Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը, Ինդոնեզիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2803 բանաձևով հաստատված «Գազայի խաղաղության ճանապարհային քարտեզի» իրականացման մերժումը։
Երկրների ԱԳ նախարարները շեշտել են, որ Իսրայելի այս դիրքորոշումը և Պաղեստին պետության ստեղծման գաղափարի մերժումը ուղղակիորեն վտանգում են տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ խաղաղության այս պլանը «կենսական շրջադարձային կետ» է Գազայի վերականգնման համար, և դրա ձախողման կամ ուշացման ողջ պատասխանատվությունն այսուհետ կրում է Իսրայելը։ Երկրները կոչ են արել ԱՄՆ-ին շարունակական և ակտիվորեն ներգրավվել՝ ապահովելու Իսրայելի կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը և կանխելու հետագա խոչընդոտները:
Վերահաստատվել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկու պետությունների լուծման միջոցով՝ միջազգային իրավունքի և 1967-ի սահմանների հիման վրա՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Ըստ նախարարների՝ ցանկացած միակողմանի քայլ կամ փորձ՝ ուղղված Պաղեստին պետության ստեղծման խոչընդոտմանը, հարվածում է ողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության հույսերին:
Աղբյուր՝ TRT Haber




