Վերջին շրջանում Թուրքիա–Իսրայել հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը եղել է ոչ թե Գազայի շուրջ սովորական հռետորաբանությունը, այլ Սիրիայում գրեթե ուղղակի ռազմական առճակատման հասած նոր ճգնաժամը։ Այս ժամանակահատվածում հարաբերություններն անցել են 3 հաջորդական փուլով․ Անկարան շարունակել է քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում, Լիբանանում և Սիրիայում։
Օգոստոսին Իսրայելը հարվածել էր Թուրքիայի սահմանից 70կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Աբու Զուհուր ավիաբազային՝ փաստացի թիրախավորելով թուրքական ռազմական ներկայության հնարավոր ընդլայնումն այնտեղ։ Իսրայելական 4 ինքնաթիռներ առնվազն 8 հարված էր հասցրել այդ ավիաբազային՝ վնասելով թռիչքուղին և անգարները։ Դրան հաջորդել են երկուստեք սպառնալիքներ, Թուրքիան դիմել էր Ինտերպոլ՝ սկսելու Նեթանյահուի դեմ կարմիր ծանուցում տրամադրելու գործընթացը։ Այս ամենին զուգահեռ նշվում է գաղտնի, ապաէսկալացիոն շփումների մասին։
Հուլիսի 30-ին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը այցելել էր Անկարա։ Սա 17 տարվա ընթացքում Լիբանանի նախագահի առաջին այցն էր Թուրքիա։ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է Լիբանանին տրամադրվող մարդասիրական և տեխնիկական օգնությունը, և քննադատել էր Իսրայելի հարվածները։ Անկարան նաև հայտնել էր Լիբանանի հարավում UNIFIL-ի մանդատի ավարտից հետո ձևավորվելիք հնարավոր անվտանգության մեխանիզմին մասնակցելու հետաքրքրության մասին։
Իսրայելական կողմում սա ընկալվել է որպես Թուրքիայի՝ տարածաշրջանային անվտանգային համակարգում ավելի մեծ դեր ստանձնելու ձգտում։ Այս հարցը տվյալ ժամանակահատվածում ուղղակի թուրք-իսրայելական առճակատման չի հանգեցրել, սակայն լրացրել է Սիրիայում արդեն կուտակվող հակասությունները։
Օգոստոսի 6-ին Հաքան Ֆիդանը Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Իսրայելի պարբերական հարձակումները վնասում են Սիրիայի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և վերակառուցմանը։ Նա միջազգային հանրությանը կոչ էր արել Իսրայելի վրա ավելի մեծ ճնշում գործադրել։
Իսրայելի վարչապետի գրասենյակն էլ հայտարարել էր, որ Սիրիան պատրաստվում էր թույլատրել Թուրքիայի զինված ուժերի տեղակայումը բազայում՝ խախտելով Իսրայել–Սիրիա անվտանգային ստատուս քվոն։ Այնուհետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի հարավ և Աբու Զուհուր ավիաբազային հարվածը որակել է որպես Թուրքիային ուղղված ավելի ընկալելի ուղերձ։
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Իրսայելի ավիահարվածը՝ այն որակելով Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտնել է, որ Իսրայելը հարվածից առաջ Թուրքիային չի տեղեկացրել։ Ըստ նրա խոսքերի՝ թուրքական կողմը նկատել է դեպի Թուրքիայի սահման շարժվող իսրայելական ինքնաթիռները և կարող էր պատրաստվել պատասխան քայլի։ Միայն կողմերի սառնասրտությունն է կանխել իրավիճակի հետագա վատթարացումը։
Բարաքը առաջարկել է Թուրքիա–Իսրայել–Սիրիա եռակողմ հակամարտության կանխարգելման ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծել։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թուրքիային մեղադրել է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Անկարան փորձում է Իսրայելի դեմ ագրեսիան տարածել Սիրիայում։
Թուրքիայից հնչել են հակադարձող հայտարարություններ, որոնց համաձայն՝ Իսրայելը կեղծ տեղեկություններ է օգտագործել հարձակումը հիմնավորելու համար, Նեթանյահուն Թուրքիան ներկայացնում է որպես սպառնալիք՝ Իսրայելում հոկտեմբերին կայանալիք ընտրություններում առավելություն ստանալու նպատակով։ Նշվել է նաև, որ Անկարան չի պատրաստվում դադարեցնել աջակցությունը Սիրիային ։
