Թուրքիայի տնտեսությունը 2027 թ. կաճի 4.2 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ կառավարության 2027 թվականի բյուջեի նախագծի ստորագրման արարողության ժամանակ։
Յըլմազի խոսքով՝ 2025 թ. երկրի տնտեսական աճը կազմել է 3.7 տոկոս, իսկ 2026 թ. ակնկալվում է 3.3 տոկոս աճ։ 2027 թ. տնտեսական ակտիվացումը նա պայմանավորել է համաշխարհային տնտեսական իրավիճակի բարելավմամբ և արտաքին պահանջարկի վերականգնմամբ՝ հավելելով, որ մինչև 2029 թ. նախատեսվում է ցուցանիշը հասցնել 5 տոկոսի։
Թուրքիայի փոխնախագահը հայտնել է, որ բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է Ազգային մեծ ժողով ներկայացնելու համար:
Ըստ կանխատեսումների՝ 2027 թ. վերջին սպառողական գնաճը կնվազի մինչև 21 տոկոս, իսկ միջնաժամկետ նպատակը կայուն միանիշ գնաճի հասնելն է։ Տնտեսական աճին զուգահեռ նախատեսվում է զբաղվածությունն ավելացնել 657 հազարով, գործազրկությունը նվազեցնել մինչև 8 տոկոս, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը հասցնել 410 մլրդ դոլարի։
Բյուջեի նախագծով ամենամեծ բաժինը՝ 13.7 տոկոսը (3 տրիլիոն 747 մլրդ լիրա), կուղղվի կրթության ոլորտին։ Բացի այդ, 176 տոկոսով կավելանան քաղաքային վերափոխման ծախսերը՝ կազմելով 276 մլրդ լիրա, որոնց շրջանակում նախատեսվում է ընդլայնել ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար սոցիալական բնակարանաշինության ծրագրերը:
Աղբյուր՝ T24




