Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Անկարայում հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Թարիք Միտրիի հետ։ Հանդիպման առանցքային թեման եղել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացվող հարձակումներն ու տարածաշրջանային անվտանգությունը։
Հանդիպման մասին տեղեկությունը հանրայնացվել է Յըլմազի կողմից: Վերջինս, նշելով Միտրիի հետ հանդիպելու մասին, սոցցանցում արած գրառմամբ քննադատել է Իսրայելի գործողությունները:
«Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ տարածաշրջանային համերաշխության ամրապնդումը մեծ կարևորություն ունի։ Լիբանանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության դեմ ուղղված յուրաքանչյուր հարձակում միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»։
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Լիբանանի անվտանգությանը, կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան պետական կառույցների (TİKA, AFAD) և «Թուրքական կարմիր մահիկի» միջոցով կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբանանին։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը տնտեսության, էներգետիկայի ու պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև՝ Սիրիայում կայունության հաստատմանն ուղղված համատեղ քայլերը։
Աղբյուր՝ Hürriyet









