Իսրայելական «The Jerusalem Post» թերթն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների ակտիվացմանը։ Հղում է արվում Սիրիայի «SANA» պետական լրատվական գործակալությանը և նշվում , որ երկու երկրների միջև կնքվել է ավելի քան 40 համաձայնագիր ու փոխըմբռնման հուշագիր։
Թերթը նշում է, որ թուրք-սիրիական հարաբերությունների մերձեցումն անհանգստացնում է Իսրայելին։ Սիրիան ցանկանում է տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները զարգացնել Թուրքիայի հետ, ցանկանում է, որ ներդրումներ կատարվեն բոլոր ոլորտներում՝ այդ թվում խոշոր ենթակառուցվածքային նախագծերում։
Ընդգծվում է, որ Սիրիան և Թուրքիան մտադիր են երկկողմ առևտրային ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի։ Անդրադառնալով Տարտուս ծովափնյա քաղաքի ու Կիպրոսի միջև ստորջրյա մալուխ անցկացնելու ծրագրին, որն առաջարկվել է Սիրիայի կողմից, նշվում է, որ Սիրիան բացվում է դեպի Եվրոպա ու Արևելյան Միջերկրական ծով։
Ըստ իսրայելական թերթի՝ նախատեսվում է, որ այդ ծրագիրը կյանքի կկոչվի 2028-ի սկզբին և դրանով Սիրիան մտադիր է զարգացնել կապերը միջազգային շուկաների, Թուրքիայի և Եվրոպայի հետ։
Աղբյուր՝ Milat gazetesi




