ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների մասին հարցին, հայտարարել էր. «Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես եմ ուզում»:
Այս խոսքերը թուրքական լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում առիթ են դարձել՝ խոսելու Եմեն թուրք զինվորականներ ուղարկելու հնարավորությունից:
Թուրքական իշխանամետ «Hürriyet» թերթի վերլուծաբան Հանդե Ֆըրաթն անդրադարձել է Թրամփի այդ հայտարարությունը: Նրա խոսքով՝ Անկարայի դիվանագիտական և անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկությունները վկայում են, որ քննարկվող մոդելը չի ենթադրում թուրքական մարտական ուժերի տեղակայում Եմենում. Թուրքիայի հնարավոր ներդրումը միտված է Սաուդյան Արաբիայի սեփական տարածքում պաշտպանական կարողությունների ուժեղացմանը:
«Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը մի բան է, Եմենում պատերազմի մեջ մտնելը՝ մեկ այլ: Անկարան հիմա պետք է սահմանազատի այս երկու հասկացությունները», – գրում է Ֆըրաթը։
Նա նշում է, որ Թրամփը խոսել է թուրքական աջակցություն խնդրելու հնարավորության մասին և հայտնել, որ սպասում է Էրդողանի դրական պատասխանին: Սակայն դեռևս չկա ո՛չ ԱՄՆ-ի կողմից հաստատված որևէ ռազմական պահանջ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից Եմենին միջամտելու որոշում: Ֆըրաթի գնահատմամբ՝ Թրամփի խոսքերը «Թուրքիան մտնում է Եմենի պատերազմի մեջ» ձևակերպմամբ մեկնաբանելը նույնքան սխալ է, որքան դրանք թերագնահատելը, քանի որ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը դրա հետևում ավելի լայն ռազմավարական հաշվարկ ունի։
Ֆըրաթը նշում է նաև, որ հայտարարությունը շատ ավելի մեծ հարցեր է առաջ բերում, երբ դիտարկվում է նոր ստեղծված «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում Թուրքիայի հնարավոր դերի, Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների, Իրանի հետ շարունակվող պատերազմի և Վաշինգտոնի տարածաշրջանային ռազմավարության համատեքստում։ Նրա կարծիքով հարցերը երկուսն են. ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է Թուրքիային ներքաշել Եմենի պատերազմի մեջ, և կարո՞ղ է արդյոք Թուրքիան, նպաստելով Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, Եմենում անմիջականորեն չկռվել և այդուհանդերձ մնալ այս նոր անվտանգության համակարգի մաս։
«Թուրք զինվորականը կգնա՞ Եմեն» հարցին պատասխանելով՝ Ֆըրաթը մեկնաբանում է.
«Սա հոդվածի ամենակարևոր կետն է: Վերջին տեղեկությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի հնարավոր ներդրումը միտված է Սաուդյան Արաբիայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը նրա իսկ տարածքում՝ վերապատրաստման, խորհրդատվության, հետախուզության, վաղ նախազգուշացման, հակաօդային պաշտպանության և տեխնիկական աջակցության ոլորտներում: Այս խնդիրների շրջանակում կարող է քննարկվել թուրք զինծառայողների ներկայությունը Սաուդյան Արաբիայում: Սակայն դա չի նշանակում հութիների դեմ կռիվ Եմենում. տարբերությունը և՛ռազմական է, և՛ քաղաքական, և՛ իրավական: Թուրքիայի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը առաջադրանքի հստակ սահմանումն է»:
Աղբյուր՝ T24.com




