Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ 2026 թ. հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանվել է առնվազն 20 կին, ևս 45-ը ենթարկվել են բռնության։ Սեռական բռնության է ենթարկվել նաև 9 երեխա։ Այս մասին հայտնում է թուրքական Bianet կայքը՝ հիմնվելով տեղական և ազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա։
Սպանությունների մեծ մասի հեղինակները եղել են կանանց ամուսինները, զուգընկերները կամ նախկին զուգընկերները։ Հոկտեմբերին սպանված կանանցից 10-ը սպանվել են իրենց տներում, մյուս 10-ը՝ տնից դուրս։ 14 կնոջ սպանել են հրազենով։ 10 կնոջ սպանության պատճառը եղել է բաժանվելու կամ հաշտվելու մերժումը, իսկ 1 կին սպանվել է տղամարդու զուգընկերը դառնալու առաջարկը մերժելու պատճառով։
Կանանց նկատմամբ բռնության դեպքերի մի մասը կապված է եղել նաև նրանց անձնական որոշումների նկատմամբ տղամարդկանց վերահսկողության և այդ որոշումներն ընդունելու իրավունքը չհարգելու հետ։
Միաժամանակ, հոկտեմբերին առնվազն 32 կնոջ և 9 երեխայի մահ լրատվամիջոցներում ներկայացվել է որպես կասկածելի։
Ըստ Bianet-ի տվյալների՝ 2026 թ. առաջին 10 ամիսներին Թուրքիայում տղամարդիկ սպանել են 242 կնոջ։ Նույն ժամանակահատվածում 404 կնոջ մահ ներկայացվել է որպես կասկածելի, իսկ առնվազն 17 երեխա սպանվել է տղամարդկանց կողմից։
Կանանց նկատմամբ բռնության դեպքերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ վիճակագրությունն ընդգրկում է միայն մամուլում հրապարակված տեղեկությունները։
Աղբյուր՝ Bianet




