Թողարկվել է թուրքական «Ay Yapım» ընկերության դուստր ձեռնարկություն համարվող «AI Yapım»-ի կողմից արհեստական բանականությամբ (ԱԲ) գեներացված «Castle Walls» (Ամրոցի պատեր) սերիալը: Այն համարվում է աշխարհում ԱԲ-ի միջոցով ստեղծված առաջին նախագծերից մեկը և թուրքական առաջին ԱԲ սերիալը:
Սերիալը բաղկացած է 15 րոպեանոց սերիաներից և պատմում է «Ալամուտ» ամրոցի պատմությունը։ Որպես «Արծվի բույն» հայտնի անառիկ ամրոցը գտնվում է ներկայիս Իրանի Ղազվինի նահանգի Ալբորզի լեռներում: Այն կառուցվել է մոտ 840-ին, իսկ 1090-ին անցել է Հասան ալ-Սաբբահի վերահսկողության տակ՝ դառնալով իսմայիլական-նիզարիների (ասասիններ) պետության գլխավոր կենտրոնն ու նստավայրը մինչև 1256-ը:
Ասասիններ – Ասասինները միջնադարյան (11-13-րդ դարեր) շիա իսմայիլական-նիզարիների կրոնական և ռազմական աղանդի անդամներ էին, որոնք հայտնի էին դարձել իրենց խիստ գաղտնի գործելակերպով և հակառակորդների դեմ ուղղված կազմակերպված մահափորձերով:
Սերիալի սցենարի հեղինակներն են Քերեմ Դերենը և Չիսիլ Հազալ Թենիմը։ Դրա ստեղծման ընթացքում օգտագործվել են մի շարք ԱԲ գործիքներ. ստեղծագործական գաղափարների համար՝ «ChatGPT», տեսարանների և ներշնչանքի համար՝ «MidJourney», կերպարների ինտեգրման համար՝ «Runway» և «Google Nano Banana», իսկ վիդեոարտադրության և տեսարանների մշակման համար՝ «Veo, Kling», «ComfyUI» և «Topaz» ծրագրերը։ Ձայնային ձևավորման և կրկնօրինակման համար էլ կիրառվել են «Runway» և «ElevenLabs» հարթակները։
Աղբյուր՝ Ensonhaber





