Թուրքական մամուլը գրում է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ Հանրապետության (ՀԿԹՀ/KKTC) Կիրենիա քաղաքի (ՀԿԹՀ-ում այն անվանում են Գիրնե) ափերի մոտ 267 ուղևորով նավի խորտակման ողբերգությունը եվրոպական երկրների կողմից անտարբերության է արժանացել։ Եվրամիությունը (ԵՄ) որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել կամ ցավակցական ուղերձ հղել տեղի ունեցածի կապակցությամբ։
Նշվում է, որ Թուրքիայի և ՀԿԹՀ-ի համապատասխան կառույցները համակարգված կերպով շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները օդից և ջրից, իսկ փրկվածների մի մասը տեղափոխվել է հիվանդանոցներ։ Սակայն, չնայած իրավիճակի լրջությանը, ԵՄ խորհուրդը, Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը բացարձակ լռություն են պահպանում։
Դիվանագիտական շրջանակները ԵՄ-ի այս կեցվածքը որակում են որպես Կիպրոսի և Հունաստանի քաղաքականությանը պատանդ լինելու ապացույց, ինչը թույլ չի տալիս նույնիսկ մարդասիրական աղետների ժամանակ աջակցություն հայտնել Թուրքիային։ Շեշտվում է, որ այս լռությունը «ևս մեկ անգամ ջրի երես է հանում եվրոպական կառույցների երկակի ստանդարտները» որոնք սովորաբար չափազանց արագ են արձագանքում աշխարհի այլ կետերում տեղի ունեցող միջադեպերին։
Աղբյուր՝ Hyurriyet



