«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով գտնվում է անազատության մեջ, Բրյուսելում կայացած քրդական կոնֆերանսին ուղղված ուղերձում Եվրոպական միությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Թուրքիայի ժողովրդայնացման և քրդական հարցի լուծման հարցում։
Ուղերձը հնչել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում այս տարի 20-րդ անգամ կազմակերպված «Եվրոպական միություն, Թուրքիա, Մերձավոր Արևելք և քրդեր» խորագրով կոնֆերանսի ընթացքում։
Կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին դիմելով՝ Օջալանը նշել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է կառուցողական դիրք որդեգրի և՛ Թուրքիայի դեմոկրատացման, և՛ քրդական հարցի լուծման հարցում։ Ըստ Օջալանի՝ տարիներ առաջ նման մոտեցում դրսևորած ԵՄ-ն այսօր պետք է գործի իր իսկ սկզբունքներին և իրավունքին համապատասխան։
Իմրալի կղզում պահվող ՔԲԿ առաջնորդը 1999 թ. փետրվարի 15-ին իրեն Իմրալի բերելը որակել է «միջազգային դավադրություն»։ Նա նաև կոչ է արել Եվրոպայում աճող ծայրահեղ աջակողմյան և ավտորիտար միտումներին դիմակայել դեմոկրատական արժեքների պաշտպանությամբ։
Թուրքիայում մեկնարկած «Խաղաղության և դեմոկրատական հասարակության» գործընթացը Օջալանը համարել է պատմական նշանակություն ունեցող՝ Մերձավոր Արևելքի խաղաղության, կայունության և դեմոկրատացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ պատերազմների և բնաջնջումների փոխարեն հասարակական խնդիրներին քաղաքական, արդար և իրավական լուծումներ գտնելու նպատակով լուրջ գործընթաց է սկսվել։ Օջալանը խոստովանել է, որ առայժմ մեծ հարցականներ կան, սակայն, ըստ նրա, լուծման համար առաջարկվում է համապարփակ մոդել։
Օջալանը կոնֆերանսի մասնակիցներին կոչ է արել աջակցել գործընթացին և տարածել այն։ Նա նաև առաջարկել է ստեղծել միջազգային համագործակցության հարթակ, որը կմիավորի տարածաշրջանի ժողովուրդների դեմոկրատական փորձը և կբացի «դեմոկրատիայի և սոցիալիզմի նոր պարադիգմայի» ճանապարհը։
Աղբյուր՝ Kurdistan24