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ներկայացրել է Իսրայելի վերաբերյալ 7 կետից բաղկացած առաջարկների փաթեթ և հայտարարել, որ Իսրայելը չպետք է փորձի Թուրքիային Սիրիայի միջոցով սադրել։
Աբու Զուհուր ավիաբազային հարվածից հետո Թուրքիա–Իսրայել թեման դարձել է թուրքական լրատվական դաշտի գլխավոր արտաքին քաղաքական հարցերից մեկը։ Գրեթե ամբողջ թուրքական մեդիան՝ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ, համաձայն է մեկ հիմնական հարցում՝ Իսրայելի հարվածի իրական քաղաքական հասցեատերը Թուրքիան է։ Տարբերությունը հիմնականում այն է, թե յուրաքանչյուր լրատվամիջոց ինչպես է բացատրում հարվածի նպատակը, ինչ պատասխան է առաջարկում և որքանով է քննադատում Անկարայի վարած քաղաքականությունը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հիմնականում փոխանցում է կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Հիմնական շեշտադրումն այն է, որ Իսրայելը խախտել է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հարվածը վտանգավոր էսկալացիայի տանող և տարածաշրջանը ապակայունացնող քայլ է։ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ներկայացվում են որպես օրինական համագործակցություն Սիրիայի կենտրոնական կառավարության հետ։ Իսրայելի գործողություններն առանձնացվում են որպես տարածաշրջանային կարգի խաթարման գլխավոր աղբյուր։
Anadolu-ն լայնորեն լուսաբանել է Թուրքիայի և այլ մուսուլմանական երկրների համատեղ հայտարարությունները։ Այս նյութերում Անկարան ներկայացվում է ոչ միայն որպես Իսրայելի դեմ հանդես եկող երկիր, այլև որպես ավելի լայն դիվանագիտական կոալիցիայի շարժիչ ուժ։
Նեթանյահուի դեմ «կարմիր ծանուցման» գործընթացը ևս ներկայացվել է դրական իրավական շրջանակում․ Թուրքիայի քայլը բնութագրվում է որպես Գազայում պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ապահովելու համար հետևողական իրավական պայքար։ Հազվադեպ է շեշտվում, որ Ինտերպոլը կարող է մերժել քաղաքական բնույթի դիմումը կամ որ «կարմիր ծանուցումը» միջազգային ձերբակալման հրաման չէ։
Anadolu-ի վերլուծական հոդվածում շատ ավելի ուղիղ է ընդունում Թուրքիայի ռազմավարական հետաքրքրությունը բազայի նկատմամբ։ Նյութում նշվում է, որ՝ Աբու Զուհուրը կարող է դառնալ Սիրիայի հյուսիսում կարևորագույն ավիաբազաներից մեկը։ Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի և Սիրիայի ռազմական ոլորտում համագործակցության շրջանակում հնարավոր էր այնտեղ թուրքական ուժերի տեղակայում։ Անդրադարձ է կատարվում նաև այն փաստին, որ Իսրայելը նախկինում նույն տրամաբանությամբ հարվածել էր T4 բազային, որտեղ նույնպես հնարավոր էր թուրքական ուժերի տեղակայում։ Նշվում է, որ Իսրայելի նպատակը Թուրքիայի՝ Սիրիայում ռազմաքաղաքական ազդեցության ընդլայնումը կանխելն է։ Այսինքն՝ լրատվական նյութերում շեշտվում է Սիրիայի ինքնիշխանությունը, իսկ AA-ի վերլուծական բաժնում փաստացի ընդունվում է, որ բազան կարող էր ծառայել թուրքական ռազմական ծրագրերին։
TRT-ն հիմնականում գործել է որպես կառավարության պաշտոնական ուղերձների տարածման հարթակ։ TRT-ի դեպքում խնդիրը մեկնաբանվում է ոչ այնքան որպես հավասար տարածաշրջանային երկու ուժերի մրցակցություն, որքան՝ Թուրքիայի ու նոր Սիրիայի օրինական համագործակցության դեմ Իսրայելի ապօրինի միջամտություն։
Իշխանամետ մեդիայում շեշտը դրվում է հնարավոր պատերազմի և Էրդողանի առաջնորդության, Իսրայելի դեմ գաղափարական ու ռազմավարական պայքարի վրա։ Օգտագործվում է առավել սուր բառապաշար։
