Ցեղասպանություն23:06, 24 Ապրիլ 2025
Հայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությամբ

Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատեսներից մեկը շատախցի Մարուսյա Հակոբյանն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում է պահվում նրա կյանքի մասին անտիպ ձեռագիր հուշագրությունը (ՀՑԹԻ թանգարանային ֆոնդեր, բժ. 8, ֆհ. 378): Այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստագրում է, քանի որ հենց ականատես-վերապրողի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված, որը ներկայացնում է ողբերգական կյանքի տարբեր դրվագներ:
Հուշագրությունը շատախցի մի հայուհու կյանքի պատմությամբ վկայում է Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքները, վերապրելու սեփական մեթոդները:
Ծանր գաղթ. մազապուրծ լինելով անողոք մահվան ճիրաններից
Մարուսյա Հակոբյանի կյանքը լի էր դժվարություններով։ Երբ Շատախում տարածվեցին թուրքական հարձակումների մասին լուրերը, գյուղում սկսվեց մեծ խուճապ։ Մարուսյայի ընտանիքը, ինչպես նաև մնացած շատախցիները, ստիպված էին լքել իրենց տունը ու բռնել գաղթի ճանապարհը։ Բռնելով գաղթի երկար ճանապարհը, նրանք հասնում են հայկական մի գյուղ՝ կարծելով, թե գտել են իրենց հանգիստտությունը։ Սակայն, երբ մտնում են գյուղ, նրանց սպասում է խորը հիասթափություն՝ այն արդեն ավերված և թալանված էր թուրք զինվորների կողմից։
Չունենալով այլ ելք՝ գյուղի երիտասարդ տղամարդիկ որոշում են բարձրանալ սարերը՝ փորձելով պաշտպանել իրենց ընտանիքներին և գյուղացիներին հերթական սպառնացող արյունահեղությունից։ Մինչդեռ կանայք, երեխաներն ու տարեցները ապաստան են գտնում մի տեղացու տանը։ Այդ փոքրիկ շինության մեջ մեկ գիշերում հավաքվում է ավելի քան հարյուր կին, աղջիկ ու երեխա՝ լուռ աղոթելով, որ գոնե այդ գիշեր բախտը նրանց ժպտա, և վտանգը շրջանցի։
Հուշագրությունից տեղեկանում ենք․ «Ժամը 10-ին թուրքական զորքը ներխուժում է գյուղ։ Քիչ անց, երեք զինված տղամարդ ներս են մտնում այն տունը, որտեղ պատսպարվել էին Մարուսյան և հարյուրից ավելի կին ու երեխա։ Սկսվում է խուզարկությունը։ Նրանք բռնի ուժով վերցնում են մարդկանց ոսկեղենը, արծաթը, գումարը և բոլոր հնարավոր արժեքավոր իրերը։ Երբ հասնում են Մարուսյային ու նրա մորը, նկատում են, որ նրանք ոչինչ չունեն։ Մի քանի վայրկյան ուշադիր զննելուց հետո նրանց դուրս են հանում տնից և այրում այն՝ ներսում թողնելով ողջ մնացած կանանց ու երեխաներին»։
Իրար հաջորդող ծանր օրերի համապատկերում Մարուսյայի մայրը, գրկելով դստերը, վախից կծկվում է մի մասրենու թփի տակ՝ փորձելով գոնե մի կերպ պատսպարվել ու փրկվել։ Սակայն փրկության հույսերը շատ շուտ մարում են. թուրքական բանակը պաշարում է ողջ գյուղը։ Սկսվում է իրական մղձավանջը։ Ով ողջ էր՝ սպանում էին։ Ոմանց կրակում էին, մյուսներին խոցում սվինով, դանակով կամ քարերով։ Մահացածների վրայից հանում էին շորերը, կոշիկներն ու զարդերը։
Սարսափելի տեսարաններից մեկը Մարուսյայի հիշողության մեջ դաջվում է հարատև։ Նրա մոր փեշի վրա մնացած չոր հացի փշրանքները մի թուրք կին վերցնում է, թրջում արյունոտ ջրի մեջ և տալիս իր երեխային։ Այդ պահին Մարուսյան գիտակցում է, որ ջրի մեջ եղած արյունը իր ձեռքերից է թափվել, երբ փորձել էր պաշտպանել մորը։ Մայրը, անշարժացած ու լուռ, գրկել էր նրան ու մնացել նույն դիրքում։ Հանկարծ նրանց գլխավերևով մի բան թռչում է և, ուժգին ճչալով, ընկնում ոտքերի մոտ․․․․ մի երեխա էր՝ դեռ ողջ, բայց սվինահարած և մոր գրկից շպրտված։ Այդ պահից հետո Մարուսյան բարձրացնում է գլուխը և հասկանում, որ մայրը…․ այլևս չկա։ Նա մահացել էր։
Մարուսյան մինչև երեկո մնում է մոր գրկում՝ շրջապատված դիակներով, տիրող լռության ու սարսափի մեջ։ Միայն երեկոյան է մոտենում մի երիտասարդ կին։ Նա խաբում է թուրք զինվորներին՝ ասելով, թե բոլորը մահացած են, ապա հավաքում է ողջ մնացածներին, այդ թվում՝ Մարուսյային։Մարուսյան դժվարությամբ է բաժանվում մոր մարմնից՝ անդադար լաց լինելով ողջ ճանապարհին։
Չնայած արդեն ապրիլ ամիսն էր, սակայն ճանապարհը ձյունով էր ծածկված։ Փոքրիկ Մարուսյան սարսափելի մրսում էր․ նրա հագուստը դեռ ծխում էր կրակի շիկացած շոշափումներից։ Վիրավոր թևը դեռ տաք էր, բայց ցավ չէր զգում․ արյունը լուռ կաթում էր հողին։ Քիչ անց հասնում են մի քրդական գյուղ։ Ուղեկցող կինը նկատում է Մարուսյայի արյունոտ թևը և նրան տանում մի հին տուն։ Տան մեջտեղում թոնիր կար՝ ծածկված հին փալասով, որի վրա նստած էր մի կատու։ Կինը պառկեցնում է Մարուսյային թոնիրի մոտ և ասում՝ մնա այստեղ մինչև լույս, իսկ ինքը առավոտյան կվերադառնա։
Դաժան ու ցուրտ գիշերն անցնելուց հետո՝ առավոտյան ժամը 7-ին, կինը վերադառնում է։ Մարուսյային դուրս են բերում և միացնում մյուս փրկվածներին։ Նրանք միասին շարունակում են ճանապարհը՝ փրկության հույսով։ Ճանապարհը Մարուսյային ծանոթ էր, քանի որ տարածքը մոտ էր Շատախին։ Նա, դեռ փոքրիկ լինելով, այդ կողմերում հաճախ էր խաղում ընկերների հետ։Նա ճանաչում էր շատ մարդկանց։ Տեղացիները կապում են նրա վիրավոր թևը, կերակրում, լվանում հագուստն ու մազերը։ Մեկ օր մնալուց հետո նրանք նորից ճանապարհ են ընկնում։
Հաջորդ կանգառը Սուրբ Ստեփանոս եկեղեցին էր։ Այն գտնվում էր հայկական գերեզմանոցի մեջտեղում, իսկ թուրքական գերեզմանոցը՝ մյուս կողմում։ Ուղեկցող կինը որոշում է գիշերով նրանց անցկացնել Տերտերի (Թարթար) կամրջով։ Քաղաքը փոսի մեջ էր, և չորս կողմից գնդակներ էին թռչում․ «Թուրքերը կարծում էին՝ հայեր են, հայերը՝ թուրքեր։ Որևէ պահ չկար, երբ կրակոցներ չլինեին»։
Կանայք խուճապահար էին․ մի մասը վազում է կամրջի տակ՝ հույս ունենալով այնտեղ թաքնվել։ Սակայն մոտ 20 հոգի մտնում է խորը ջրի մեջ ու խեղդվում. գետը տանում է նրանց մարմինները։ Մնացածները մնում են կամրջի վրա։ Այդ վայրում ապրող մի թուրք, ով ճանաչում էր Մարուսյայի հորը, նրան տանում է իր տուն։ Կերակրում է, խնամում մինչև հաջորդ օրը։ Դրանից հետո ուղեկցող կինը զգուշացնում է, որ իրենք պետք է անցնեն թուրք փաշայի տան կողքով, բայց առանց որևէ ձայն հանելու, այլապես կարող են բոլորին սպանել։ Նրանք անցնում են քաղաքով ու հասնում Շատախի Մեծ Ժամ։ Մարդիկ հավաքվում են տեսնելու, թե ովքեր են այդ փախստականները։ Այստեղ Մարուսյան պատահմամբ հանդիպում է իր հորաքրոջը։ Հորաքույրը երկար հարցուփորձից հետո նրան տանում է իրենց տուն։ Մարուսյան որոշ ժամանակ ապրում է հորաքրոջ ընտանիքում։ Տունը մեծ էր. այնտեղ ապրում էին հորաքույրը, նրա ամուսինը, նրանց երկու որդիներն ու հորեղբոր ընտանիքը։
Այդ օրերն անցնում էին անդադար ահով ու վախով։ Քաղաքի վրա կարծես մշտապես սև ամպ լիներ կախված. ամեն օր սպանվածների մասին լուրեր էին հասնում։ Վտանգը գալիս էր Տիգրիս գետի մյուս ափին ապրող քրդերից. «Խաղաղ կյանքն անհնար էր. վրեժի բոցն ամեն պահի բախում էր երկու կողմերին»։
Հայերն սկսեցին զինվել և պաշտպանել իրենց թաղամասերը։ Շուտով Վանից լուր է հասնում՝ կոչ անելով բոլոր հայերին թողնելու ամեն ինչ և հասնելու Վան՝ օգնության․ «Եվ հենց այդ պահին ռուսական զորքերը հասնում են ու ժողովրդի մի մասին կարողանում են դուրս բերել քաղաքից՝ ուղեկցելով դեպի Վան։ Ո՛վ ոտքով, ո՛վ սայլով՝ օրվա հացը ձեռքին, հասնում են Սուրբ Կարապետ վանքը»։ Ճանապարհը դժվար ու դաժան էր։ Շատերը մահանում էին սովից, ցրտից կամ հոգեկան ծանր վիճակից։ Ամենուր փռված էին թալանված ու կողոպտված դիակներ։ Չանցած շատ ժամանակ՝ ռուսներն էլ հեռանում են՝ ժողովրդին անօգնական թողնելով թուրքի ձեռքին։ Նորից սկսվում է խուճապահար փախուստ։ Փախչելիս հասնում են մի գետի, որի վրայով ընդամենը 10 սմ բարձրությամբ ճոճան տախտակ էր ձգված։ Ով կարողանում է՝ անցնում է, իսկ ովքեր չէին կարողանում՝ ընկնում էին ջուրն ու խեղդվում։ Շատերի կյանքի վերջակետը հենց այդ ջրերն էին դառնում։ Հորաքույրը, Մարուսյայի ձեռքը բռնած, ընտանիքի հետ շարունակելով փախուստը՝ ի վերջո հասնում է Էջմիածին։
Դեպի նոր փորձություններ. որբացած կյանք
Մարուսյա Հակոբյանի կյանքի ամենացավոտ, բայց նաև ամենաշրջադարձային ժամանակահատվածն անցավ Էջմիածնի որբանոցում, Թիֆլիսում, Կարսում և Լենինականում։ Էջմիածնում՝ որբանոցում, նա դիմակայեց սովին, հիվանդություններին ու ցրտին՝ ձևավորելով կյանքի նկատմամբ իր տոկուն կամքը։ Թիֆլիսում՝ խնամակալ ընտանիքի մոտ, ապա Կարսում՝ նոր բռնությունների ու կորուստների պայմաններում, խորացավ նրա գիտակցությունը՝ որպես վերապրածի, բայց ոչ կոտրվածի։ Լենինականը դարձավ իր վերջին կայանը՝ որբության տարիներից հետո, որտեղից նա մտավ նոր կյանքի փուլ՝ որպես ապագա մանկավարժ։ Մեծ փորձություններով լի այդ ճանապարհն ավարտվեց Տամջրլու (1935 թ․–ից՝ Մռավյան) գյուղում՝ արդեն ուսուցչուհու առաքելությամբ։
Նոր կյանք. վերապրման սեփական մեթոդը՝ ուսուցչություն
Մարուսյա Հակոբյանի կյանքի պատմությունը ոչ միայն մի անհատի տոկունության ու նվիրվածության վկայություն է, այլև ամբողջական սերնդի ողբերգության ու վերապրումի խորհրդանիշ։
Շատախից բռնագաղթած որբ աղջնակը, որն անցել է Էջմիածնի, Թիֆլիսի, Կարսի ու Լենինականի ծանր ճանապարհը, ի վերջո կարողացավ ոչ միայն հաղթահարել պատերազմի, որբության ու գաղթի հետևանքները, այլ նաև կերտել իր կյանքը՝ ծառայելով կրթության և ազգային ինքնության պահպանման գործին՝ սերունդներին փոխանցելու, կրթելու առաքելությամբ։ Նրա արժեհամակարգի առանցքում հստակորեն տեսանելի են մարդասիրությունը, կրթության հանդեպ հավատը և գյուղին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։ Մարուսյան ուսուցչական գործունեությամբ փորձեց սերունդներին փոխանցել այն արժեքները, որոնք օգնեցին իրեն՝ դիմակայելու պատմական փորձություններին։ Նա իր ամբողջ կյանքով ապացուցեց, որ խավարը կարելի է հաղթահարել գիտելիքի լույսով, և որ մարդու արժեքը չափվում է իր թողած բարոյական ու մտավոր ժառանգությամբ։
Այսօր, երբ ուսումնասիրում ենք Մարուսյայի հուշերը, ոչ միայն պատկերացնում ենք Հայոց ցեղասպանության տարիների իրականությունն ու որբերի ճակատագիրը, այլև վերագտնում ենք այն ուժը, որից սնվում է ազգային հավաքական դիմադրողականությունն ու պատմական հիշողությունը։ Նրա թողած արժեքներն ու հիշողության ժառանգությունը կարևոր ուղեցույց են սերունդների համար՝ հիշելու, արժևորելու և երբեք չմոռանալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս պատմությունն ականատես-վերապրողի՝ շատախցի Մարուսյա Հակոբյանի խնդրանքով և թելադրանքով է հուշագրված։

Թուրքիայում գործող սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։

DEM կուսակցությունն այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն տերմինը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |