Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության փոխնախագահ և «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հետ հարաբերությունների գծով պատասխանատու Քուրշադ Զորլուն մասնակցել է Իգդիրում Կովկասի վերաբերյալ ընթացող միջազգային կոնգրեսին։
Զորլուն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մեծ նշանակություն ունի տարածաշրջանային առևտրի, տրանսպորտի և տնտեսական համագործակցության առումով և առաջարկել է, որ երկրորդ Միջազգային Կովկասյան կոնգրեսը անցկացվի Նախիջևանում։ Ըստ նրա՝ «Միջին միջանցքի», «Զարգացման ճանապարհի» և Կարս-Իգդիր-Դիլուջու-Նախիջևան երկաթուղու կառուցումը զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի առևտրային կարողությունները։
Ուշադրություն հրավիրելով Կովկասում երկարատև խաղաղության կարևորության վրա՝ ԱԶԿ փոխնախագահը նշել է, որ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, ձգտում է ապահովել խաղաղություն և անդորր տարածաշրջանում։
«Երբ 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Դիլուջու և Նախիջևան գիծն ավարտվի, և մեր Իգդիրը միանա Զանգեզուրի միջանցքին, այսօրվա այս հավաքը, այս տեղեկատվությունն ու այս հայտարարությունները, որոնք մենք կգրանցենք պատմության մեջ, մեծ նշանակություն կստանան»,- նշել է նա։
Աղբյուր՝ Yeşil İğdir





