2026-ի հունիսի 18-ին ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը դարձավ Մերձավոր Արևելքում ամիսներ ձգվող ռազմական էսկալացիայի ավարտին ուղղված առաջին քաղաքական ծանրակշիռ փաստաթուղթը։ Հուշագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև 60-օրյա բանակցային գործընթաց՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
ԱՄՆ–Իրան հակամարտության ընթացքում Թուրքիան, համաձայն իր «տարածաշրջանային միջնորդական քաղաքականության», փորձել է հանդես գալ որպես տարածաշրջանային ճգնաժամի կարգավորմանը նպաստող դերակատար։ Անկարան դեռևս հակամարտության վաղ փուլերից առաջարկում էր իր միջնորդական ծառայությունները, իսկ թուրքական դիվանագիտությունը ակտիվ կապեր էր պահպանում ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ։
Փաստական տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան չի եղել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի գլխավոր միջնորդը։ Վերջնական համաձայնության ձևավորման գործընթացում առանցքային դեր են ունեցել Պակիստանը, Կատարը և հետագայում նաև Շվեյցարիան՝ որպես բանակցությունների հարթակ։ Հուշագիրը նույնիսկ պաշտոնապես ստացել է «Իսլամաբադի հուշագիր» անվանումը, ինչը փաստում է այս հարցում Պակիստանի վճռորոշ դերակատարման մասին։
Այնուամենայնիվ, Թուրքիան քաղաքական հայտարարություններով և անդրադարձներով մինչ օրս փորձում է առանցքային դերատակարի տեղը զբաղեցնել։ Որպես այդպիսին Անկարան պարբերաբար ամենաբարձր մակարդակով խրախուսել է քաղաքական երկխոսությունը, պահպանել է բարձր մակարդակի հաղորդակցություն հակամարտող կողմերի հետ և հանդես եկել դիվանագիտական լուծման օգտին։
Թուրքիայի մասնակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն ընդհանուր քաղաքական հայտարարություններով։ Հակամարտության ընթացքում Անկարան ձեռնարկել է մի շարք կոնկրետ դիվանագիտական քայլեր։ Դեռևս ճգնաժամի սկզբնական փուլերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ–Իրան երկխոսության վերականգնմանը և անհրաժեշտության դեպքում տրամադրել միջնորդական աջակցություն։ Նույն ժամանակահատվածում թուրքական կողմը կապեր է պահպանել նաև ամերիկյան ղեկավարության և տարածաշրջանային այլ դերակատարների հետ։
Հատկանշական է, որ թուրքական դիվանագիտական աղբյուրներում և միջազգային մամուլում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի մասնակցությամբ քննարկվել են ԱՄՆ–Իրան հնարավոր շփումների կազմակերպման տարբերակներ։ Որոշ հրապարակումներում Անկարան նույնիսկ դիտարկվել է որպես հավանական բանակցային հարթակ, թեև հետագայում բանակցային գործընթացի հիմնական կենտրոնները տեղափոխվել են այլ ուղղություններ։
Բացի երկկողմ շփումներից, Թուրքիան ակտիվացրել էր նաև բազմակողմ դիվանագիտությունը։ Անկարան հակամարտության ընթացքում հարցը բարձրացրել էր տարածաշրջանային և միջազգային հարթակներում, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, որտեղ կոչ էր արել կանխել ռազմական էսկալացիան և վերադառնալ բանակցություններին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և նախագահի աշխատակազմը մի քանի անգամ հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում շեշտվել էր, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և անհրաժեշտ է հնարավորինս արագ վերադառնալ դիվանագիտական գործընթացին։
Միաժամանակ պետք է արձանագրել, որ Թուրքիայի կողմից առաջարկված միջնորդական ծառայությունները չեն վերածվել պաշտոնական միջնորդական գործընթացի։ Հայտնի չեն դեպքեր, երբ թուրք պաշտոնյաները մասնակցած լինեն ԱՄՆ–Իրան վերջնական բանակցություններին կամ ներգրավված լինեին հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրի մշակման գործընթացում։ Այդ պատճառով Թուրքիայի իրականացրած քայլերը կարելի է բնութագրել որպես դիվանագիտական աջակցություն և միջնորդական պատրաստակամության ցուցադրում, այլ ոչ թե անմիջական միջնորդություն։
Կարող ենք հստակ ընդգծել, որ այն ինչ Թուրքիան պարբերաբար արել և անում է, փաստացիորեն կարող է անել յուրաքանչյուր երկիր։ Իհարկե՝ քաղաքական մակարդակով խաղաղության օգտին և այդ բնույթն ունեցող հայտարարությունների մասին։ Հատկանշական է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնության ձեռքբերումից հետո հայտարարել էր, որ այն իրականություն է դարձել նաև Թուրքիայի ներդրմամբ, թեև թուրքական կողմը չի ներկայացրել այդ ներդրման կոնկրետ մեխանիզմները կամ արդյունքները։
Այսպիսով, Թուրքիայի ազդեցությունը պետք է գնահատել ոչ թե որպես որոշիչ կամ անմիջական միջնորդություն, այլ որպես «հեշտացնող դիվանագիտության» օրինակ։ Թուրքիան չկարողացավ դառնալ բանակցությունների հիմնական հարթակը կամ գլխավոր միջնորդը, սակայն կարողացավ պահպանել իր ներկայությունը գործընթացում և ամրապնդել այն պատկերացումը, որ Անկարան շարունակում է ձգտել՝ հանդես գալու որպես տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման կարևոր դերակատար։
Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ դիվանագիտական միջնորդի դեր Թուրքիան փորձել էր ստանձնել նաև Պաղեստինի Գազայի հատվածում հրադադարի հասնելու և հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այս դեպքում, ի տարբերություն Պակիստանի, Թուրքիայի «որոշիչ» դիվանագիտական և միջնորդական դերը ստանձնել էր ԱՄՆ-ն ՝ առաջարկելով Գազայում հրադադարի վերաբրյալ իր պլանը։
Այսպիսով, ԱՄՆ–Իրան հակամարտության և համաձայնության ընթացքը ցույց տվեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը շարունակում է մնալ տարածաշրջանային միջնորդի կարգավիճակի ստեղծումն ու ամրապնդումը։ Թեև կոնկրետ այս դեպքում Անկարան չստացավ գլխավոր միջնորդի դեր, այն ներգրավված էր բանակցային գործընթացի նախապատրաստական և ուղեկցող փուլերում։ Հետևաբար, Թուրքիայի ազդեցությունը կարելի է բնութագրել որպես անուղղակի և սահմանափակ։ Այն արտահայտվեց լոկ դիվանագիտական միջավայրի պահպանման և երկխոսության խրախուսման մակարդակում։
Այս իրադարձութունները ևս մեկ անգամ վկայում են, որ Թուրքիան շարունակում է իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ համարել միջնորդի կարգավիճակ ունենալը այս կամ այն ռեգիոնալ կոնֆլիկտում։
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան









