Իլոն Մասկին պատկանող «X» սոցիալական ցանցը կրկին հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրառման տակ ավելացված «համայնքային նշումը» (հարթակի գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են լրացուցիչ տեղեկություններ կցել հրապարակումներին), որը հեռացվել էր թուրքական դատարանի որոշմամբ։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, երբ Էրդողանը, դիմելով իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներին, հայտարարել էր, որ արդեն 24 տարի իրենք թուրքական քաղաքականության «գլխավոր ըմբիշն» են։
Գրառման տակ X-ի օգտատերերն ավելացրել էին նշում, որում ասվում էր, թե Էրդողանի՝ «ըմբշամարտի ասպարեզի» մասին ձևակերպումը քաղաքական բնույթ ունի և չի արտացոլում երկրում տիրող իրականությունը։
Անկարայի 1-ին խաղաղության քրեական դատարանի որոշմամբ նշումն արգելափակվել էր, ինչից հետո X-ի թուրքական ներկայացուցչությունը հեռացրել էր այն։ Սակայն 24 ժամ անց օգտատերերի քվեարկությամբ նույն նշումը կրկին հայտնվել է նախագահի գրառման տակ։
Աղբյուր՝ www.odatv.com




