ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության օրվա՝ հոկտեմբերի 29-ի կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ թուրք ժողովրդին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձի առթիվ։ Մինչ մեր երկրները պատրաստվում են հաջորդ տարի նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գործընկերությունը շարունակում է մեծ նշանակություն ունենալ»,- նշել է Ռուբիոն։
Ռուբիոն ընդգծել է, որ երկու երկրները շարունակում են համագործակցել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության, անվտանգության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ և վստահելի դաշնակիցն է։
«Այս տարի Թուրքիան Անկարայում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր նվիրվածությունը դաշինքին։ Բացի այդ, շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային այս տարի հակամարտությունների գոտիներից ԱՄՆ քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Այդ աջակցությունը մեր հարաբերությունների հիմքում ընկած փոխադարձ վստահության և հուսալիության կոնկրետ դրսևորումն է։ Մենք վճռական ենք ընդլայնելու ռազմական համագործակցությունը և առավել ամրապնդելու մեր կապերն անվտանգության ոլորտում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն նաև հայտնել է, որ Թուրքիայի՝ «Արտեմիս» համաձայնագրերը ստորագրելուց հետո երկու երկրների գործընկերությունը տարածվել է նաև տիեզերական ոլորտի վրա։ Նա նաև ընդգծել է, որ «Թուրքական ավիաուղիների»՝ շուրջ 50 մլրդ դոլար արժողությամբ «Boeing» ինքնաթիռներ գնելու վերաբերյալ համաձայնությունը ևս ամրապնդել է տնտեսական հարաբերությունները։
Նրա խոսքով՝ այդ գործարքը կնպաստի երկու երկրներում աշխատատեղերի ստեղծմանն ու բարեկեցության բարձրացմանը։
«Թուրքիայի Հանրապետության հիմնադրման այս կարևոր տարեդարձի առթիվ ԱՄՆ-ը նպատակ ունի զարգացնել այս տարի արձանագրված ձեռքբերումները և առաջիկա տարիներին առավել ամրապնդել մեր դաշինքը»,- եզրափակել է Ռուբիոն։
Աղբյուր՝ Habertürk




