Թուրքիայում ներդրումներ կատարող օտարերկրացիները հնարավորություն կունենան ստանալ 3 կամ 5 տարվա կացության իրավունք։ Նոր կարգավորումը նախատեսում է 150 000 դոլարի ներդրման դիմաց 3 տարվա, իսկ 200 000 դոլարի ներդրման դիմաց՝ 5 տարվա կացության թույլտվություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած համապատասխան որոշումը նոյեմբերի 18-ին հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում՝ այդպիսով ուժի մեջ մտնելով։
Նոր կարգավորումը վերաբերում է Թուրքիայում չաշխատող, սակայն սահմանված ներդրումային պայմանները բավարարող օտարերկրացիներին։ Ներդրումները կարող են կատարվել բանկային ավանդների, պետական պարտատոմսերի, անշարժ գույքի և վենչուրային ներդրումային ֆոնդերի, ինչպես նաև որոշակի կենսաթոշակային ծրագրերի միջոցով։
Որոշմամբ սահմանվում է նաև, որ ներդրումը պետք է պահպանվի կացության թույլտվության ժամկետի առնվազն կեսի ընթացքում։ Նոր կարգի կիրառման և դիմումների ընթացակարգերը կսահմանի Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կարգավորումը վերաբերում է միայն կացության իրավունքին և չի նախատեսում Թուրքիայի քաղաքացիության տրամադրում։
Աղբյուր՝ Gün Haber



