Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջերս ծագած հրապարակային վեճը ցույց տվեց, որ երկու երկրների ռազմավարական դաշնակցությունը զերծ չէ քաղաքական ու գաղափարական հակասություններից։ Լարվածության անմիջական առիթը դարձավ Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների շուրջ ծագած վեճը։
Բայց իրականում տարաձայնություններն ավելի լայն համատեքստ ունեին՝ կապված նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների և Անկարայի արտաքին քաղաքական դիրքորոշումների հետ։ Թուրք պաշտոնյաների քննադատությունը Բաքվում ընկալվեց որպես միջամտություն երկրի ներքին գործերին, իսկ հետագա զարգացումները հարցեր առաջացրին երկու դաշնակիցների փոխադարձ զիջումների չափերի վերաբերյալ։
Հակասության սրման ընթացքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) ներկայացուցիչներն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը քննադատեցին Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի սահմանափակումները՝ դրանք դիտարկելով կրոնական ազատությունների տեսանկյունից։ Բաքուն հակադարձեց՝ ընդգծելով երկրի ինքնիշխանությունն ու ներքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու իրավունքը։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը թուրք պաշտոնյաների հայտարարությունները որակեց որպես ներքին գործերին միջամտություն։ Հետագա իրադարձությունները՝ Թուրքիայի 31 քաղաքացու նկատմամբ մուտքի արգելքի սահմանումից մինչև Սարալի՝ պաշտոնից հեռանալը, վեճը տեղափոխեցին ավելի լայն քաղաքական դաշտ՝ բացահայտելով, որ կրոնական ու մշակութային ընդհանրությունները միշտ չէ, որ գերակայում են ռազմավարական շահերին։
Լարվածության խորացմանը նպաստել էին նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած իրադարձությունները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ թուրք դիվանագետները լքել էին նիստերի դահլիճը, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր տեղում։ Այս դրվագը Թուրքիայում քննարկվեց Բաքվի՝ Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում։ Նույն հանդիպումների ընթացքում Էրդողանը քննադատեց նաև դպրոցներում աշակերտուհիների գլխաշոր կրելու սահմանափակումները։ Թեև նա Ադրբեջանին անունով չէր հիշատակել, հայտարարությունը մեկնաբանվեց որպես անուղղակի քննադատություն Բաքվի հասցեին՝ ավելի սրելով երկու երկրների միջև արդեն առկա տարաձայնությունները։
Էրդողանի գլխավորած քաղաքական դաշինքի առանցքային գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ – MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հոկտեմբերի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ շեշտելով թուրքական պետությունների ինքնիշխանության, ներքին օրենսդրության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների կարևորությունը։ Նրա հայտարարությունը կարելի էր դիտարկել որպես լարվածությունը մեղմելու և երկու երկրների միջև հրապարակային հակասությունները զսպելու փորձ։ Սակայն Անկարայի հետագա քայլերը ցույց տվեցին, որ հարաբերությունները կարգավորելու համար այն չսահմանափակվեց միայն քաղաքական հայտարարություններով։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու անցանկալի անձ հայտարարեց՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Նրանց թվում էին նաև Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ երկու ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան և Ադրբեջանը, ուժ ստանալով եղբայրական հարաբերություններից, համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի։ Նա նաև Ալիևին հրավիրեց հոկտեմբերի 29-30-ին Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հեռախոսազրույցը ողջունեցին, բայց միաժամանակ այն գնահատեցին որպես ուշացած քայլ՝ ընդգծելով ճգնաժամային իրավիճակներում ավելի արագ և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Թեև պաշտոնական հաղորդագրությունում չհստակեցվեց՝ արդյոք երկու նախագահները քննարկել են Թուրքիայի 31 քաղաքացիների մուտքի արգելքի հարցը, հեռախոսազրույցի ժամանակագրությունը կարևոր է ընդհանուր քաղաքական համատեքստը հասկանալու համար։
Հեռախոսազրույցից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի պաշտոնանկությունը։ Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նրա հեռացումը պահանջել էր Ալիևի աշխատակազմը։ Սարալն ինքը հաստատել է, որ պաշտոնը կորցրել է Ադրբեջանին վերաբերող իր հայտարարությունների պատճառով։ Թեև պաշտոնանկության բոլոր հանգամանքները պաշտոնապես չեն բացահայտվել, իրադարձությունների հաջորդականությունը հիմք է տալիս այն դիտարկել որպես Բաքվին ուղղված հաշտեցնող քաղաքական ժեստ՝ երկու երկրների ղեկավարների հոկտեմբերի 30-ի հանդիպումից առաջ։
Այս զարգացումների համատեքստում առանցքային հարց է առաջանում․ եթե Անկարան, ընդառաջ գնալով Բաքվի դժգոհությանը, հեռացնում է նախագահի գլխավոր խորհրդականին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն իր հերթին չի վերացնում Թուրքիայի 31 քաղաքացու նկատմամբ սահմանած մուտքի արգելքը։ Սա առնվազն հարց է առաջացնում երկու դաշնակիցների հարաբերություններում զիջումների փոխադարձության վերաբերյալ։ Եթե Անկարան պատրաստ է իր քայլերը հարմարեցնել Բաքվի զգայունություններին, ապա ի՞նչ է ակնկալում դրա դիմաց։
Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի համար Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը գերակա նշանակություն ունի։ Թեև գլխաշորի հարցում Անկարայի իշխող ուժի դիրքորոշումը կապված է նաև կրոնական ազատությունների վերաբերյալ նրա քաղաքական մոտեցումների հետ, այդ հանգամանքը չի հանգեցրել Բաքվի նկատմամբ ճնշումը շարունակելու պատրաստակամության։ Ընդհակառակը՝ Անկարան կարծես նախընտրում է մեղմել հակասությունները՝ ընդառաջ գնալով ադրբեջանական կողմի դժգոհությանը։
Հարց է առաջանում․ կարո՞ղ է այս լարվածությունն ազդել Հայաստանի հանդեպ վարվող Անկարայի քաղաքականության վրա։ Եթե Անկարան Ադրբեջանի հետ հարաբերություններում փորձում է հաշվի առնել Բաքվի զգայունությունները, ապա որքանո՞վ կարող է ադրբեջանական կողմն ազդել Հայաստանի ուղղությամբ Թուրքիայի հետագա քայլերի վրա։
Տեսականորեն հնարավոր է, որ Անկարան փորձի Հայաստանի հետ հարաբերություններում որևէ դրական քայլով ցույց տալ իր արտաքին քաղաքականության «ինքնուրույնությունը» կամ տարածաշրջանային գործընթացներում կառուցողական դեր ունենալու «պատրաստակամությունը»։ Սակայն այս պահին հիմքեր չկան պնդելու, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստեղծված լարվածության կարգավորումը կապված է Հայաստանի ուղղությամբ որևէ կոնկրետ քայլի հետ։ Նույնքան կարևոր է տարբերակել իրական քաղաքական առաջընթացը դրա մասին հայտարարություններից կամ դրական քայլի տպավորություն ստեղծելու փորձերից։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական դաշինքի պայմաններում։ Հետևաբար Բաքվի դիրքորոշումը շարունակում է մնալ այն գործոններից մեկը, որը պետք է հաշվի առնել Թուրքիայի հնարավոր քայլերը գնահատելիս։ Հարցն այն է՝ արդյո՞ք Անկարան կկարողանա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որոշումներ ընդունել սեփական շահերի հիման վրա, թե՞ այդ գործընթացը շարունակելու է կախված մնալ նաև Բաքվի հետ հարաբերությունների ընթացքից։
Հոկտեմբերի 29-30-ին՝ Անկարայում նախատեսված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի և Ալիևի հնարավոր հանդիպումը կարող է որոշակի պատկերացում տալ երկու երկրների միջև լարվածության հետագա ընթացքի մասին։
Այնուամենայնիվ արդեն նկատելի է, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի գործնական սահմանները որոշվում են ոչ միայն կրոնական ու մշակութային ընդհանրություններով, այլև քաղաքական ու ռազմավարական շահերով։ Երբ այդ շահերը բախվում են, Անկարան, կարծես, առաջնահերթությունը տալիս է Բաքվի հետ դաշինքի պահպանմանը՝ նույնիսկ սեփական իշխանական շրջանակի ներկայացուցչին պաշտոնանկ անելու գնով։
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան
Աղբյուր՝ Ermenihaber.am





