Սիրիան ցանկանում է վերաբացել Թուրքիայի հետ Քամիշլի-Նուսայբին սահմանային անցակետը՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու նպատակով։ Այս մասին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպուման ընթացքում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան Շեյբանին։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության համագործակցությունը, առևտուրը և Սիրիայի վերակառուցումը։ Շեյբանիի խոսքով՝ անցակետի վերաբացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ կողմերը պայմանավորվել են զարգացնել նաև ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։
Նրա տվյալներով՝ 2025 թ. Թուրքիայի և Սիրիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 3.78 մլրդ դոլար՝ աճելով ավելի քան 40%-ով։ Երկու երկրների նպատակն այդ ցուցանիշը 10 մլրդ դոլարի հասցնելն է։
Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Ֆիդանն անդրադարձել է նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված Մեքքայի պաշտպանական դաշինքին։ Նրա խոսքով՝ դաշինքի ինստիտուցիոնալացման գործընթացի ավարտից հետո դրան կարող են միանալ նաև տարածաշրջանում խաղաղություն ցանկացող և միջազգային իրավունքը հարգող այլ երկրներ։
Ֆիդանը շեշտել է, որ Մերձավոր Արևելքի պետությունները պետք է իրենք ստանձնեն տարածաշրջանային անվտանգության ապահովման պատասխանատվությունը՝ առանց արտաքին ուժերի միջամտության։
Նա նաև հայտնել է, որ հաջորդ ամիս նախատեսվում է R4+E4 ձևաչափով հանդիպում։ R4 մեխանիզմում ընդգրկված են Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։ Քննարկումների առանցքում լինելու են Գազայի իրավիճակը, Իսրայելի քաղաքականությունը և Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումները։
Ֆիդանը դատապարտել է նաև Իսրայելի հարձակումները Սիրիայի հարավում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդաբնակ Ռոժավայի՝ Սիրիայի կենտրոնական իշխանություններին ինտեգրվելու գործընթացը։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան այդ հարցում շարունակում է համագործակցել Դամասկոսի հետ։
Շեյբանին իր հերթին ընդգծել է, որ Սիրիայի կայունությունը կարևոր է ողջ Մերձավոր Արևելքի համար, իսկ Թուրքիան այդ գործընթացի առանցքային գործընկերներից է։
Աղբյուր՝ Rudaw, Haberaero



