Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի Աթենք կատարած այցից հետո ակտիվացել են ռազմական ոլորտում Հունաստանի և Իսրայելի բանակցությունները։ Քննարկումների կենտրոնում է Հունաստանի կողմից «Աքիլեսի վահան» անվամբ պաշտպանական նախագծի շրջանակում Իսրայելից հրթիռային և ռադարային համակարգերի ձեռքբերումը, որոնց ծածկույթը ներառում է Թուրքիայի հետ ցամաքային սահմանը՝ Մերիչի հատվածը, ինչպես նաև Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերի տարածքները։
Հաղորդվում է, որ Աթենքում Իսրայելի պաշտպանության նախարարի հանդիպումը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ կայացել է Հունաստանի պաշտպանության նախարարությունում, որտեղ կողմերը համաձայնություն են ձեռք բերել ռազմական համագործակցության հետագա խորացման շուրջ։ Նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է մոտ 3.5 միլիարդ եվրո, և նախատեսվում է հինգ տարբեր տեսակի զինատեսակների տեղակայում, այդ թվում՝ «Barak MX», «Դավթի սանձ» (David’s Sling) և «Spyder» հակաօդային պաշտպանության համակարգեր՝ համապատասխան ռադարներով։
Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հունաստանը նախորդ տարի արդեն ստորագրել է շուրջ 691 մլն եվրոյի համաձայնագիր՝ Իսրայելից «PULS» հրթիռային համակարգերի ձեռքբերման համար։ Նշվում է նաև, որ այցի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարարի հնչեցրած հայտարարությունները Թուրքիայում ընկալվել են որպես կոշտ և սադրիչ, ինչն ավելացրել է տարածաշրջանային անվտանգության շուրջ քննարկումների ինտենսիվությունը։
Աղբյուր՝ halktv.com.tr










