Ցեղասպանություն13:05, 22 Ապրիլ 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշտոնական դիրքորոշման, գիտական շրջանակների տեսակետների և դրանցում փոփոխությունների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
- Թուրքիան մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ պատճառաբանելով պատմական փաստերի «քննարկման անհրաժեշտությունը»։ Ի՞նչ են իրականում բացահայտում օսմանյան արխիվները, և ի՞նչ պատասխան ունի այս տեսակետին հայ պատմագիտությունը։
- Այո՛, Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար տասնամյակներ շարունակ ներկայացրել է զանազան պատճառաբանություններ, այդ թվում՝ պատմական փաստերը գնահատելու պատրվակ։ Թեև օսմանյան արխիվները տարիներով փակ են եղել հայ և արտասահմանցի հետազոտողների առջև, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարած գիտնականները նման պայմաններում անգամ կարողացել են գտնել և հրապարակել մեծ թվով արժեքավոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են ցեղասպանության կանխամտածված և զանգվածային բնույթը։
Թե՛ հայ և թե՛ համաշխարհային պատմագիտությունը վաղուց է տվել իր պատասխանն ուրացողների այդ տեսակետին․ Հայոց ցեղասպանությունն արդեն փաստարկված, ապացուցված և հիմնավորված իրողություն է, և թուրք ժխտողականներին ամենալավ պատասխանը տալիս են օսմանյան արխիվային փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ դրանց շարքում ամենակարևոր տեղն են զբաղեցնում Արամ Անտոնյանի հրապարակած թուրքական կառավարության հեռագրերը և 1919-1921 թթ․ Ստամբուլում Օսմանյան պետության Ռազմական արտակարգ ատյանում կայացած երիտթուրքերի դատավարությունների վավերագրերը։
Ընդհանրապես որևէ ցեղասպանություն փաստարկելու համար նախ պետք է ապացուցել, որ այդ հանցագործությունն իրագործած խումբը նախապես ծրագրել է այն։ Երիտթուրքերի դատական փաստաթղթերը, հատկապես, «Միություն և առաջադիմություն կուսակցության» և կառավարության գործիչների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը բացահայտում են, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում: Այսպես, գրավոր կերպով դատարանին վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը հատուկ մարդասպաններ էր պատրաստել երրորդ բանակի շրջանում: Կան այլ բազմաթիվ անհերքելի ապացույցներ և փաստեր, այնպես որ մենք՝ հայ մասնագետներս, արդեն պետք է լիովին ազատվենք ցեղասպանությունն ապացուցելու ցանկությունից և կենտրոնանանք Հայոց ցեղասպանության ասպեկտների և մանրամասների վրա։
- Թուրքիայում ապրող տարբեր ազգային և կրոնական փոքրամասնություններ, օրինակ՝ քրդերը, ալևիները, կամ քաղհասարակության ներկայացուցիչներն ինչպե՞ս են վերաբերվում Հայոց ցեղասպանության հիշատակմանը։ Կա՞ որևէ փոփոխություն վերջին տարիներին։
- Վերջին տարիներին, մասնավորապես ԱԶԿ-ի՝ (Արդարություն և զարգացում կուսակցություն - խմբ.) իշխանության գալուց հետո Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի կոշտ ժխտման քաղաքականությունը թուրքական իշխանությունների կողմից ենթարկվել է որոշ փոփոխության։ Թեև կոշտ ժխտումը Էրդողանի (Թուրքիայի նախագահ - խմբ.) իշխանության շրջանում փոխակերպվեց ավելի մեղմ ու քողարկված հերքման, այնուամենայնիվ, բովանդակային առումով այն շարունակեց նույնը մնալ։ Բայց և այնպես, վերջին տասնամյակներին Թուրքիայում տպագրվեցին նաև պատմական փաստերը չխեղաթյուրող գրքեր։
Այսինքն՝ Էրդողանի իշխանության օրոք թուրք հասարակությունն աննախադեպ շատ է քննարկել Մեծ եղեռնի թեման ու, թեև, 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ աշխուժությունը նվազել է, իսկ ազատ խոսքի հանդեպ հետապնդումները՝ ավելացել, Հայոց ցեղասպանության թեման այլևս ոչ միայն տաբու չէ Թուրքիայում, այլեւ՝ չնայած թուրքական իշխանությունների վարած քաղաքականությանը, այդ երկրում արդեն շատ ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն ունեն տեղեկանալ պատմության իրական փաստերին։
Դրա շնորհիվ Թուրքիայի հասարակության որոշ շրջանակներ կարողացան ոչ միայն տեղեկանալ պատմական իրողությունների մասին, այլ մինչև իսկ երբեմն հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և տարբեր հիշատակի միջոցառումներ կազմակերպել։ Այս առումով հատկապես ուշագրավ են Արևմտյան Հայաստանում որոշ իսլամացած հայերի շրջանում կազմակերպվող արարողությունները։ Այսպես՝ մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին Ստամբուլում, Իզմիրում, Դերսիմում, Ադանայում և այլ վայրերում, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ կկայանա Դիարբեքիրում։ Անցյալ տարի ևս նույն վայրում «Արգելված սերենադ» խորագրով տեղի ունեցած այդ համերգին մասնակցած արևմտահայ երգիչ Ստեփան Եփրեմյանն այս տարի ևս ներկա կգտնվի։
Հիշատակի նման արարողություններ կազմակերպվում են նաև Թուրքիայի փոքրամասնությունների, մասնավորապես, քրդերի և ալևիների կողմից, քանի որ վերջիններս գիտակցում են, որ ցեղասպանության վտանգը կախված է նաև իրենց գլխին․․․
- Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում (օրինակ՝ վերջին հայ-թուրքական երկխոսության շրջանակներում) ի՞նչ դեր ունի Հայոց ցեղասպանության հարցը՝ իբրև պատմական արդարության տարր։ Կարո՞ղ է արդյոք հնարավոր կարգավորումը շրջանցել այդ հարցը և ինչպե՞ս:
- Փորձենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները պատկերավոր կերպով ներկայացնել որպես 2 անձանց փոխհարաբերություններ։ Ասենք՝ այդ երկու մարդիկ թշնամացել են, քանի որ մեկը սպանել է մյուսի հարազատներին։ Պատկերացնենք, թե հիմա նրանց փորձում են հաշտեցնել՝ հուսալով, որ հարազատներին կորցրածը կմոռանա կամ նրբանկատ կերպով կշրջանցի այդ թեման․․․ Մի՞թե դա հնարավոր է։ Իհարկե՝ ոչ։
Նման մասշտաբի ողբերգությունը հնարավոր չէ մոռանալ կամ ուրանալ։ Ահա թե ինչու հարաբերություններ կառուցելու կամ զարգացնելու համար հարկ է նախ և առաջ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Եթե Թուրքիան իրապես ցանկանում է հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, նախ և առաջ պետք է անկեղծորեն զղջա իր հանցանքի համար, ճանաչի մարդկայնության դեմ իրագործված այդ մեծ հանցագործությունը, ներողություն խնդրի և պատրաստ լինի ճանաչումից բխող բոլոր պարտավորությունների, այդ թվում՝ փոխհատուցման կատարմանը։
Հակառակ դեպքում, ես ինքս, որպես հայ և մասնագետ, անհնար եմ համարում այդ հարաբերությունների զարգացումը։ Եթե անգամ փորձենք աչքաթող անել Հայոց ցեղասպանության թեման, այն անընդմեջ ի հայտ է գալու բազմապիսի ձևերով և ամենաանսպասելի տեղերից, ինչպես որ կլիներ 2 անհատների հարաբերությունների դեպքում, երբ նրանցից մեկը մեծ ոճիր գործած լիներ մյուսի նկատմամբ․․․
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |