CNN Türk-ն վիդեոռեպորտաժով անդրադարձել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ճանապարհային քարտեզին: Նշվում է, որ դա հիասթափություն և մտահոգություն է առաջացրել Աթենքում, քանի որ վերջինս Թուրքիայի հետ լարվածության պահերին սովորաբար ապավինում էր Փարիզին։
Հունական մամուլը ֆրանս-թուրքական համաձայնագրին արձագանքել է բավականին կոշտ վերնագրերով։ Մասնավորապես, «Militaire.gr» կայքը դա որակել է որպես ծանր հարված՝ ուղղված Միցոտակիսի արտաքին քաղաքականությանը, «Pronews» կայքը տեղի ունեցածը բնութագրել է «սարսափելի զարգացում», իսկ «Pentapostagma» կայքը «Արդյո՞ք մեզ դավաճանում են» վերնագրով պնդել է, որ Ֆրանսիան թիկունքից հարվածում է Հունաստանին։
CNN Türk-ը նկատել է տալիս, որ այդ իրադարձություններին նախորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցն Աթենք, որի ընթացքում ընդլայնվել էր Ֆրանսիա-Հունաստան ռազմական համագործակցության համաձայնագիրը, ինչը հունական հասարակայնությանը ներկայացվել էր որպես Թուրքիայի դեմ Ֆրանսիայի աջակցության ապացույց։ Բայց ընդամենը մեկ ամիս անց՝ ֆրանսիական «Safran»-ի և թուրքական «Baykar»-ի միջև ստորագրվում է ռազմավարական համագործակցության պայմանագիր։
CNN Türk-ի բնորոշմամբ՝ Հունաստանը դա ընկալել է որպես ուղղակի սպառնալիք իր անվտանգությանը։ Հարցը քննարկել է անգամ խորհրդարանում և պաշտոնական պարզաբանումներ պահանջվել Փարիզից։
«Այս զարգացումները հատկապես ցավոտ են Աթենքի համար, քանի որ Արևելյան Միջերկրականում Հունաստանը Կիպրոսի միջոցով Իսրայելին կապող էլեկտրական մալուխի բաժնետոմսերի մեծ մասը փոխանցել էր ֆրանսիացիներին և Ֆրանսիայի հետ կնքել միլիարդավոր եվրոների ռազմական պայմանագրեր», – հայտնում է CNN Türk-ի թղթակիցը:
Ռեպորտաժում նշվում է նաև, որ Հունաստանը վերջին շրջանում փորձում է Թուրքիային հեռու պահել այն երկրներից, որոնց հետ ինքը ռազմական համաձայնագրեր ունի, ինչպես նաև խոչընդոտել թուրքական կողմի ռազմական գնումներին։ Անցյալ տարի Աթենքը փորձել էր արգելափակել Թուրքիայի կողմից «Eurofighter» կործանիչների ձեռքբերումը, բայց չէր հաջողել։
Այժմ Վաշինգտոնում հույն-կիպրական լոբբին ակտիվորեն աշխատում է, որպեսզի կանխի ԱՄՆ-ից կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։
Աղբյուր՝ CnnTurk




