Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հարավային Կորեայից Թուրքիա վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկն Էրդողանին հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում հարաբերություններն Ադրբեջանի հետ և արյդոք ճգնաժամ կա հարաբերություններում։
Էրդողանն ասել է, որ եթե որևէ արտակարգ իրավիճակ չստեղծվի, ապա ինքը նոյեմբերի 8-ին կմեկնի Բաքու։
«Ադրբեջանի նախագահ, հարգարժան Իլհամ Ալիևի հետ ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել։ Երկու երկրների միջև շարունակվում են հեռախոսային դիվանագիտական շփումները, այդ թվում՝ նախագահների և տիկնանց մակարդակով։ Նրանք նույնպես մեծ կարևորություն են տալիս նոյեմբերի 8-ին նշվող Հաղթանակի օրվան»։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելին են, քան դասական դիվանագիտական շփումները։
«Երկու երկրների անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, ապագայի արդյունքն է։ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրության առջև, Աստծո կամոք, չկա որևէ խոչընդոտ, որը մենք ի վիճակի չլինենք հաղթահարելու»,- հայտնել է Թուրքիայի նախագահը։
Աղբյուր՝ Yeni Şafak