«A Haber» լրատվական կայքում հրապարակված վարկածների համաձայն Իսրայելի «իրական վախը» Էրդողանի սպասվող այցն է Դամասկոս։ Ըստ այս մեկնաբանության՝ Էրդողան–Շարա հնարավոր հանդիպումը խորհրդանշելու էր Թուրքիայի ազդեցության վերջնական ամրապնդումը Սիրիայում, և Իսրայելը այս հարվածով փորձել է այդ գործընթացը խափանել։ Այլ նյութերում A Haber-ը զարգացրել է երեք հիմնական թեզ, ըստ որոնց Իսրայելը փորձում է Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, Նեթանյահուն Թուրքիայի հետ լարվածությունն օգտագործում է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համար, Իսրայելը վախենում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորվող նոր ռազմավարական բլոկից։ Նշվում է նաև, որ Իսրայելը կարող է նոր հարվածներ հասցնել Թուրքիայի սահմանագծին կամ թուրքական ռազմաբազաների հարակից տարածքներին։
«Yeni Şafak» օրաթերթի էլեկտրոնային կայքում նշվում է, որ Իսրայելի նպատակն է խանգարել Թուրքիային ձևավորել սիրիական բանակը թուրքական ռազմական դոկտրինի հիման վրա։ Կոչեր են արվում նաև Իսրայելի դեմ ավելի համակարգված գործելու վերաբերյալ։ «Haber7» լրատվակակքում նշվում է, Թուրքիա-Իսրայել բախման անխուսափելիության մասին։
Իշխանամետ լրատվամիջոցները լարվածությունը ներկայացնում են որպես՝ ուժեղացող Թուրքիայի նկատմամբ Իսրայելի անհանգստության արդյունք, Նեթանյահուի ընտրական արշավի մաս, թուրքական ազդեցությունը Սիրիայից հեռացնելու փորձ, «Մեծ Իսրայելի» ծրագրի և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության բախում։ Այս լրատվամիջոցներում գրեթե չի քննադատվում Անկարայի սիրիական քաղաքականությունը կամ այն հարցը, թե արդյոք Թուրքիան բավարար չափով ապահովել էր Իսրայելի հետ ռազմական հաղորդակցության ուղիները։
Ընդդիմադիր լրատվամիջոցներում նույնպես ընդունում են, որ իսրայելական հարվածների հասցեատերը Թուրքիան է։ Cumhuriyet-ում տեղ գտած հրապարակումների համաձայն սիրիական ավիաբազային հարվածը թուրք-իսրայելական հակամարտության հետևանք է։ Նշվում է, նաև, որ սա անպայմանորեն կապված չէ Նեթանյահուի վարած քաղաքականության հետ և լարվածությունը կարող է շարունակվել, նույնիսկ, Նեթանյահուի՝ վարչապետ չլինելու պարագայում։
«Sözcü» և «Halk TV» լրատվամիջոցներեում նույնպես ընդունում են, որ հարվածների հասցեատերը Թուրքիան էր։ Ընդգծվում է, որ ավիաբազան բավական հեռու էր Իսրայելից և դրան հարվածներ հասցնելը ինքնապաշտպանական բնույթ կրել չէր կարող։ BirGün-ում նշվում է, որ կատարվածը ներքաղաքական նպատակներով կարող են օգտագործել և՛ Նեթանյահուն, և՛ Էրդողանը։
Ընդդիմադիր լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ դատապարտում են Իսրայելի հարվածը, սակայն իշխանամետներից տարբերվում են նրանով, որ հարցադրումներ են կատարում, թե ինչու չէր աշխատել հակամարտության կանխարգելման մեխանիզմը, որքանով է Անկարայի սիրիական քաղաքականությունը մեծացնում ուղղակի բախման վտանգը, արդյոք Էրդողանն ու Նեթանյահուն լարվածությունը չեն օգտագործում ներքաղաքական նպատակներով։
Անկախ լրատվամիջոցներում (Medyascope, T24, Yetkin Report) նույնպես ընդունում են, որ սիրիական ավիաբազային ուղղված հարվածների հասցեատերը Թուրքիան էր։ Նշվում է տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայում, թուրք-իսրայելյան մրցակցության մասին։ Serbestiyet-ում անդրադարձել են Սիրիա–Իսրայել գաղտնի կապերին և Բաքվի միջնորդությամբ թուրք-իսրայելական շփումներին։
Թուրքական մեդիայի գրեթե բոլոր հատվածները համաձայն են, որ Աբու Զուհուր ավիաբազային հարվածի իրական հասցեատերը Թուրքիան էր։ Տարբերությունը հիմնականում պարզաբանումների մեջ է։ Պաշտոնական մեդիայում նշվում է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության խախտման մասին։ Իշխանամետ մեդիայում անդրադարձ է կատարվում ուժեղացող Թուրքիայից բխող Իսրայելի անհանգստություններին։ Ընդդիմադիր մեդիայում ընդգծվում է Իսրայելից սպասվող վտանգը, և Անկարայի սիրիական քաղաքականության նպատակահարմարությունը։
Անկախ մեդիայում վերլուծության է ենթարկվում Սիրիայում թուրք-իսրայելական մրցակցությունը, զսպման հնարավոր մեխանիզմները և հրապարակային էսկալացիային զուգահեռ գաղտնի դիվանագիտությունը։
Հեղինակ՝ Արմենակ Նազարյան
Աղբյուր՝ Ermenihaber.am




