Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է էներգետիկայի ոլորտում ներդնել 180 մլրդ դոլար։ Այս մասին Դոհայում կայացած Համաշխարհային ներդրումային ֆորումում հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն։
Նրա խոսքով՝ ներդրումների նպատակն էներգետիկ անվտանգության ամրապնդումն ու արդյունաբերության մրցունակության բարձրացումն է։
Թուզջուի տվյալներով՝ Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 63 %-ը բաժին է ընկնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Ներդրումները կուղղվեն արևային վահանակների, հողմային էներգետիկ համակարգերի և վերականգնվող էներգիայի այլ տեխնոլոգիաների զարգացմանը։
Փոխնախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարման աղբյուրները, ֆինանսավորման միջոցներն ու արդյունաբերական գործընկերությունները։
Թուզջուն նաև շեշտել է, որ էներգակիրների համաշխարհային գների աճը և միջազգային առևտրում անորոշությունների խորացումը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում զարգացող տնտեսությունների համար՝ սահմանափակելով արդյունաբերության մրցունակությունը պահպանելու և նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։
Աղբյուր՝ Foreks.com




