Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական նստավայրում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ սա Մարկ Քարնիի Թուրքիա կատարված առաջին այցն է։
Էրդողանը նշել է , որ որոշվել է երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի՝ ընդունելով էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցության գործողությունների ծրագիր: Կողմերը նաև պայմանավորվել են մինչև տարեվերջ սկսել Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ նպատակ ունենալով ապրանքաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի և կրկնապատկել ուղիղ չվերթերի քանակը:
Կանադայի վարչապետ Քարնին Թուրքիան անվանել է բացառիկ և վստահելի գործընկեր: Նա հավելել է, որ Թուրքիայի և Կանադայի արտգործնախարարները ամենամյա կանոնավոր հանդիպումներ կանցկացնեն սահմանված նպատակների իրագործումը վերահսկելու համար, ինչը կապահովի համագործակցության կայուն ընթացքը:
Ելույթի ավարտին Կանադայի վարչապետը գովասանքով է խոսել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին՝ խոսքը եզրափակելով նրա հայտնի. «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» (Yurtta sulh, cihanda sulh) խոսքերով:
Քարնին այցելել է նաև Անըթքաբիր (Աթաթուրքի դամբարան) և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:
Հանդիպման ավարտին կողմերն ազդարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկն ու ստորագրել 3 փաստաթուղթ՝ «Պաշտպանական ոլորտի գործընկերության փոխըմբռնման հուշագիր», «Օդային փոխադրումների մասին համաձայնագիր» և «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համատեղ հայտարարություն»։
Աղբյուր՝ DW, Cumhuriyet
Թուրքիայի տնտեսական խոցելիությունը. «Made in Europe»
Թուրքիայի համար խնդիրը հատկապես զգայուն է ավտոմոբիլային արդյունաբերության պատճառով։




