեդիայում հնչել է, որ Հայաստանը սպասում է փոխադարձ քայլեր Թուրքիայի կողմից։ T24-ի լրագրող Յինանչն ընդգծել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք դեռ իրական արդյունք չեն տվել։
Նյութերի տոնայնությունը
Ուշագրավ է, որ նույնիսկ թուրքական մերձիշխանական և պետական մեդիայում ( NTV, TRT World, Anadolu) հրապարակված նյութերը հիմնականում ներկայացվել են առանց բացասական շեշտադրումների։ Լրագրողները Հայաստանի վարչապետի և հատուկ ներկայացուցչի խոսքը մեջբերել են ուղղակիորեն՝ առանց աղավաղումների։
Հատկանշական է, որ այլընտրանքային, անկախ մեդիան (T24, Mediascope) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է որպես «տաբուներ կոտրող», իսկ նրա մոտեցումը թուրք-հայկական հարաբերություններում՝ «ռազմավարական համբերություն», ինչը ենթադրում է դրական գնահատական։
Ցեղասպանության թեմայի ներկայացումը
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշումը նույնպես ներկայացվել է թուրքական մեդիայում։ Նախ շեշտվել են վարչապետի այն խոսքերը, որ «Հայոց ցեղասպանությունը անհերքելի ճշմարտություն է», ապա մեջբերվել է խոսքը, որ «այսօրն այսօր է, իսկ պատմությունը պատմություն է»։ Հրապարակումներում նաև նշվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ։ Sözcü-ի միջազգային լուրերի ղեկավար Բուրաք Թաթարին այս մոտեցումը դիտարկել է որպես Փաշինյանի անձնական քաղաքականություն՝ կասկածի տակ դնելով դրա ինստիտուցիոնալ բնույթը։
CNN Türk-ի հակահայկական տեսանյութը
Հայկական տիրույթում հատկապես լայն քննարման թեմա դարձավ «CNNTürk»-ի պատրաստած ռեպորտաժերից մեկը, որտեղ լրագրողը հնչեցնում էր հակահայկական թեզեր։ Ուշագրավ է՝ լրագրողը հրապարակել էր մեկ այլ տեսանյութ, որը ուներ չեզոք տոնայնություն և նույնիսկ ներկայացնում էր հայկական դիրքորոշումը։ Սակայն այս հրապարակումից հետո տարածվել է լրագրողի հետ ադրբեջանական ալիքներից մեկի պատրաստած հարցազրույցը, որին էլ հաջորդել է վերոնշյալ հակահայկական շեշտադրումներով ռեպորտաժը։ Նշենք, որ այս նյութը հրապարակվելուց շատ չանցած հեռացվել է «Youtube»-ից։
Հարկ է նշել, որ մեր հետաքննության արդյունքում պարզվել է, որ թուրքական «Demirören» հոլդինգը, որին պատկանում է «CNNTürk» ալիքը, վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում կատարել է հսկայական ներդրումներ։ Ուստի, ադրբեջանական ճնշումն ավելի քան ակնհայտ ու տրամաբանական է։
Ադրբեջանի արձագանքը
Ադրբեջանական կայքերում և սոցիալական տիրույթներում հանդիպում են գրառումներ առ այն, որ Հայաստանը նմանատիպ մեդիատուր է կազմակերպել Թուրքիայի հետ մերձենալու միջոցով Ադրբեջանին վնասելու համար։
«Թուրք լրագրողների՝ հենց այս ժամանակահատվածում Հայաստան հրավիրվելն ու այցի բարձր մակարդակով կազմակերպվելը իրականում Փաշինյանի վարած քաղաքականության մի մասն են։ Հենց այս քաղաքականության արդյունքն է, որ վերջին օրերին որոշ թուրք լրագրողներ Հայաստանը և Փաշինյանին գրեթե «խաղաղության աղավնի» են ներկայացնում։ Վերջին օրերին Թուրքիայի լրատվամիջոցներում ավելի հաճախ են լուսաբանվում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները։ Հեռուստատեսություններում, կայքերում և այլ հարթակներում կարելի է հանդիպել տասնյակ ռեպորտաժների, հոդվածների ու մեկնաբանությունների, որտեղ թուրք լրագրողները փաստացի ներկայացնում են Հայաստանի դիրքորոշումները:
Երևան հրավիրված մեդիա ընկերությունների շարքում գերակշռում են օտարալեզու լրատվամիջոցները, պաշտոնական լրատվական գործակալությունները, ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերը, ինչը ցույց է տալիս, որ ծրագիրը նախապես մանրակրկիտ պլանավորված է։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները, իրենց դիրքերը առավել ամրապնդելու համար, փորձում են Թուրքիայում ձևավորել Ադրբեջանին հակառակ հասարակական կարծիք»,- գրում է ադրբեջանական կայքը։
Իսկ ադրբեջանական «APA» գործակալության «Անկարայի և Երևանի մերձեցումը. Թուրքիայի քայլերը, որոնք հիասթափեցնում են Ադրբեջանին» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ թուրք լրագրողների այցը Հայաստան և մասնավորապես հայ-թուրքական սահման Ադրբեջանի դեմ ուղղված քայլեր են։ Եվ չի բացառվում, որ հենց նրանք են նպաստել, Մարգարայի անցակետը թեկուզև ժամանակավոր բացվի։
Ամփոփելով նշենք, որ մեդիատուրի արդյունքները՝ լուրերի քանակը, հայկական մի շարք թեզերի տարածումը, ինչպես նաև ադրբեջանական արձագանքը, ցույց են տալիս, որ Հայաստանը հաջողությամբ օգտագործել է «փափուկ ուժի» գործիքակազմը՝ թուրքական մեդիայի միջոցով իր դիրքորոշումը Թուրքիայի լայն հանրությանը հասցնելու համար։
Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:
Մամուլի հաղորդագրություն է հրապարակվել, որտեղ հերքվել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։
Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։
Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ժամանակավորապես հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |