Ցեղասպանություն15:14, 29 Ապրիլ 2025
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

1915 թվականը հայ ժողովրդի համար խորը վերք է, որը մինչ օրս շարունակում է արնահոսել՝ չնայած անցել է ավելի քան մեկ դար։
Օսմանյան կայսրության կողմից մանրակրկտորեն պլանավորված և համակարգված ձևով իրականացված հայերի զանգվածային կոտորածները, ոճրագործություններն ու աքսորը հանգեցրին ավելի քան մեկուկես միլիոն հայի բնաջնջմանը՝ ձևավորելով այն իրողությունը, որն այսօր աշխարհին հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։
Այս ողբերգությունը չէր սահմանափակվում միայն ֆիզիկական բնաջնջմամբ, այն ուներ նաև մշակութային, հոգևոր և քաղաքակրթական բնույթ՝ ուղեկցվելով եկեղեցիների, ձեռագրերի, լեզվի և մշակույթի դեմ ուղղված ոչնչացման գործողություններով։
Թեև ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրության օրոք, որպես ցեղասպան գործողությունների հետնորդ հանդիսանում է ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը: Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն ինչպես նախկինում, այսօր ևս մնում է ժխտողականությանության տիրույթում, ինչն էլ արգելակում է ոչ միայն պատմական արդարության վերականգնումը, այլև՝ Հայաստանի հետ հարևանության և համագործակցության հեռանկարների ձևավորումը։
Վերջին տարիներին, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո, միջազգային հանրության դիրքորոշումները սկսեցին փոփոխվել. Միացյալ Նահանգների նախագահը, մի շարք եվրոպական պետությունների խորհրդարաններ ու միջազգային կառույցներ ճանաչեցին ցեղասպանության փաստը և դատապարտեցին այն։ Սակայն այդ ամենին զուգահեռ և ի հակառակ դրանց այս պահին ևս Թուրքիայում աճում է ազգայնական հռետորաբանությունը, պետական մակարդակով հայերի վերաբերյալ պատմական իրողությունների կեղծման գործընթացը և ինստիտուցիոնալացված ժխտողականության քաղաքականությունը:
Սակայն նախկինում հայկական կողմի այն դիրքորոշումը, որ ժամանակակից Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը՝ որպես քաղաքական նախապայման, աստիճանաբար անցում է կատարում դեպի հարցի ուղղակիորեն շրջանցման։ Եվ այժմ մնում է հարցի միայն բարոյական կողմը և կարիքը մեղադրանքի հարթության մեջ դնելը չէ, այլև պահանջն է՝ առերեսվել պատմության հետ։ Դա նշանակում է ընդունել, որ Օսմանյան կայսրությունը գործադրել է ցեղասպան քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, և այդ անցյալը չպետք է ժխտվի կամ մոռացվի։ Պատմության հետ առերեսումը կարող է դառնալ կարևոր նախադրյալ՝ ժողովուրդների միջև իրական երկխոսության հաստատման, պետությունների հաշտության և համագործակցության համար։
Այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության արդեն 110-րդ տարելիցը, կարևոր է ընդգծել, որ ցեղասպանությունը միայն անցյալ չէ։ Այն նաև արդիական հարց է, որը կապված է տարածաշրջանում խաղաղության, կայունության ու պատմական արդարության հաստատման հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած օրակարգ պետք է անպայման անդրադառնա պատմական ողբերգությանը, բայց ոչ մեղադրելու կամ հաշիվ պահանջելու տեսանկյունից, այլև որպես ճշմարտության հետ առերեսման, անցյալի վերքերի վրա հաշտության կամուրջներ կառուցելու և այդ ճանապարհով ապագային նայելու պայման: Հաշտություն առանց պատմության հետ առերեսվելու, թերևս, հնարավոր չէ:
2021-ից մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայոց ցեղասպանության հարցը կարծես հետին պլան է մղվում, սակայն կարևոր է հասկանալ, որ ժողովուրդների միջև առկա պատմական հիշողությունների հետ պետք է առերեսվել թե՛ դրական և թե՛ բացասական կողմերով, քանի որ միայն այդ պարագայում, գուցե, տարիներ ի վեր արմատացած խնդիրների լուծման եզրեր գտնվեն:
Հարկ է նաև նշել, որ առանց նախապայմանների խաղաղության օրակարգը ենթադրում է լուծում՝ ելնելով տարածաշրջանային բոլոր պետությունների շահերից, սակայն դա չպետք է նշանակի, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։
Քանի դեռ թուրքական կողմը չի առերեսվել իրողությունների հետ, չի կրել հետևանքների պատասխանատվությունը ու զգում է նախկինում գործած դաժանությունների անպատժելիության թեթևությունը, ո՞րն է երաշխիքը, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |